Եթե «ախրանիկը» ուղեղ ունենա, նրա հարվածների թիրախը մարդու ուղեղը չի լինի
Ընդդիմադիր մամուլը վերջին օրերին հաճախ է գրում, թե առանց օլիգարխների հանձնարարության որևէ «ախրանիկ» ռիսկ չի անի հարձակվել որևէ քաղաքացու վրա։ Սա բացառիկ թյուրիմացություն է, որից Հայաստանը օրենքի երկիր տեսնելու հոտ է գալիս։ Եթե «ախրանիկը» սպասում է հրահանգի, ուրեմն նա լավի ու վատի գիտակցում ունի՝ ինչն է լավ, ինչն է վատ։ Նշանակում է, ինքնուրույն չի կարող հարձակվել մարդու վրա, քանի որ գիտի, որ ինքնագլուխ դա անելը վատ բան է։
Եթե «ախրանիկը» հրահանգի կարիք ունի, ուրեմն ուղեղի ինչ-որ ծայրով մտածում է, որ պատասխանատու է առանց հրահանգի հարձակվելու համար։ Եթե «ախրանիկը» սպասեր հրահանգի, նրա հարվածների թիրախը մարդու գլուխը չէր լինի, որտեղ ուղեղն է։ Նույնիսկ ԱԱԾ-ում և ոստիկանության քննչական սենյակներում հասկանում են, որ պետք է խփեն մարդու մարմնի այնպիսի մասերին, որոնք մահվան չեն հանգեցնի, կամ հարվածների հետքերը հագուստի վրայից տեսանելի չեն լինի։ Ընթերցողը կարող է մտածել, թե «ախրանիկն» ինչպե՞ս կարող է ինքնուրույն որոշում կայացնել, որտեղի՞ց նրան ուղեղ։
Կարելի էր համաձայնել այս տեսակետի հետ, եթե մենք խոսեինք թիկնապահական դպրոց անցած մարդկանց մասին, որոնք հատուկ կրթություն են ստանում, և նույնիսկ գեղարվեստական գրքեր կարդալը պարտադիր է նրանց համար։ Հայ «ախրանիկի» ինքնուրույն որոշումը միայն բռնությանն է վերաբերում։ Այո, նա ինքնուրույն որոշումներ չի կարող կայացնել, բայց կենդանին, ասենք, կոկորդիլոսը նույնպես ինքնուրույն որոշումներ չի կայացնում իրենից թույլ զոհի վրա հարձակվելիս, բնազդն է նրան ուղղում զոհի վրա։ Նա հաշտ է բնության հետ, որն իրեն տրամադրել է ծավալներ «գլխից մեծ գործեր չբռնելու» համար, ասենք, ցամաքում չհարձակվել փղի կամ առյուծի վրա։ Հետևաբար, պարտադիր չէ, որ Ռուբեն Հայրապետյանը ուղղորդեր իր թիկնապահներին։ Թիկնապահներն էլ բնազդով զգում են, որ Հայրապետյանը ծեծվելու ենթակա չէ, որովհետև տեր է, տիրություն անող է։ Այդպես շունն է «հասկանում», թե ում վրա հաչա, ում վրա չհաչա։
Մամուլը գրել էր, որ Ռուբեն Հայրապետյանն իր մեքենայի միջից թքել է իրենից փող խնդրող փահլևանի վրա։ Ո՞վ կարող է ասել, որ դրա համար ԱԺ ՀՀԿ խմբակցության ինտելեկտուալ անդամը զանգահարել է Սերժ Սարգսյանին։ Ավանցիները պատմում են, որ պարոն Հայրապետյանն անձամբ է «շանսատակ» արել ամիսներ առաջ «Հարսնաքարի» մոտ հաշիվներ պարզող մի քանի ջահելների։ Ո՞ւմ կարիքն ուներ զանգահարելու Ռուբեն Հայրապետյանը։ Անձամբ իմ կարծիքով՝ ոչ մեկի։ Ո՞վ կարող է ասել՝ 300 մարդ ծեծելու համար պարտադի՞ր է օրենքի իմացությունը։ Ըստ իս՝ ոչ։ Մարդը պետք է ինքնուրույն հասկանա՝ երբ ինքը ծեծում է ուրիշին, կուզի՞, որ ուրիշն էլ իրեն ծեծի։ Սա մտքի առկայություն պահանջող հարցադրում է։ Սա ուրիշի ցավի զգացումն իր վրա վերցնել կարողացող մարդու հարցադրում է։ Ունեցե՞լ են այսպիսի հարցադրումներ «ախրանիկները»։ Չեն ունեցել։ Եվ տրամաբանական է, որ չեն ունեցել։ Եթե ունենային, «ախրանիկ» չէին լինի։
Սողոմոն Փափազյան
Թեմա
Մհեր Արշակյան










