Եթե հասարակությունն իրեն օրենքից վեր դասի

Վահե Ավետյանի սպանությունը ոչ միայն հարված էր ՀՀ քաղաքացիներին, այլև անարգանք հայկական բանակի նկատմամբ: Սպասվում էր, որ հայոց բանակի ղեկավարությունը կոշտ կարձագանքի սպայի սպանությանը: Սակայն այս առումով որևէ առանձահատկություն չդրսևորեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Օլիգարխներին ուղղված թերևս միակ արձագանքը արեց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Վահե Ավետյանի թաղման արարողության ժամանակ նա լրագորղներին ասել է. «Վերջին անգամ եմ զգուշացնում՝ բանակին մատով չկպնե՛ք։ Ովքեր «ախրաննիկներ», զինված մարդիկ ունեն, թող լավ պահեն իրենց: Անպատժելիությունը պետք է վերանա»:
Երբ իշխանությունը հայտնվում է բարդ իրավիճակում, սկսում է աղաղակելով խոսել օրենքի և օրինականության մասին: Նույնը նկատվում է Վահե Ավետյանի սպանության պարագայում: Սեյրան Օհանյանը, լինելով ռեժիմի սյուներից մեկը, բնականաբար չէր կարող խստությամբ դատապարտել այն մարդու թիկնապահների արարքը, որի ջանքերի շնորհիվ ՀՀԿ-ն մեծամասնություն ստացավ խորհրադարանում:
Երեկ Սեյրան Օհանյանը ասել է. «Ես հեռախոսազրույց եմ ունեցել [Ռուբեն Հայրապետյանի հետ], և մենք երկուսս էլ փոխադարձաբար դատապարտել ենք այդ երևույթը: Ես գտնում եմ, որ այստեղ մենք չպետք է ավելորդ հրապարակային միջոցառումներ կազմակերպենք: Մենք պետք է մեր խոսքը փոխանցենք իրավապահ մարմիններին, որոնք օրինական ընթացք պետք է տան: Ես կարծում եմ, որ օրինախախտմանը չպետք է այլ օրինախախտմամբ պատասխան տանք»:
Սրանով Սեյրան Օհանյանը նախ փորձում է Ռուբեն Հայրապետյանի համար կերտել օրինապաշտ քաղաքացու կերպար, այն դեպքում, երբ անձամբ Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ անգամներ հրապարակայաին հայտարարություններով քաջալերել է բռնությունը:
Բացի այդ, Օհանյանը ավելորդ է համարում հրապարակային բողոքի ակցիաները, այնինչ դրանք խոսում են հասարակության առողջ լինելու մասին: Հենց այդ հրապարակային միջոցառումներով են քաղաքացիները սատար կանգնում հայոց բանակին, այլ ոչ թե սպայի գանգ ջարդում: Բացի այդ, չի բացառվում, որ եթե չլիներ հրապարակային զայրույթի հուժկու ալիքը, սպային սպանողները ոչ թե կալանավորված լինեին, այլ հերթական սպանություններին պատրաստվելիս:
Բնականաբար ոչ ոք չի խոսում վենդետայի և «Հարսնաքարը» ռմբակոծելու մասին: Սակայն, եթե պաշտպանության նախարարը խոսում է մեղավորներին պատժելու օրինական ընթացքի մասին, ապա պետք է հաշվի առնի, որ իշխանությունների կառավարման ներքո գրեթե ոչ ոք չի հավատում, որ այս երկրում բարձրաստիճան իշխանավորների և օլիգարխների խնդիրները լուծվում են օրենքով և արդար դատարանով: Հետևաբար օրենքից և օրինականությունից խոսելուց առաջ, իրականում նախ պետք է ցույց տալ, որ ողջ իշխանական էլիտան գործում է օրինականության սահմաններում: Ի վերջո, հենց այդ նույն օերնքներն ու Սահամանադրությունն են շատ դեպքերում օլիգարխներին և իշխանություններին պաշտպանում ժողովրդի ինքնադատաստանից:
Իսկ եթե մի օր քաղաքացիները, հետևելով շատ իշխանավորների օրինակին, իրենց վեր դասեն օրենքից և որոշեն նրանց հետ ունեցած խնդիրները լուծել իրենց իսկ խաղի կանոններո՞վ:
Civilnet










