ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հնարավոր է՝ կրկին փորձեն

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ամռանը և աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏՒՄ) ընտրությունների ընթացքում հնարավոր է, որ Կոնգրեսը սատարի ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի, ներառյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուներին: Սա ուշագրավ հայտարարություն է սպասվող կարևոր քաղաքական զարգացումների ֆոնին:
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո բավական ինտենսիվ կանխատեսումներ էին արվում, որ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցությունը կավարտվի ընտրությունների վերահսկման միասնական շատբի աշխատանքների ավարտից հետո: Սակայն իրադարձությունների զարգացումը հուշում է, որ այս ուժերի համագործակցությունը կարող է շարունակվել և անգամ խորանալ: Թեև ՏԻՄ ընտրություններն իրենց կարևորությամբ զիջում են նախագահական և խորհրդարանական ընտրություններին, սակայն սկզբունքային առումով դրանք կարող են մեծ ազդեցություն ունենալ օրինակ 2013թ. նախագահական ընտրությունների արդյունքների վրա:
Ընտրական գործընթացները Հայաստանում շատ հեռու են միջազգային չափանիշներից, և վճռորոշ նշանակություն ունի ընտրակեղծիքների մեքենան, իսկ այդ մեքենան հիմնականում սնուցում և աշխատեցնում են ՏԻՄ ղեկավարները: Հետևաբար, եթե ՏՒՄ հարթությունում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն համատեղ գործեն, կարող են նվազ արդյունավետ դարձնել ընտրակեղծիքների մեքենայի գործունեությունը:
ՏԻՄ ընտրությունները հնարավորություն են մարզերում ՀՀԿ մենիշխանության չեզոքացման և մրցակցային միջավայր ձևավորելու համար: Մինչև աշուն ընկած ժամանակահատվածում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները ընդգրկելու են գրեթե ամբողջ հանրապետության տարածքը, իսկ այս պայմաններում իշխանությունը հնարավորություն չի ունենալու իր կրիմինալ, վարչական և ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնել մեկ առանձին վերցրած տարածքում: Այս պարագայում իշխանության թեկնածուների հաղթելու հավանականությունը էականորեն կնվազի: Բացի այդ, որոշ մարզերի քաղաքական առանձնահատկությունները կոալիցիայից դուրս գտնվող ուժերին հնարավորություն են տալու լուրջ հաջողությունների հասնել: Մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները ցույց տվեցին, որ օրինակ՝ Շիրակի և Կոտայքի մարզերում ՀՀԿ-ին մեղմ ասած չեն ընդունում: Եթե Կոտայքի և Շիրակի բնակչության քաղաքական նախասիրությունները այդքան էլ ակնհայտ չերևացին ընտրությունների ընդհանուր արդյունքների մեջ, ապա ՏԻՄ ընտրությունների պարագայում ՀՀԿ-ի սպասվող նահանջը գոնե այդ մարզերում ակնհայտ է լինելու:
Civilnet










