Գլխավոր Լրահոս

Վահեին հուղարկավորել են վիրավորելով

Հայաստանի Հանրապետությունում հայ մարդու ձեռքով սպանվածի հուղարկավորությանը չէր կարելի հնչեցնել երկրի հիմնը։ Հիմնի մեջ կան այսպիսի տողեր. «Մեր հայրենիք ազատ, անկախ, յուր թշնամեաց ոտնակոխ…»։ Եթե այդ թշնամին ներքին է, դուք ծաղրում եք Վահեի մահը՝ նրան անհանգստացնելով իր հետ պատահածով, որն արդեն ապրողների, այս դեպքում նվագողների խնդիրն է։

Եթե թշնամին արտաքին է, դուք կրկնակի եք ծաղրում Վահե Ավետյանին, քանի որ նրան ադրբեջանցի կամ թուրք չի սպանել։

Հանգուցյալի ինչի՞ն է պետք մի թշնամին, որը չի կրակել իր վրա։ Եթե թշնամին ներքին է, հիմնը պետք է նվագել «Հարսնաքար»-ի կամ Ռուբեն Հայրապետյանի անձնական դղյակի պատերի տակ։ Եթե զոհն ընկել է հայի ձեռքով, հիմնը պետք է հնչեցնել ԱԺ-ում, որտեղ նստում է Ռուբեն Հայրապետյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայում, որը ղեկավարում է այդ մարդը։ Հիմնը պատմում է միասնականության մասին, որում Վահե Ավետյանը և Ռուբեն Հայրապետյանը պիտի ձեռք ձեռքի բռնած լինեին։

Եթե հիմնը արտաքին թշնամու մասին է, ինչո՞վ չի կարող վերաբերել Ռուբեն Հայրապետյանին, այսինքն՝ ինչո՞վ զոհ չէ օլիգարխը։ Եվ եթե նա մեր արտաքին թշնամին է, ի՞նչ է անում ԱԺ-ում, ինչո՞ւ է ղեկավարում ֆուտբոլի ֆեդերացիան և ինչու է երկրի ղեկավարի մտերիմը։ Եթե հիմնը ներքին թշնամու մասին է, ինչո՞ւ է այն դարձել Հայաստանի Հանրապետության հիմնը։ Եվ եթե այն ներքին թշնամու մասին է, ուրեմն բանակն էլ է ներքին թշնամու համար, ուրեմն տրամաբանական է, որ «Հարսնաքար»-ում պիտի սպանվեր կա՛մ Ռուբեն Հայրապետյանը, կա՛մ Վահե Ավետյանը։ Եվ եթե հիմնը ներքին թշնամու մասին է, ուրեմն «Հարսնաքար»-ը Ռուբեն Հայրապետյանի պաշտպանական ամրոցն է՝ ընդդեմ Վահե Ավետյանի և նրա նման բժիշկների, որոնք ներքին թշնամուն դեմքով չգիտեն, հարկ եղած դեպքում արտաքին թշնամուն էլ դեմքով չեն իմանա և կբուժեն նրան, որտեղից էլ որ հարվածը գա։

Հետևաբար՝ կա՛մ ճշտեք Հայաստանի Հանրապետության հիմնի «առաքելությունը», կա՛մ այն մի նվագեք հայի ձեռքով սպանված հայորդու գերեզմանին, կա՛մ էլ այն մի հնչեցրեք օլիմպիական խաղերում մեր մարզիկների հաղթանակների ժամանակ (բայց սա առանձին թեմա է), այլ միայն այնտեղ, որտեղից ՀՀ քաղաքացին վտանգ է զգում, այսինքն՝ «Փարվանա»-ում, «Հարսնաքար»-ում ՀՀ նախագահի նստավայրի կամ ՀՀ կառավարության ու ԱԺ պատերի տակ։

Եվ մի՛ մոռացեք, որ հիմնի մեջ խոսվում է նաև վրեժի մասին. «Յուր որդիքը արդ կանչում են, հանել յուր վրեժ, քեն ու ոխ»։ Այլ հարց է, որ սրանք չպետք է լինեն պետական հիմնի բառեր, բայց դրանք կան ու վենդետայի կոչ են անում։ Վահեն որդի ունի, կարո՞ղ է նա լուրջ վերաբերվել իր երկրի հիմնին։ Ոչ միայն կարող է, այլև պարտավոր է։ Եվ ի՞նչ։ Գնա ու սրի՞ քաշի Ռուբեն Հայրապետյանին կամ «Հարսնաքար»-ի թիկնազորին։ Ուրեմն՝ նախ փոխեք հիմնի բառերը, երկրորդ՝ իմացեք, թե որտեղ եք հնչեցնում։ Պետությունը պետք է էթիկայի զգացում ունենա և հանգուցյալին և նրա հարազատներին չծաղրի պետական հիմնի հնչյուններով, որոնք Վահեի դեպքում սոսկ դատարկ նոտաներ են։

Կարող եք ասել, որ հիմնը զինվորի հուղարկավորության դեպքում արարողակարգային է։ Բայց այդ դեպքում հանգուցյալն էլ է դառնում արարողակարգային զոհ, քանզի ստացվում է, որ հանգուցյալ է, քանզի ստացվում է, որ հանգուցյալ եք փնտրում արարողակարգը պահպանելու համար։ Կարող եք ասել, որ էականը հիմնի երաժշտությունն է, ոչ թե բառերը։ Այս դեպքում էլ ստացվում է, որ էականը զինվորի մահն է, ոչ թե զինվորը, էականը երկրի կորուստն է, ոչ թե կորուստի մեթոդը, այսինքն՝ հայրենակցի ձեռքով (ոտքով) սպանվելը։ Այնպես որ՝ ճիշտ կլիներ զուտ արարողակարգային իմաստով Վահեի գերեզմանին հնչեր ոչ թե պետության հիմնը, այլ բանակի։ Թեպետ չէի ասի, թե բանակը փրկեց նրան։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում