Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ ազատվել Վարդան Ղուկասյանից

Ինչո՞ւ ազատվել Վարդան Ղուկասյանից

Այսօր գյումրեցիների անունից լրատվամիջոցներով տարածվեց նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակ, որտեղ նամակագիրները նախագահին կոչ են անում իրենց ազատել քաղաքապետ Վարդան Ղուկասյանից: Նամակում վերջինիս բնորոշող գնահատականների հետ դժվար է չհամաձայնել:

Նամակը ուշագրավ է մի քանի յուրօրինակ շեշտադրումներով: Դրա տակ ստորագրված է՝ «Հույսով ու հավատով՝ գյումրեցիներ»: Եթե իսկական ցանկություն և հասարակական պահանջ կա հանրապետության երկրորդ քաղաքը ազատել օդիոզ քաղաքապետից, ապա արդյոք ավելի արդյունավետ չէ՞ր լինի դուրս գալ և հրապարակային պայքարել Վարդան Ղուկասյանի կրիմինալ ռեժիմի դեմ: Գաղտնիք չէ, որ վախի գործոնը մատնանշելով՝ արդեն տասներեք տարի գյումրեցիները հանդուրժում են Ղուկասյանի խեղկատակություններն ու բազմաթիվ ապօրինությունները: Որքանո՞վ է ազնիվ պատերի տակ թաքնվելով՝ բողոքել Վարդան Ղուկասյանի կողմից քաղաքում արմատավորված միջնադարյան բարքերի դեմ և բարի թագավոր ման գալ, որը կպատժի չարագործ քաղաքապետին:

Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակում «հույսով ու հավատով գյումրեցիները» խնդրում են իրենց ազատել Վարդանիկից՝ պատճառաբանելով, որ նա չարիք է դարձել գյումրեցիների համար: Այսինքն՝ նամակ գրողները ի սկզբանե արձանագրում են, որ Սերժ Սարգսյանը ընդհանրապես տեղյակ չէ՞, թե ով է Վարդան Ղուկասյանը և միայն այդ նամակի՞ց պետք է տեղեկանար, թե ինչ կերպար է Գյումրիի քաղաքապետը: Վարդան Ղուկասյանը նաև ՀՀԿ Շիրակի մարզխորհրդի նախագահն է: Ասել է թե՝ ՀՀԿ-ի դեմքը Շիրակի մարզում, իսկ նրա և նրա շրջապատի «քաջագործությունների» մասին առաջին անգամ չէ, որ բարձարձայնվում է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի համար այսքան տարիներ իր կուսակցի կերպարն ու վարքագիծը ընդունելի է եղել: Հակառակ դեպքում, Վարդան Ղուկասյանը կեղծիքներով քաղաքապետ չէր վերընտրվի և առավել ևս՝ ՀՀԿ մարզխորհրդի նախագահ չէր դառնա: Ուշագրավ է, որ նամակագիրները որպես Վարդան Ղուկասյանից ազատվելու մոտիվացիա շեշտում են նաև խորհդարանական վերջին ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ի պարտությունը: Ի՞նչ է, ՀՀԿ-ն պետք է Գյումրիում պարտվե՞ր, որ Սերժ Սարգսյանը ցանկություն ունենար հեռացնել քաղաքապետին:

Անտրամաբանական և անընդունելի է Սերժ Սարգսյանից պահանջել, որ նա պատժի և հեռացնի Վարդան Ղուկասյանին: Նման վարքագիծ կարող են դրսևորել, ասենք՝ Թուրքմենստանի քաղաքացիները, իսկ Հայաստանում, փառք Աստծո, դեռ սուլթանություն կամ խալիֆայություն չէ:

Սերժ Սարգսյանը նախագահ չի դառել սրան-նրան պատժելու կամ քաղաքապետ փոխելու համար: Համայնքների ղեկավարներին ինքնակամ հեռացնելու արատավոր պրակտիկայից պետք է ձերբազատվել, քանի որ նմանատիպ քայլերով ոչնչացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտը՝ որպես անկախ և ժողովրդավարական մարմին: Իսկ եթե դրանց ղեկավարները պատուհաս են դարձել ժողովրդի գլխին, ապա դա սոսկ այն պատճառով է, որ իշխանությունը աջակցում է վարդանղուկասյանների նմաններին և կեղծիքներով քաղաքապետ կարգում:

ՀՀ նախագահը Սահմանադրության և օրենքների երաշխավորն է: Հետևաբար՝ նրա միակ աջակցությունը կարող է լինել այն, որ ապահովի օրինականություն և ազատ ու արդար ընտրություններ:

Ռուբեն Հայրապետյանի հետ կապված օպերացիան ավարտելուց հետո, հավանական է, որ իշխանությունը լծվել է երկրորդ PR ակցիային: Նախագահական ընտրություններից առաջ քրեաօլիգարխիկ տարրերից տարանջատվելու իմիտացիայի շրջանակում ՀՀԿ առաջնորդը, որոշ կարկառուն թիմակիցների զոհելով, փորձում է իր համար կերտել ժողովրդավար և արդարամիտ առաջնորդի կերպար:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում