Հայրապետյանին «կերակրել» են Բեգլարյանի հեռանկարով. սյունակ
Ոստիկանության երկաթյա տրամաբանությունը՝ եթե զոհ չկա, ուրեմն 81 համարի երթուղայինի վարորդին Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը չի ծեծել: Ոստիկանությունն առաջնորդվել է ինդուլգենցիայի տրամաբանությամբ, ըստ որի, եթե Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից, ուրեմն նրան պետք է поддержка անել՝ սովորական բռնության դեպքը կոծկելով: Այսինքն՝ քանի որ արանքում զոհ չկա, համարենք, որ բռնություն չի էլ եղել: Իսկ որ վարորդը վախեցել է, որ վախեցել են գծի բոլոր վարորդները, քննարկման թեմա չէ: Առնվազն օպերատիվ ամփոփագրի նյութ չէ: Կոծկման տողատակը բացվում է այսպես՝ Հայրապետյանը մերոնցից է, իսկ ո՞վ է երթուղայինի վարորդը:
Հիմա քննարկենք, թե արդյո՞ք պարոն Հայրապետյանն ինչ-որ բան է կորցրել պատգամավորական մանդատից հրաժարվելով: Նրանք, ովքեր հիշում են, թե ինչպես Հայրապետյանը մտավ ընտրապայքարի մեջ, կհասկանան նաև, որ նա այսօր ոչինչ չի կորցրել: Եթե հիշում եք, ԱԺ գործող պատգամավորը լրագրողներին հավաքեց ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայում և հայտարարեց, որ չի առաջադրվելու պատգամավորության թեկնածու: Չառաջադրվելը պայմանավորեց նրանով, որ Ֆեդերացիայի գործերը խանգարում են օրենսդրական գործունեությամբ զբաղվել: Հետո նրան ստիպեցին առաջադրվել, նա առաջադրվեց, ծիծաղեց բոլոր նրանց վրա, ովքեր նրա արարքում տղամարդկություն չտեսան, քանի որ տղամարդու համոզվածությամբ էր ասում, որ չի առաջադրվելու: Հիմա սա «խուրդենք» մեկ այլ տրամաբանությամբ: Ռուբեն Հայրապետյանն իսկապես չի առաջադրվել ԱԺ պատգամավոր, և Վահե Ավետյանին էլ նրա թիկնազորը չի սպանել: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է պարզապես, որ Ռուբեն Հայրապետյանն ԱԺ պատգամավոր չէ: Հիմա, երբ Վահե Ավետյանը չկա, ո՞րն է Հայրապետյանի ամենադաժան կարգավիճակը՝ նա ԱԺ պատգամավոր չէ: Հետևաբար պատգամավորին մանդատից հրաժավել ստիպած Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ՝ Վահե Ավետյանը չի սպանվել, պարզապես Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ, քանի որ մարդը իսկապես էլ չէր ուզում առաջադրվել ԱԺ ընտրություններում: Նրան ստիպեցին: Ուրեմն, պետք է հասնել նրան, որ Հայրապետյանի կորուստները առարկայական լինեն: Այսինքն՝ ամրագրվեն, որ երկրում զոհ կա, որ Վահեն սպանվել է:
Ռուբեն Հայրապետյանը նախ պետք է հրաժարական տա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահությունից, քանի որ մի առիթով 2009թ. մայիսին անձամբ էր լրագրողների առջև հպարտացել, թե ինչ կարող է անել «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավար Հրաչ Կապրիելյանի հետ: Ֆեդերացիայի ղեկավարն ասել էր. «Դեռ համբերում եմ, բայց մոտ օրերս Կապրիելյանի գլուխը կարող ա սվաղեմ ասֆալտի վրա»: Այսինքն՝ հարաբերման մեթոդը ազդանշանային է նրա թիկնապահների համար, որոնք էլ իրենց հերթին Վահեի գլուխն ուղղակի սվաղել են ասֆալտին այնպես, որ ուղեղի մի կիսագունդը մտել է մյուսի մեջ:
Ռուբեն Հայրապետյանը պետք է հեռացվի նաև ՀՀԿ-ից: Այս պահանջը, ի դեպ, ոչ ոք չի հնչեցնում: Ինչու՞. որովհետև, երբ մարդը հանրապետական է, ինչ-որ իմաստով հռչակում է իր հակաօրինական դաշտում գտնվելու հակումը: Եթե հեռացվի, չես իմանա, թե ինչ սպասես նրանից, կարող է դառնալ անճանաչելի, այսինքն՝ կորցնես հարվածի ուղղությունը: Իսկ գտնվելով ՀՀԿ-ի մեջ, գիտես, որ հարվածը կգա ՀՀԿ-ից: Ինչո՞ւ հասարակությունը չի պահանջում, որ Հայրապետյանը հեռանա ՀՀԿ-ից կամ ինչո՞ւ ՀՀԿ-ն չի հեռացնում նրան. Որովհետև, ենթադրում եմ, որ նրան Սերժ Սարգսյանը «կերակրել» է Գագիկ Բեգլարյանի հեռանկարով: Կերակրել է, որովհետև ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Ավանը չպետք է «անտեր» մնա: Ահա ինչու երկրի կյանքում Հայրապետյանի իսպառ բացակայությունը, ինչպես և, ի դեպ, ՀՀԿ-ական մյուս օլիգարխների, պետք է դառնա հայ ժողովրդի առաջիկա գերակա անելիքներից մեկը:
Սողոմոն Փափազյան
Մհեր Արշակյան










