Գլխավոր Լրահոս

«Այսօր Արցախի բանալին Հայաստանում է, Արցախը առանց Հայաստանի որևէ լուրջ դերակատարություն չի կարող ունենալ»

«Այսօր Արցախի բանալին Հայաստանում է, Արցախը առանց Հայաստանի որևէ լուրջ դերակատարություն չի կարող ունենալ»

ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ՝ Արցախի անտվանգության, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և կուսակցության միջև կապի, Հայաստանում սպասվող ընտրություններում գերադասելի թեկնածուի, սոցիալական ծրագրերի և այլ թեմաների մասին:

- Պարոն Գալստյան, սա ավանդական հարց է։ Ի՞նչ ռազմավարություն ունեք Արցախը այս ծանր վիճակից դուրս բերելու համար:

- 1988 թվականից առ այսօր նման ծանր իրավիճակում չենք եղել: 90-ականների պատերազմի ընթացքում հայնտվել էինք նման ճնգաժամի առաջ: Այն ժամանակ հանգուցալուծվեց այս հարցը՝ ճգնաժամային կոմիտեի և համայն հայության ջանքերը մեկտեղելով: 

Տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցիները Հայաստանի սահմաններում թույլ տալիս լկտիություն և մեր բանակի կողմից համարժեք արձագանք չեն ստանում: Պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ համախմբվելու, միաբանվելու և այս ճգնաժամը հաղթահարելու: Մեր քաղաքական թիմը գտնում է, որ այս իշխանությունները ի վիճակի չեն համախմբել ժողովրդին: 

- Արցախի՞ իշխանություններին նկատի ունեք, թե՞ Հայաստանի:

- Մենք միշտ մեր հարցազրույցներում ասել ենք, որ Արցախի իշխանությունները հայաստանյան իշխանությունների ածանցյալն են: Երբ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստորագրում է Նիկոլ Փաշինյանի ցանկացած բառի տակ և հայաստանյան իշխանություններին քննադատող ուժերին ինքը ընդունելության չարժանացրեց, դրանով իսկ փաստեց, որ հայաստանյան իշխանությունների կամակատար է: Եվ Արցախում, այսպես ասած, իշխանությունը փոխելով... Մենք գիտենք մեր բանակի կառուցվածքը, և Արցախը առանց Հայաստանի ոչ մի հարց չի կարող լուծել:

Միաբանելու փոխարեն, ընդհակառակը, ժողովրդին համակերպում են: 

- Դուք ասում եք, որ Արցախի ներկայիս իշխանությունները Հայաստանի իշխանությունների ածանցյալն են: Բարց ե՞րբ չէր այդպես եղել: Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ չե՞նք կարող ասել, որ նույնն էր:

- Եթե մի քիչ էլ հետ գնանք, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդպես չէր: Մենք տեսնում ենք, որ թե՛ Աղդամի, թե՛ Ֆիզուլու ազատագրումից հետո փորձում էին հետ քաշել մեր զորքերը, բայց Արցախի ռազմաքաղաքական իշխանությունները ըմբոստանում էին:

Ճիշտ է, դրանից հետո իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը: Նրանք, լինելով տեղյակ Արցախի խնդրի բոլոր նրբություններին, կարմիր գիծ էին պահում Արցախի մասով, որը տրորվեց 2018 թվականին, երբ ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, որ ժողովրդի թիկունքում ոչինչ չեն ստորագրելու: Ստորագրվե՛ց: Ասում էին, որ առանց Արցախի հարցը չի լուծվի: Լուծվե՛ց: 

Եվս մեկ անգամ փաստենք, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի: Վերջնական լուծումը լինելու է Արցախի անկախության ճանաչումը, որից հետո համայն հայությունը Արցախի բնակիչների հետ կորոշեն՝ կմիանա՞ն մայր Հայաստանին, թե՞ կլինեն անկախ պետություն: Դա հետագայի հարց է: 

- Դուք ձեզ ընդդիմություն համարո՞ւմ եք:

-  Ընդդիմություն ենք այս իշխանությանը: Մենք պետականամետ քաղաքական գործիչներ ենք, որոնք չեն ընդունում այս իշխանությունների վարած քաղաքականությունը: 

- Հակասություն չկա՞: Դուք ձեզ ընդդիմություն եք համարում, բայց ձեր ցուցակի առաջին համարը՝ Վիտալի Բալասանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարն է: Կարծեմ, գյուղատնտեսության փոխնախարարն էլ է ձեր կուսակցությունից:

-  Վիտալի Բալասանյանը եղել է մեր ցուցակի առաջին համարը, բայց նա մեր քաղաքական ուժի ուղղորդիչը չէ, դա փաստ է: Մենք ունենք մեր քաղաքական ուղին: Բացի հրապարակային մասից, ես չեմ կարող ասել Արայիկ Հարությունյանի ու Վիտալի Բալասանյանի հետ ինչ ներքին պայմանավորվածություն է եղել, և երկրի առաջ ինչ խնդիր է եղել, որ նրանք համաձայնել են: Դրանից հետո մեր քաղաքական գործունեությունը Վիտալի Բալասանյանի հետ ոչ մի առնչություն չունի:

- Ավարտվե՞լ է համագործակցությունը:

- Նա երբևէ «Արդարության» հետ կապ չի ունեցել: Եղել է «Արդարություն» կուսակցության նախագահի թեկնածու: Քաղաքական համագործակցություն է եղել, մենք գնացել ենք ընտրությունների: Ընտրություններից հետո հրաժարվել է խորհրդարան մտնել, մենք ձևավորել ենք մեր խմբակցությունը՝ առանց Վիտալի Բալասանյանի: Երբ Վիտալի Բալասանյանին  առաջարկել են Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, չի քննարկել մեզ հետ՝ գնալ կամ չգնալ: 

- Բայց դրան ո՞նց եք վերաբերվում: 

- Այսօր Վիտալի Բալասանյանը իշխանության մաս է կազմում, դա փաստ է: Նա առանձին ռազմաքաղաքական գործիչ է: Իսկ ինչ վերաբերում է Մուսայելյան Նորայրին. երբ առաջարկեցին տեղակալի պաշտոնը գյուղանախարությունում, նա մեր համանախագահներից էր: Նոր համագումարով՝ մեր կուսակցության համանախագահը չէ, այլ անդամն է: Այո՛, քննարկվել է առաջարկը: Քանի որ այդ ոլորտում տեսնում էր, որ գաղափարներով ու մոտեցումներով կնպաստի երկրի զարգացմանը՝ մենք թողել ենք նրան: Մենք քաղաքական որոշում չենք կայացրել, քանի որ այդ առաջարկը եղել է Նորայր Մուսայելյանին, այլ ոչ թե «Արդարություն» կուսակցությանը: Դա կուսակցական պորտֆել չէ: Նա իր ոլորտի մասնագետ է: Իր պաշտոնը մեզ չի խոչընդոտում, եթե խոչընդոտի նրան, թող ինքը որոշում կայացնի՝ կշարունակի՞ անդամակցել մեր կուսակցությանը, թե՞ դուրս կգա:

- Հայաստանի ներքաղաքական անցուդարձին հետևում եք, անշուշտ: Նախապատվություն ունե՞ք թեկնածուների մեջ: 

- Մենք ոչ թե հետևում ենք, այլ նաև երևի Ազգային ժողովից դիտորդական առաքելություն կիրականացնենք: Իհարկե, հետևում ենք, բայց միևնույն ժամանակ, Սփյուռքից սկսած համայն հայությունն է հետևում: Այսօր Հայաստանում ոչ թե քաղաքական ընտրություններ են, այլ պետության լինել-չլինելու ճակատագիրն է որոշվում: Մենք ունենք մեր դիրքորոշումը՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի ճգնաժամային իրավիճակներում երկիր ղեկավարելու փորձը: Այսօր Արցախի բանալին Հայաստանում է, Արցախը առանց Հայաստանի որևէ լուրջ դերակատարություն չի կարող ունենալ: Գործող իշխանությանը ժողովուրդը 80-տոկոսանոց մանդատ տվեց, բայց մսխեցին այդ վստահությունը: Այսօր այն վիճակում չենք, որ գնանք նոր ուժերի հետևից, որոնք փորձված չեն:

- Երկար տարիներ, գոնե առերևույթ, քաղաքական ուժերը փորձել են այնպիսի տպավորություն թողնել, որ չեն խառնվում միմյանց ներքաղաքական գործերին: Չե՞ք կարծում, որ այդ ավանդույթը նման կերպով խախտվում է:

- Երբ որ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հրապարակում ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», երբ Սամվել Բաբայանը իր հարցազրույցում հայտնեց, որ եթե Հայաստանի իշխանությունները որոշեն, ապա նա կգնա Արցախ... Եվ եկավ: Հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Բակո Սահակյանի հետ և պաշտոնական լուր տվեց, որ հանդիպել է Արցախի նախագահի թեկնածուների հետ, որտեղ մեր գրանցված թեկնածու Վիտալի Բալասանյանը ներկա չէր: Նա այդ իսկ ձեռագրով ցույց տվեց, որ խառնվում է Արցախի ներքաղաքական գործերին: Արդար չէ ասել՝ Հայաստանը մեր ընտրություններին չի խառնվել, իսկ մենք փորձում ենք խառնվել: Բացի այդ, արցախցիների մի մեծ հատված ապաստանել է Հայաստանում, և որոշում է կայացվել, որ տարհանված բնակիչները կարող են մասնակցել ընտրություններին, մինչ այդ երբևիցե նման բան չի եղել:

- Անվտանգային համակարգի վերաբերյալ: Ենթադրենք՝ այնպես է ստացվում, որ 4,5 տարուց ռուս խաղաղապահ ուժերը հեռանում են: Ի՞նչ պիտի անենք այս ընթացքում, որ մեր հարցերը լուծենք: 

- Բազմիցս բարձրաձայնել ենք, որ այսօր որևիցե քայլ համենայնդեպս տեսանելի չի արվում: Վերջերս ընդունվեց 2021թ. պետական բյուջեի փոփոխությունը, մենք մեր մտքերը ասել ենք՝ մեր օրվա բյուջեն համահունչ չէ ստեղծված իրավիճակին: Տեսել ենք արհեստածին սարքած 247 միլիարդ բյուջեն:

- Բայց ասում են՝ բանակը վերակառացում ենք, պայմանագրային ենք դարձնում: 

- Ցավոք սրտի, մենակ ասում են: Դուք տեսնո՞ւմ եք: Այնպես չէ, որ բանակը մեզնից 100 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Ստեփանակերտ քաղաքը սահմանամերձ է: 

- Ձեր տեսլականը ո՞րն է:

-  Մեր տեսլականը ազգ-բանակն է: Սոցիալական ոլորտից մինչև կրթական պետք է վերջնական նպատակը լինի անվտանգությունը: 

Այսօր Արցախում մի դրամ  ապաստարանների կառուցման համար չի ծախսվել, թեև ապաստարանների կառուցման համար մեկ միլիարդ է հատկացվել:  Եթե ուզում ենք անգտանգության մակարդակը բարձրացնել, պետք է գործնական քայլեր անենք, ոչ թե հռետորաբանությամբ զբաղվենք: 

Եվ եթե հանկարծ մեզ չորս տարվա ընթացքում չհաջողվի, պետք է քաղաքական դաշտում քայլեր ձեռնարկել, որ ռուս խաղաղապահները մնան այնքան, մինչև մեր ազգը ոտքի կանգնի, և ինքնուրույն կկարողանանք մեր անվտանգությունը ապահովել:  

- Ինչպիսի՞ բանակ եք պատկերացնում:

- Մոբիլ բանակ, ազգ-բանակ: Սահմանամերձ գյուղերում՝ աշխարհազոր կլինի թե նրանք պայմանագրային հիմունքներով ընդգրկված կլինեն բանակում, բոլորը պիտի լինեն մարտունակ, որ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության կարողանանք դիմակայել: Մենք ոչ թե այսօրվանից, այլ շատ վաղուց պիտի պատրաստվեինք: 

- Վերջերս Մեծ Շենում եմ եղել: Այն ժամանակ գյուղապետը բողոքում էր, որ ամենատարբեր մակարդակներում բնակիչների զինելու հարցը բարձրացրել է, բայց հարցը չի լուծվել: Հնարավո՞ր է, որ ռուս խաղաղապահները չեն թույլատրում:

- Երևի այդ հարցը սխալ հասցեով եք տալիս: Դա պետք է տալ գործող իշխանությանը, թող պատասխանեն՝ ինչո՞ւ այդ խոչընդոտները առայսօր չեն հարթել: 

- Տարբեր տեսակի սոցիալական աջակցության ծարգրերը, «68 հազարները»՝ սրանք խնդրի լուծո՞ւմ են, պե՞տք է այդ ծրագերը շարունակել:

- Երբ այդ ծրագիրը սկսեցին կյանքի կոչել, մենք նույնպես քննարկումներին մասնակից էինք: Առաջկեցինք, որ պետք չէ անհատապես՝ յուրաքանչյուր անձի 68 հազար վճարել: Պետք է պետությունը կարողանա ընտանիքների կարիքները գնահատել և գումար հատկացնել: Այսօր մեր յուրաքանչյուր ընտանիք պիտի զգա պետության շունչը, որ սա լոկ տարածք չէ, այլ պետություն՝ իր կայացած ինստիտուտներով: Տեսնում ենք, որ տարբեր խոսակցություններ կան. ինչո՞ւ են ստանում ստեփանակերտցին ու ասկերանցին, որոնք չեն տուժել. ստեփանակերտցիները ու տարհանվածները ինչու են գումարն ստանում: Ինչո՞ւ է զինվորական ու ոստիկանության թոշակառուն ստանում, իսկ տարհանված 55 տարեկան բնակիչը չի ստանում: Մինչև որոշում կայացնելը, պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել ու քննարկումներ անել, ոչ թե հապճեպ: Պետք չէ հրշեջի նման աշխատել:

Զրուցեց Հայկ Ղազարյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում