Այս տարի Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում սահմանել է հատուկ մրցանակ՝ մասնակցություն Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 2013 փառատոնին: Մրցույթը միայն հայ ռեժիսորների համար է: Հաղթողը կընտրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի և Բրիտանական խորհրդի ներկայացուցչի կողմից:
Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է։ Այն ամեն տարի իր շուրջ է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին՝ քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994-ից հետո փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլև կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:
Նշենք, որ Բրիտանական խորհրդի ու «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության շրջանակում հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնում։
Այս տարի Բրիտանական խորհրդի աջակցությունը «Ոսկե ծիրան» փառատոնին կնշանավորվի նաև արտամրցութային «Գիրք և կինո» ծրագրի կազմում «Օլիվեր» բրիտանական մյուզիքլի ցուցադրությամբ, որը նվիրված է Չարլզ Դիքենսի 200-ամյակին:
Նշենք, որ «Օլիվեր Թվիստ» վեպի 1968-ի այս էկրանավորումն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության՝ 11 անվանակարգում՝ արժանանալով միանգամից վեց «Օսկարի», այդ թվում՝ որպես «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսորական աշխատանք»: «Օլիվեր» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 9-ին՝ Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում, և 12-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Civilnet











