Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանի հենասյունը

Սերժ Սարգսյանի հենասյունը

Երեկ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի մոտ Վահե Ավետյանի յոթնօրեքին նվիրված մոմավառության ընթացքում հերթական անգամ բռնի ուժի է գործադրվել քաղաքացիների նկատմամբ: Հատկանշական է, որ այս անգամ բռնի ուժ կիրառողներից առաջինը եղել է Ռուբեն Հայրապետյանը, որը մոմավառության ակցիայի սկզբում հարվածել է իրավապաշտպան Արման Վեզիրյանին: Մոմավառության մասնակիցների նկատմամաբ բռնի և կոշտ վերաբերմունք են դրսևորել նաև ոստիկանները:

Ուշագրավ է, որ Ռուբեն Հայրապետյանը բռունցքների օգնությանը դիմելուց ընդամենը մի քանի օր առաջ նախագահականում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Վահե Ավետյանի սպանության հետ կապված հուզախառն հայտարարությամբ էր հանդես եկել: Երեկ Հայրապետյանը իր վարքագծով ցույց տվեց, որ իրականում ոչնչով չի տարբերվում «Հարսնաքարի» անվտագության աշխատակիցներից, որոնք ծեծելով սպանել են Վահե Ավետյանին: Ավելին, անվտանգության այդ աշխատակիցների ոգեշնչման աղբյուրը հենց Հայրապետյանն է:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը լրատվամիջոցներով ներկայացվեց այնպես, որ իբր նախագահը բարկացել է Հայրապետյանի շրջապատի պահվածքի վրա և խիստ հրահանգել է, որ այլևս նրա անունը չլսվի ծեծուջարդի ֆոնին: Հիմա կա՛մ Ռուբեն Հայրապետյանի համար ընդհանրապես Սերժ Սարգսյանի հրահանգները որևէ նշանակություն չունեն (ավելին՝ նա անձամբ է ծեծուջարդի մասնակից դառնում), կա՛մ Սարգսյանի զրույցը Հայրապետյանի հետ բոլորովին այլ բովանդակություն է ունեցել: Իսկ Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելը և Վահե Ավետյանի սպանության համար բարոյական պատասխանատվություն կրելը պարզապես Բարղրամյան 26-ի կողմից բեմականացված շոու էր: Շատ հնարավոր է նաև, որ Ռուբեն Հայրապետյանը ընդհանրապես տեղյակ չի եղել իր անունից հրապարակված հայտարարության բովանդակությանը:

Այժմ փորձ է արվում իրավապաշտպանի վրա հարձակվելու փաստը ներկայացնել որպես վերջինիս կողմից սադրանքի հետևանք: Նախ՝ հասարակական այս լարված մթնոլորտում Ռուբեն Հայրապետյանն արդյոք իրավունք ունի՞ սադրանքների ենթարկվելու և երկրորդ՝ արդյոք սադրանքը հրահրված չի՞ եղել հենց նրա կողմից:

Ինչո՞ւ է վերջին հաշվով Հայրապետյանը, քաջ գիտակցելով՝ մոմավառության մասնակիցներն ինչ վերաբերմունք ունեն իր նկատմամբ, հայտնվել իրադարձությունների կենտրոնում: Ի՞նչ գործ ուներ նա այդտեղ, եթե հայրենի ոստիկանները նրա «օբյեկտը» անձնազոհաբար պաշտպանում էին մոմավառությունից:

Վահե Ավետյանի սպանության վայրում երեկ տեղի ունեցած իրադարձությունները փաստեցին, որ իշխանությունն այս ընթացքում պարզապես կոսմետիկ կերպով է տեղի տվել հասարակական ճնշմանը: Այլ կերպ լինել չէր կարող. Սերժ Սարգսյանը պարզապես ի վիճակի չէ ազատվել ռուբենհայրապետյաններից: Ավելին՝ Հայրապետյանը Սերժ Սարգսյանի իշխանության հենասյուներից մեկն է, որը նրան պահում է Բաղրամյան 26-ում:

Այժմ քաղաքացիական հասարակությունը հարվածում է հենց այդ հենասյանը, և իշխանության բնական ռեակցիան է, որ այդ հենասյունը պաշտպանում են մահակներով զինված ոստիկանները:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում