Իսպանիայի իշխանությունները «վատ բանկ» կստեղծեն, որտեղ կկենտրոնացվեն երկրի բանկային ոլորտի խնդրահարույց ակտիվները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսպանիայի կառավարության սեփական աղբյուրները: Ըստ գործակալության՝ Իսպանիայի իշխանությունները երկրի բոլոր վարկատուների համար առաջին մակարդակի բանկային բազային կապիտալը կսահմանեն մինչև 9% մակարդակում:
«Վատ բանկը» պարտքային մեծ ծանրաբեռնվածություն կվերցնի իր վրա, որպեսզի Իսպանիան կարողանա խուսափել Հունաստանի, Իռլանդիայի և Պորտուգալիայի «ճակատագրից»: Խնդրահարույց ակտիվների մեծ մասը կտրամադրվի որպես անաշարժ գույքի գրավ կամ հիփոթեքային վարկ, քանի որ Իսպանիայում ճգնաժամը մեծապես կապված է անշարժ գույքի շուկայի փուչիկի հետ:
Այս միջոցառումները կներկայացվեն Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարների կողմից՝ Եվրահանձնաժողովի այսօրվա հանդիպմանը՝ որպես Իսպանիային ֆինանսական աջակցության տրամադրման պայման: Ակնկալվում է, որ Իսպանիային 100 մլրդ եվրո կտրամադրվի՝ բանկային վերակապիտալիզացիայի նպատակով:
Այսօրվա հանդիպմանը նախատեսված է նաև Իսպանիայի և ԵՄ միջև փոխըմբռնման հուշագրի, իսկ հուլիսի 20-ին՝ Իսպանիային տարեկան 3-4% տոկոսադրույքով ֆինանսական աջակցության տրամդրման մասին պայմանագրի ստորագրում:
Նշենք, որ Մադրիդը հունիսի 25-ին պաշտոնապես դիմել է ԵՄ՝ բանկային վերակապիտալիզացիայի համար 100 մլրդ եվրո ստանալու նպատակով: Հունսի 21-ին Oliver Wyman ու Roland Berger խորհրդատվական ընկերությունները զեկույց են հրապարակել, ըստ որի՝ Իսպանիայի բանկային համակարգի վերակապիտալիզացիայի համար անհրաժեշտ կլինի 51-62 մլրդ եվրո: Մյուս կողմից՝ վերակապիտալիզացիայի համար անհրաժեշտ գումարների հստակ ծավալը հայտնի կդառնա երկրորդ աուդիտից հետո, որի տվյալները կհրապարակվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Civilnet











