«Օտարերկրյա գործակալները»

Հուլիսի 29-ին Ռուսաստանի Պետդումայի օրակարգ մտցված «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը մեծ արձագանք է ստացել թե՛ Ռուսաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս: Այս նախագիծը առաջին ընթերցմամբ Պետդուման արդեն ընդունել է: Ըստ դրա, ոչ առևտրային այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում ոչ ռուսական աղբյուրներից, ՌԴ արդարադատության նախարարությունում պետք է գրանցվեն առանձին ռեեստրում, որից հետո ստանան «օտարերկրյա գործակալի» (иностранный агент) կարգավիճակ:
Ռուսական իշխանամերձ շրջանակները այս օրենքի անհրաժեշտությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ հարկավոր է օրենքով կարգավորել այս ոլորտը, քանի որ արտասահմանյան դոնորներից սնվող շատ ՀԿ-ներ Ռուսաստանում զբաղվում են քաղաքականությամբ՝ միջամտելով երկրի ներքին գործերին: Որոշ տվյալներով՝ վերջին երկու տարիներին Ռուսաստանում ժողովրդավարության զարգացման համար արտասահամանյան աղբյուրներից հատկացվել է շուրջ 200 մլն դոլար: ՌԴ իշխանությունների հավաստմամբ՝ օրենքի այս նախագիծը ամենևին էլ միտված չէ խոչընդոտելու ժողովրդավարության հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը, և նպատակը պարզապես այդ կազմակերպությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ապահովելն է: Ավելին, շեշտվում է, որ նմանատիպ օրենք (Foreign Agent Registration Act) գործում է նաև ԱՄՆ-ում:
Սակայն Ռուսաստանում գործող իրավապաշտպան շատ կազմակերպություններ օրենքի այս նախագիծը գնահատում են որպես հարված երկրի ժողովրդավարացման գործընթացին: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տնօրենի տեղակալ Ռեյչել Դենբերը «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, որ այդ օրենքի նախագիծը ԱՄՆ-ում գործող օրենքի հետ համեմատելը կոռեկտ չէ, քանի որ ԱՄՆ-ում այդ կատեգորիայի տակ ընկնում են այն կազմակերպությունները, որոնք աշխատում են արտասահամանյան հովանավորների շահերը սպասարկելու համար: Ըստ Պետդումա ներկայացված օրինագծի՝ Ռուսատանում «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ ստանում են նաև այն կազմակերպությունները, որոնք արտասահմանյան ֆինանսավորմամբ, զբաղվում են, օրինակ՝ Ռուսաստանում ժողովրդավարական խնդիրներով և որևէ կենկրետ կազմակերպության կամ պետության շահեր չեն սպասարկում:
Հնարավոր է, որ Պեդումայի նախորդ տարվա ընտրություններից հետո և այս տարվա նախագահական ընտրություններից առաջ և հետո Ռուսաստանում հասարակական ընդվզման ալիքը երկրի իշխանություններին ստիպել է գնալ խստացումների այդ ոլորտում, որովհետև կասկածներ կան, որ առանց դրսից ստացված լուրջ ֆինանսական աջակցության հնրավոր չէր մասշտաբային նման հակաիշխանական ալիք բարձրացնել և երկրում մասամբ ցնցումային իրավիճակ ստեղծել: Արևմուտքին միջազգային ասպարեզում դիմակայելու ֆոնին Ռուսաստանը ծանրակշիռ բևեռ է, և հնարավոր է՝ Արևմուտքը շահագրգռված լինի Ռուսաստանի ներսում այնպիսի գործընթացների հրահրմամբ, որոնք հակասում են այդ երկրի ազգային անվտանգությանը:
Այս համատեքստում գուցե Կրեմլի քայլերը արդարացված են: Սակայն վտանգավոր է այն հանգամանքը, որ ռուսական օրինակը կարող է վարակիչ լինել, օրինակ՝ Հայաստանի իշխանությունների համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ներկա իշխանությունները առանձնահատուկ բացասական վերաբերմունք ունեն արատասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների նկատմամբ, որոնք Հայաստանում զբաղվում են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործով: Կարելի է ասել, որ Ռուսաստանում ընդունված օրենքը ընկալման առումով բավական հոգեհարազատ է ՀՀ իշխանություններին, որոնք նմանատիպ օրենսդրական բազա չունենալով հանդերձ՝ վաղուց զբաղված են «օտարերկրյա գործակալների» որսով:
Առավել թարմ օրինակ է Սիվիլիթաս հիմնադրամի գործունեության նկատմամբ ԱԱԾ-ի հետաքրքրությունը և քրեական գործ հարուցելու փաստը: Կարելի է հիշել նաև նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործը, Լևոն Տեր-Պետորսյանի նկատմամբ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ հնչեցվող մեղադրանքները, որ «դրսի» փողերով ցանկանում է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում և այլն: «Դրսից» ֆինանսավորվելով՝ մարդու իրավունքների պաշտապանությամբ և ժողովրդավարական ինստիտուտների ամարապնդմամբ զբաղվելը, բնականաբար, հակասում է Հայաստանի իշխանությունների ավտորիտար հավակնություններին:
Հայաստանում Արևմուտքի «դավադրության տեսության» գործնական դրսևորմանը դժվար է հավատալ: Անգամ ծիծաղելի է այն տեսակետը, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը նպաստելով՝ Արևմուտքը փորձում է թուլացնել Հայաստանը: Չէ՞ որ հենց Հայաստանի իշխանություններն են հայտարարում, որ ժողովրդավարությունը հայկական պետության հիմնական ռեսուրսներից մեկը պետք է դառնա:
Լուսանկարը՝ onlyhdwallpapers.com կայքից:











