Գլխավոր Լրահոս

Եթե մեր թիվ մեկ խնդիրը Ղարաբաղում հայ պահելն է, նա պիտի մնա ու գործ անի․ արցախցի գործարար

Եթե մեր թիվ մեկ խնդիրը Ղարաբաղում հայ պահելն է, նա պիտի մնա ու գործ անի․ արցախցի գործարար

Արցախցի գործարար Էրիկ Մկրտումյանը 2012-ին հիմնել է «Արցախբերրի» պահածոների գործարանը: Տարիների ընթացքում բիզնեսը զարգացել է, և ընկերությունը սկսել է արտադրել մրգային օղիներ ու մեղր: Պահածոների արտադրանքի ծավալով «Արցախբերրի»-ն երրորդն է՝ իր տեղը զիջելով  «Արցախֆրութ» և «Արցախբիո» ընկերություններին: 2016 թվականին «Արցախբերրի»-ն մոտ 150 հազար դոլարի արտահանում է կատարել ԱՄՆ, մոտ 70 հազար դոլարի պայմանագիր է ունեցել Լիբանանում, որտեղ այդ թվականին նույնպես պատերազմ է սկսվել: Պատերազմից հետո գործարանը չի աշխատում: ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը զրուցել է Էրիկ Մկրտումյանի հետ բիզնեսի առաջ ծառացած խնդիրների շուրջ։

Պահածոներ, մրգային օղիներ, մեղր

Նկատակն այն էր, որ Ղարաբաղում ինչքան բարիք կա, կարողանանք մշակել՝ և այստեղ վաճառելով, և արտահանելով: 2015 թվականին Ծմակահող գյուղում մրգային օղիների արտադրություն ենք դրել։ Նպատակը նույնն էր՝ կարողանանք գյուղը մի քիչ աշխուժացնել, մի քանի աշխատատեղ ստեղծել: Բացի այդ, գյուղում նաև մի քանի հյուրատուն ենք կառուցել, որ զբոսաշրջիկների հոսքի դեպքում կարողանան գյուղում մնալ: 

2018 թվականին էլ հատուկ ծրագիր ենք գրել մեղվաբուծությունը զարգացնելու համար: Խոսքը արդյունաբերական մեղվաբուծության մասին է: Մի փոքր այլ բան է: Ո՞նց էինք աշխատում. մենք ամեն-ամեն ինչ տրամադրում էինք գյուղացիներին՝ փեթակներից մինչև շրջանակներ, մոմաթերթիկներ, նույնիսկ՝ դեղեր: Հետո մեր աշխատակիցները հետևում էին գործընթացին: Նույն մեղրը գյուղացիներից գնում էինք ու տեղավորում տարաներում: 

Պատերազմը

Ուղարկում էինք տարբեր երկրներ: Պահածոները նույնիսկ ԱՄՆ էինք հասցնում, Բելգիա: Լիբանան էինք ուղարկում: Մասնակցում էինք տարբեր ցուցահանդեսների: Պատերազմից հետո ամեն ոլորտում իր խնդիրն է առաջացել: Օրինակ, 2020 թվականին պայմանագրեր ունեինք, որ պիտի իրականացնեինք, Ռուսաստան պիտի ուղարկեինք: Սկսվել է պատերազմը, մենք ահագին արտադրանք չեն կարողացել ստանալ: 24 ապրանքատեսակ ունեինք: 

Շուշիի մի զորամաս մեր պահեստներում է եղել, ապրանքներ են պակասել: Ահագին ապրանք բաժանել ենք բանակին, փախստականներին: Զուտ բարեգործություն էր: 

Համար մեկ խնդիրը այսօր՝ ֆինանսները

Հիմնական պատճառը ֆինանսներն են այսօրվա դրությամբ: Մենք ժամանակին օգտվում էինք նաև վարկային միջոցներից, օգտվել ենք ներդրումային և գյուղի հիմնադրամներից: Բացի այդ, բանկից էլ ենք օգտվել: Ես դիմել եմ երկու հիմնադրամների, որ ելնելով այս վիճակից՝ պայմանագրերը, որ կնքել ենք, վերանայվեն։

Գրել եմ բիզնես-ծրագիր, որտեղ նշել եմ արտադրանքի ծավալների մասին: Օրինակ, մեղրի մասին գրել եմ, որ տարեկան ես պիտի արտադրեմ 10 տոննայից ավել՝ իմ վարկը սպասարկելու համար: Հիմա չեմ կարողանում այդ քանակները ապահովել, չեմ կարողանում պայմանագրով նշած պարտականություններս կատարել:

Որպեսզի մարդիկ այստեղ ապրեն, պիտի աշխատավայրեր լինեն

Ինչ վերաբերում է կազմակերպություններին՝ որևէ աջակցություն չկա: Ես տեղյակ չեմ, դիմել եմ, եթե լիներ՝ կիմանայի: Կարող է ֆիզիկական անձանց աջակցում են, բայց դիմել եմ երկու հիմնադրամներին ու ոչ մի աջակցություն չեմ ստացել: Իմ կարծիքով՝ Ղարաբաղում շատ դժվար է լինելու բիզնես անելը: 

Պետությունը ինչի՞ համար է․ որ դժվար ժամանակներում օգնի տնտեսությունը ոտքի կագնեցնելու: Դեմ եմ, որ պետությունը անձերին առանձին-առանձին աջակցի: Առաջին խնդիրներից մեկը Ղարաբաղում մարդկանց պահելն է: 

68 հազարներ են բաժանում և այլ ծրագրեր իրականացնում, բայց գալիս է մի պահ, որ էլ չէս կարողանալու տրամադրել: Շատ մեծ գումարներ են: Որպեսզի մարդիկ այստեղ ապրեն, պիտի աշխատավայրեր լինեն: Լավ ժամանակներում մեզ մոտ աշխատում էր 40-45 հոգի մարդ:  Հիմա աշխատող չունենք, գործ չենք անում: «Արցախֆրութ»-ը հնարավորություն ունի մինչև 100 աշխատակից ունենալ, նույնը «Արցախբիո»-ն, բայց իմ իմանալով՝ եթե 10 մարդ աշխատի այնտեղ ասյօր, գերազանց է: Եթե մեր համար մեկ խնդիրը Ղարաբաղում հայ պահելն է, ապա այդ հայը պիտի մնա ու գործ անի: Այստեղ ամենամեծ դերը պիտի պետությունը խաղա: Այսօր այստեղ ոչ մի գործարար ներդրում չի անելու:

Այդ 100 հոգին եթե աշխատեն գործարաններում, 68 հազար չէ, ավելի շատ կստանան

«68 հազարների» ընդհանուր գումարը կազմում է 7 միլիարդ 500 միլիոն դրամ փող: Ամսական: Դա մոտավորապես 15 միլիոն դոլար է: Եթե այս գումարը այդ նպատակների համար գնա, այդ 100 հոգին աշխատեն գործարաններում, 68 հազար չէ, ավելի շատ կստանան: Մի նուրբ բան էլ կա. դա միայն գործարանը չէ։ Մի չորս օր առաջ ինձ զանգում է սիրիահայ Հովիկը ու ասում. «Խնդրում եմ, Էրիկ, թարսի պես էս տարի բերքս էնքան շատ է, չգիտեմ որտեղ հանձնեմ»: Ասում եմ՝ Հովիկ ջան, բա ես չեմ աշխատում:

Մի ամբողջ շղթա է: Գյուղացին ինչ-որ մի բան է արտադրում, բերք ունի, պիտի հանձնի գործարանին, գործարանը պիտի վերամշակի ու Ղարաբաղից հանի՝ ծախելու ու նորից այդ գումարը Ղարաբաղ հասցնելու: Եթե այս շղթայից մեկը չի աշխատում, այս դեպքում՝ գործարանը, ոչ գյուղացին է կարողանում իր ապրանքը վաճառել, ոչ էլ դրսից փող է մտնում Ղարաբաղ: 

800 փեթակից մնացել է 150-ը

Մեղվաբուծության համար մենք մոտավորապես 350 միլիոն գումար ենք ներդրել 2017-20 թվականներին: Մենք գործարան ունենք Վանք գյուղում, նման գործարան ոչ Հայաստանում կա, ոչ էլ Վրաստանում: Հատուկ մեղրի համար՝ ամենավերջին սարքավորուներով: 

Ղարաբաղում մեղվաբուծությունից եթե ուզում ես լավ բերք ստանալ, պիտի այն շարժական լինի: Ապրիլին սկսում ես ներքևի գոտուց, օրինակ, Աղդամում տաք է լինում, հետո վերևի գոտիները՝ Քարվաճառ: Դրանք ամենաիդեալական տարածքներն են մեղվաբուծության համար: Այսօր դրանք չկան: Մինչև պատերազմը 800 փեթակ ունեինք, այսօր մեզ մնացել է մոտ 150 փեթակ: Ռմբակոծությունից էլ են տուժել, փեթակ կա՝ բացում ես, մեջը մեղու չկա: 

Անպարտաճանաչների հարկերը ջրել են, իսկ վճարողներին՝ ոչ մի բան

Բոլոր դռները ծեծել եմ, մինչև Հայաստանի էկոնոմիկայի նախարար գնացել եմ, վիճակը բացատրել եմ: Այստեղ սկսած Խանումյան Հայկից՝ Հիմնադրամի տնօրենների հետ հարցը քննարկել եմ: 

Հուսով եմ, որ գալու է մի պահ, ու մարդիկ հասկանալու են, որ պետք է դա անել: Ճիշտն ասած, այստեղ ինչ խոսում ես, մի բան են ասում՝ Արայիկի մոտ գնացեք, 1հարց լուծողը ինքն է»: Ես էլ չեմ ուզում գնալ, չեմ հասկանում՝ ինչի՞ համար գնալ:

2018 թվականին «Փոքր և միջին բիզնեսի զարգացման» ասոցիացիա ենք ստեղծել, ես եմ ղեկավարում: 2019 թվականին որպես լավագույն հարկատու՝ ինձ ու մեր տղերքին պատվոգիր են տվել: Պատերազմից հետո օրենք են հանել՝ ով մինչև տասը միլիոն հարկը չի վճարել, ջրում են: Այսինքն՝ ով անպարտաճանաչ էր, նրանց հարկերը ջրել են, իսկ վճարողներին՝ ոչ մի բան: Ճիշտ չէ, մի բան էլ պարտաճանաչին պիտի տաս, որ այդ մարդը շարունակի աշխատել: 

Պետությունը նրա համար է, որ դժվար ժամակներում օգնի 

Ֆրանկոֆոնիայի կենտրոն է բացվել օրերս, այնտեղ մի ֆրանսիահայ կա՝ Գրեգը: Օրեր առաջ հանդիպել եմ նրա հետ, մինչև այդ էլ խոսել ենք ներդրումների մասին: Գրեգը ասում է՝ «Էրիկ, մարդիկ վախում են գալ Արցախ ու ներդնում անել»: Բացի դրանից, Երևանից Ղարաբաղ գալու համար տասը օր միայն թույլտվություն են տվել, որ կարողանա մտնի Արցախ: Օրինակ, մի միլիոն դոլարի ներդրում եմ արել, բայց չես կարողանում գալ Ղարաբաղ ու տիրություն անել մի միլիոն դոլարիդ: 

Պետությունը ինչի՞ համար է: Պետությունը նրա համար է, որ դժվար ժամանակներում օգնի գործարարներին ու տնտեսությանը: 

Այսինքն՝ արդեն առանձնացել ենք

Վերջերս Գյումրիում Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպում է եղել, ծրագիր ունեն, կոչվում է՝ «Ապագա հայկականը»: 15 կետից է բաղկացած, 4-րդ կետը «Ազատ Արցախ» է կոչվում: Նստած ենք, բարձր-բարձր ու սիրուն-սիրուն խոսքեր են ասում: Նա ասել է, որ պիտի անկեղծ լինենք, վիճակն է ստիպում: Երբ դուրս եկանք, ասում եմ՝ «Ղարաբաղից եմ, Ձեզ մի հարց ունեմ»: Մինչ այդ էլ ասում էր, որ քաղաքականության մեջ չենք խառնվում: 

Ասում եմ՝ «Ռուբեն Կառլենովիչ, 2020 թվականի ընտրություններին Դուք հոլովակ եք հանել, որտեղ ասել եք՝ էսինչ թեկնածուին աջակցում եք, ու իր ընտրվելու դեպքում ներդրումներ եք անելու Արցախում: Ասում եմ՝ ընտրվել է, ճիշտ է, պատերազմ է եղել, բայց միակ ու առաջին բանկը որ Արցախից միանգամից դուրս է եկել, Ձերն է: Ասում եմ՝ դա ի՞նչ է նշանակում, այսինքն Դուք մտածում եք, որ Արցախում բիզնես անելը իմաստ չունի՞, միայն պիտի սոցիալական ծրագրե՞րը առաջ գնան: Նա խելոք մարդ է, դուր են գալիս իր մտքերը: Բացատրում է նրանով, որ դուրս գալը կապված էր Եվրոբանկի թե Կենտրոնական բանկի ստիպելու հետ: Ինչո՞ւ են միայն նրանց բանկին ստիպում, դե չեմ խորացել: 

Վարդանյանը բիզնեսի մասին հետևյալն է ասել. Ղարաբաղում գործարարները պիտի պատրաստ լինեն մեծ մասը իրենց շահույթի վճարել անվտանգությանը: Շատ վատ բան է ասել: Ասում է՝ Ղարաբաղում աշխատող գործարարները: Այսինքն՝ Հայաստանի գործարարը Արցախի անվտանգության հետ կապ չունի: Այսինքն՝ արդեն առանձնացել ենք: Բացի այդ, Ղարաբաղում գործարարը ի՞նչ շահույթ պիտի ունենա, որ մի հատ էլ անվտանգության հարց կարողանա լուծել: 

Կյանքում մի անգամ մեր գյուղը որոշել են ասֆալտապատել, բայց դա ինձ չի ուրախացրել

Այս վիճակից կոտրվել ենք, որովհետև շատ բան ունենք արած: Մի անգամ, որ Ծմակահողում լինենք, կտեսնեք, մեծ գումարներ ենք ծախսել: Ինչո՞ւ եմ ասում այսքանը: Պատերազմում մեր գյուղից երեք տղա է զոհվել, երկուսը՝ ջահել, մեկն էլ բարեկամս՝ իմ տարիքի: Մենք որ մեր գործը անում էինք, Ծմակահողում ինչ-որ բան էինք ստեղծում, մտածում էինք՝ հարկ ենք մուծում, աշխատատեղ ենք ստեղծում, գյուղացին օգտվելու է, դրսից մարդ է գալու: Այսինքն՝ մենք անում ենք մեր գործը, մեր հետևում էլ՝ մարդիկ անում են իրենց գործը: Բանակ էին պահում, ասում էին՝ լավագույններից լավագույնն է, նորմալ ղեկավարներ ունենք տարբեր ոլորտներում: Պարզվել է, որ մեր արածը պետք չէր: Ավելի լավ էր այդ գումարները ծախսեինք, մեր գյուղի համար գիշերային տեսողության սարք, վրաններ, զրահաբաճկոններ առնեինք: Մեզ պիտի ասեին՝ այս ուղղությամբ պիտի աշխատենք: 

Եվ այսօր Ստեփանակերտից Ասկերան իդեալական ասֆալտ են անում: Կյանքում մի անգամ մեր գյուղը որոշել են ասֆալտապատել, բայց դրանից չեմ ուրախանում: Դրա ժամանակը չէ: Լուսավորությունը ճամփեքի… (բարկանում է:)  Սահմանամերձ գյուղեր են, բայց լուսավորության մասին են մտածում:

Ամենավատը այն է, որ այսօր ով մի փոքր հնարավորություն ունենա՝ հեռանալու է: Ֆեյսբուքը բացում ես՝ «վաճառվում է բնակարան», «վաճառվում է տարածք»: Գործարաներն էլ են ցանկանում տեղափոխվել: Եթե պետությունը չվերցնի իր ձեռքը, ամեն ինչ ավարտվելու է:

Զրուցեց Հայկ Ղազարյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում