«Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման հյուրասրահում ՀՀ ազգային վիճակագրական վարչության գլխավոր մասնագետ Գուրգեն Մարտիրոսյանը հաղորդեց, որ 2012թ. առաջին կիսամյակը զարմացրել է գնանկմամբ. «Միայն հունվար ամսին է գրանցվել էական գնաճ, փետրվարին եղել է գնանկում, մարտին` մի փոքր գնաճ, հետո անընդհատ գնանկում,- նշեց նա,- այս տարին բացառիկ է նրանով, որ վեց ամսից միայն երկուսում է գրանցվել գնաճ»:
Մարտիրոսյանը նշեց, որ մշտադիտարկումը ՀՀ ԱՎՎ-ի կողմից իրականանացվում է 90 անվան ապրանքների գծով: «Գները նվազում են և ոչ միայն վերադառնում դեպի իրենց նախաճգնաժամային դիրքերին, այլև` որոշ դեպքերում իջնում ավելի»,- նշեց նա:
Այսօր դիտարկվող` պարենային ապրանքների գնանկումը նա համարեց բնական` նշելով, որ գրեթե միշտ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին արձանագրվում է գնանկում, իսկ տարեվերջին, սովորաբար գնաճ է լինում: «Փոխարժեքի փոփոխություն այս տարի արձանագրվել է այս տարվա բոլոր ամիսներին, սակայն դրա ազդեցությունը, առավել հավանական է, որ զգացվի հետագայում»,- ասաց Մարտիրոսյանը:
Վիճակագրի դիտարկմամբ` զարգացող տնտեսություններին հատուկ է գնաճը, իսկ Հայաստանում, ուր առկա է որոշակի փակ տնտեսություն, գյուղատնտեսությունն էականորեն ազդում է գների ձևավորման վրա: Մարտիրոսյանը հիշեցրեց, որ այն պտուղ-բանջարեղենները, որոնց բերքը վնասվում է բնական աղետներից, կարող են կրկնակի և ավելի թանկ լինել: Այս տարի, սակայն, բնական աղետները մեծ վնասներ չեն հասցրել, և թանկ չէ ու չի թանկանա ծիրանը, սպասվում է շարունակվող գնանկում կարտոֆիլի, կաղամբի շուկայում:
Civilnet











