Դեդուկցիոն մեթոդի վտանգը
Մտավորականները դիմել են Սերժ Սարգսյանին հեռուստաեթերը կարգավորելու պահանջով։ Նրանք բոլորից լավ գիտեն, որ մեր եթերն ազատ չէ, այլապես պահանջն անօրինական է։ Եթերային ազատության պայմաններում այդպիսի պահանջ չի կարող հնչել։
Մեկնաբանություններ են ծագում։ Եթե եթերն ազատ չէ, ուրեմն երկրում ազատություն չկա։ Եթե ազատություն չկա, ինչո՞ւ պետք է մտավորականի թեման դառնա եթերը, այլ ոչ թե ազատությունը։ Եվ եթե ազատ չէ, ինչո՞ւ նախ և առաջ չեք ամրագրում Սերժ Սարգսյանի մեղքը եթերային ագրեսիայի ծավալման գործում։ Վերջին հարցն ուղղեցի միանգամից երկու դերասանի՝ Տիգրան Ներսիսյանին և Դավիթ Հակոբյանին։ «Ի՞նչ կապ ունի նախագահը»,– հակադարձում են նրանք։ Իսկապես, ի՞նչ կապ ունի։ Բայց այդ դեպքում ո՞ւմ է պատկանում ագրեսիվ և անճաշակ հեռուստասերիալներ ցուցադրող «Արմենիա» հեռուստաընկերությունը, ո՞վ է վերահսկում «Շանթ» հեռուստաընկերությունը։ Ո՞ւմ թրի տակով է եթեր մտնում Հանրային հեռուստաընկերությունը։ Սրանք բոլորն էլ ցուցադրում են հայրենական արտադրության հեռուստասերիալներ։ Սրանք բոլորն էլ պատկանում են կամ առնվազն գտնվում են Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի վերահսկողության տակ։ Եվ եթե նրա վերահսկողության ներքո են, ինչպե՞ս պիտի Սերժ Սարգսյանն ազդի իր փեսայի վրա:
Իմ զրուցակից մտավորականները չէին հասկանում, թե ինչու է Սերժ Սարգսյանը նման քարտ բլանշ տվել Միքայել Մինասյանին։ Հակընդդեմ հարց է ծագում՝ մինչև երեկ ո՞վ էր գործունեության և անպատժելիության քարտ բլանշ տվել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Մալաթիայում ո՞վ էր ժողովրդին կոչ անում քվեարկել ինտելեկտուալ հեղինակություն Սամվել Ալեքսանյանի օգտին։ Դեդուկցիայի մեթոդը մեր մտավորականության համար քաղաքականապես վտանգավոր է։ Նրանք կարող են դառնալ քաղաքականապես անհուսալի։ Հետևաբար՝ կարող է վտանգվել նրանց օրվա հացի իրավունքը։
Այսպիսով՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նման քարտ բլանշ տվել հեռուստաընկերություններին։ Այդպիսի բան արվում է այն երկրներում, որտեղ իշխանությունը ուրիշ ոչինչ առաջարկել չի կարող։ Ասենք՝ չի կարող լրագրողներին հնարավորություն տալ մանրամասնորեն անդրադառնալ ընտրակեղծարարությանն ու ընտրակաշառքին։ Չի կարող մրցակցություն թույլ տալ հեռուստաարտադրանքների միջև, որովհետև այդ մրցակցությունը ցանկացած հեռուստաընկերության պարտավորեցնում է լինել իշխանությունից ավելի ու ավելի անկախ։ Որովհետև հենց TV-ն եղավ կախյալ, մրցակցությունը ծավալվելու է իշխանության մկրատի ծիրին մեջ։ Մտավորականները ցանկացածին կարող էին դիմել հեռուստաեթերը մաքրելու խնդրանքով, բայց ոչ իշխանությանը։ Որովհետև իշխանությունը խնդիր ունի ձևել հասարակությանն այնպես, որ չթպրտա։ Եվ հեռուստաընկերությունները պատվով են կատարել այդ խնդիրը։
Հիմա՝ ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանը եթերը մաքրի ագրեսիայից։ Մաքրի, որ դրա փոխարեն ի՞նչ առաջարկի։ Առջևում նախագահի ընտրություններ են, և սոցիալականապես անհուսալի երկրում ժողովրդի զբաղվածության հիմնական դերը կատարում է հեռուստատեսությունը։ Նշանակում է՝ ժողովրդի զգալի մասը շարունակելու է կառչած մնալ հեռուստատեսությունից։ Նշանակում է՝ սերիալներն այն տեսքով, որով այսօր կան, դեռ պետք են։ Նշանակում է՝ անհրաժեշտ է այնպիսի բան առաջարկել ժողովրդին, որպեսզի երկար-բարակ չմտածի, ասենք՝ գլուխը չթեքի դեպի գիրքը։ Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է և ուրախացնում է, որ մտավորականներն իրեն են դիմել նման խնդրով։ Նրան ուրախացնում է, երբ իրեն կարևորում են։ Ընդ որում՝ գիտի, որ չի բավարարելու խնդրանքը։ Գիտի, որ իմիտացիոն են լինելու իշխանության թափած ջանքերը։ Եվ մարդը լուծում է միանգամից երկու հարց՝ նախ շարունակում է իր ծաղրի դաշտում պահել մտավորականությանը, որն այս օրերին մտահոգություններ է փնտրում Վահե Ավետյանի սպանությունից չխոսելու համար, երկրորդ՝ հասարակության աչքին դեռ հարց լուծող է երևում, այսպես կոչված քաղաքացիական հասարակության աչքի առջև։
Թեմա
Մհեր Արշակյան










