Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությանը կարծես չի հաջողվում կարգավորել ֆինանսական վիճակը։ Ավիափոխադրողը որոշել է հրաժարվել ռուսական արտադրության երկրորդ Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռի ձեռքբերումից և ըստ էության՝ ավիապարկի թարմացումից:
«Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը երեկ ասել է, որ ընկերությունը հրաժարվել է երկրորդ SSJ100 ինքնաթիռի ձեռքբերումից։ Նա չի հստակեցրել որոշման պատճառը:
Նոր ինքնաթիռից «հրաժարվելու» որոշումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ այն պետք է ձեռք բերվեր դեռ անցած տարվա հունիսին։ Ժամկետը հետագայում տեղափոխվեց այս տարի։ Ընդ որում՝ ավիափոխադրողը պարբերաբար հայտարարել է առաջիկա տարիներին ևս երեք ինքնաթիռ գնելու մտադրության մասին։
Հիշեցնենք՝ 2007թ. հոկտեմբերին «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը և «Քաղաքացիական ինքնաթիռներ - Սուխոյ» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի՝ հայկական ավիաընկերությանը մատակարարվելու էր երկու SSJ100։ Տրամադրվելու էր ևս երկու ինքնաթիռի ձեռքբերման օպցիոն։
Չի բացառվում, որ ոչ թե «Արմավիան» է հրաժարվել ինքնաթիռից, այլ պարզապես ռուսական «Վնեշէկոնոմբանկը» որոշել է չվարկավորել գործարքը։ Նշենք՝ անցած տարի բանկը «Արմավիայի» առաջին SSJ100-ի ձեռքբերման համար հատկացրեց $24 մլն։ Նախատեսվում էր, որ բանկը կվարկավորի նաև երկրորդ ինքնաթիռի ձեռքբերումը։ Ներկայում այս տիպի ինքնաթիռն արժե $35,4 մլն։
Իսկ «Վնեշէկոնոմբանկը» «Արմավիային» չվարկավորելու լուրջ հիմքեր ունի։ Բանն այն է, որ ազգային ավիափոխադրողն առերեսվել է ֆինանսական լուրջ խնդիրների։
Այս տարվա գարնանը պարզվեց, որ ավիափոխադրողը մոտ $5 մլն-ի պարտք ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը, շուրջ $2 մլն՝ Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանին։ «Արմավիան» վերադարձրել է նաև լիզինգով վերցված ինքնաթիռներից մեկը։
Նշենք նաև, որ «Արմավիան» վերջին տարիներին հայկական բանկերից ներգրավել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի միջոցներ (ընկերության վարկային պարտավորությունների ծավալը երկրի ներսում մոտ $50 մլն է)։ Նման ծավալի վարկերով և պարտքերով՝ «Արմավիան», ըստ էության, ռիսկային վարկառու է։ Ուստի չի բացառվում, որ նոր ինքնաթիռի համար վարկային միջոցների տրամադրման հարցում այս հանգամանքը ևս իր դերն ունեցել է։ Պետք է հաշվի առնել նաև, որ կառավարության կողմից «Արմավիային» տրված ներքին և միջազգային չվերթներ իրականացնելու բացառիկ իրավունքն ավարտվում է 2013թ.։

Civilnet










