Գլխավոր Լրահոս

Խորհրդային կարծրատիպեր

Խորհրդային կարծրատիպեր

Սահմանադրական նորմերի իմացության և ընկալման վերաբերյալ Սահմանադրության օրվա կապակցությամբ Սիվիլիթաս հիմնադրամը հարցումներ էր անցկացրել: Դրանց արդյունքները թույլ են տալիս պնդել, որ Հայաստանի հասարակությունը դեռ չի ձերբազատվել իրավաընկալման խորհրդային կարծրատիպերից:

Մասնավորապես՝  հարցին «Հայաստանում, ըստ օրենքի՝ հանցագործության մեղադրյալը պարտավո՞ր է, թե՞ պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը», հարցվածների 83 տոկոսը դրական պատասխան է տվել: Սա ուշագրավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով և Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Այս հանգամանքը պարզապես օրենքի չիմացության հետևանք չէ. ի վերջո քաղաքացիները պարտավոր չեն օրենքների և սահմանադրական նորմերի գերազանց իմացություն դրսևորել: Միաժամանակ դժվար է հավատալ, որ Խորհրդային կայսրության փլուզումից 21 տարի անց անկախ Հայաստանի հասարակությունը, զուտ հիշողության գործոնով պայմանավորված, առաջնորդվում է խորհրդային համակարգի իրավական կարծրատիպերով: Քաղաքացիների իրավաընկալումը հիմնականում ձևավորվում է իրավապահ մարմինների հետ փոխհարաբերությունների ժամանակ:

Խնդիրը այստեղ իրավապահ համակարգի մտածողությունն է: Բազմաթիվ անգամներ ապացուցվել է, որ Հայաստանի իրավապահ համակարգը, ավելի շուտ՝ նրա բարձրաստիճան ներկայացուցիչները, չեն կարող ձերբազատվել խորհրդային կարծրատիպերից: Այդ մասին նրանք նույնիսկ բարձրաձայնում են: Բավական է հիշել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի հայտարարությունը, որտեղ նա բառացիորեն ասում էր հետևյալը. «Ազնիվ մարդը պետք է գա, բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ է, ամեն ինչը ճիշտ չէ, էս մարդը ճիշտ չէ»:

Փաստացի Հայաստանի հասարակության ջախջախիչ մեծամասնությունը համամիտ է վերոհիշյալ ձևակերպմանը: Նման մտածողությունը հաստատ օրենքի չիմացության հետևանք չէ, այլ մտածողության և կարծրատիպերի խնդիր է: ԱԱԾ տնօրենը միակ չէ իրավապահ համակարգում, որը խորհրդային նման կարծրատիպի կրող է: Ցավալին այն է, որ այդ համակարգում նոր սերնդի երիտասարդ կադրերն էլ դաստիարակվում են հենց այդ ոգով:

Որպես հետևանք՝ Հայաստանի իրավապահ համակարգն իր գործելաոճով փաստացի դեգրադացրել է քաղաքացիների իրավամտածողությունը՝ նրանց տանելով խորհրդային հին ու «բարի» ժամանակներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում