Եթե-ներ փետրվարից առաջ

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Դաշնակցությունը գերադասում է ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, սակայն չի բացառում միասնական ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը: Նշված երկու մոտեցումները ընկալելի կլինեն միանգամայն տարբեր իրավիճակներում, սակայն արդյունավետության տեսակետից ՀՅԴ-ի՝ սեփական թեկնածուով հանդես գալը ակնհայտորեն զիջում է երկրորդ տարբերակին:
Բնականաբար, քաղաքական ուժերը դեռ հստակ դիրքորոշում չեն հայտնել 2013թ. նախագահական ընտրությունների մասին, ուստի հնարավոր զարգացումները կարելի է դիտարկել միայն եթե-ներով:
Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ընդդիմադիր դաշտում հնարավոր չլինի համապատասխան կոնսոլիդացիա ապահովել միասնական թեկնածուի շուրջ, ապա Դաշնակցության մոտեցումը առավել քան ընկալելի կլինի, քանի որ այս քաղաքական ուժը, չնայած հաջողություն չունեցավ խորհրդարանական ընտրություններին, բայց կարող է պայքարել նախագահի պաշտոնի համար: Այլ հարց է, թե որքանով այդ պայքարը արդյունավետ կլինի:
Եթե ՀՀԿ-ին հակադրվող քաղաքական ուժերը հանդես գան կոնսենսուսային միասնական թեկնածուով՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու համար, և եթե Դաշնակցությունը ինչ-ինչ պատճառներով որոշի զերծ մնալ այդ թեկնածուին աջակցելուց, ապա այդ դիրքորշումը հեշտ չի ընկալվի հասարակության կողմից:
Բնականաբար ներկայիս իշխանության վերարտադրությունը կանխելը ինքնանպատակ չէ և պայմանավորված է վերջին տարիններին գրանցված տնտեսական և քաղաքական ձախողումներով: Խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանի անձն է, այլ նրա գլխավորած համակարգը:
Եթե Դաշնակցությունը կոնսենսուսային թեկնածուին չաջակցի, այդ քայլով կարող է նույնիսկ օգնած լինել Սերժ Սարգսյանին: ՀՅԴ-ն գործում է ընդդիմադիր դաշտում, և այդ կուսակցության կայուն ընտրազանգվածից բացի, նրա օգտին կքվեարկեն այն մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի ընտրազանգվածը չեն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին հնարավոր հակադրվող քաղաքական ուժերի էական ջլատում կլինի:
Բացի այդ, կոմպրոմիսային թեկնածուի առկայության պարագայում խորհրդարանական ընտրությունների ընթացքում 5-տոկոսանոց [թեկուզև կեղծված ընտրություններով] արդյունք գրանցած ՀՅԴ-ի համար նախագահական աթոռի համար պայքարը զուտ բուտաֆորիկ բնույթ է կրելու, քանի որ քիչ հավանական է, որ ՀՅՖ-ն կարողանա մի քանի ամսվա ընթացքում տասնապատկել իր օգտին քվեարկողների բանակը՝ 2013թ. մրցապայքարում հաղթելու համար:
Ներկայիս քաղաքական իրավիճակում խորհրդարանում հայտնված գրեթե բոլոր ուժերը կանգնած են այս խնդրի առաջ: Նարնցից յուրաքանչյուրը առանձին մրցապայքրաի մեջ մտնելու դեպքում դատապարտված է պարտության: Թեև ԲՀԿ-ն անհամեմատ լավ հասարակական աջակցության արդյունք է գրանցել, սակայն այս կուսակցության դեպքում ևս առանձին թեկնածուով հանդես գալը հաղթանակ չի երաշխավորում:
Խնդիրն այն է, որ նախագահական ընտրապայքարի մեջ մտած ուժերը ոչ միայն պայքարելու են իշխանական թեկնածուի դեմ, այլև ընտրությունների ընթացքի վերահսկման գործառույթ են իրականացնելու, որը կարևոր գործոն է հաղթանակի համար: Հետևաբար, մասշտաբային նման գործընթացի մասնակցելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի առավելագույն կոնսոլիդացիա, ինչը հնարավորության կտա երկրում իրական փոփոխություններ անել:











