Կենտրոնական բանկն այդպես էլ չի գնում փողի էժանացման։ Թեև գնաճն արդեն չորրորդ ամիսն է շեղվում թիրախային ցուցանիշից, ԿԲ-ում չեն շտապում քայլեր ձեռնարկել այն թիրախային մակարդակի բերելու համար։ Երեկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ թողնվել է անփոփոխ՝ 8% մակարդակում:
Համաձայն ԿԲ-ի հաղորդագրության՝ 2012թ. երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրված փաստացի միտումները հիմնականում համահունչ են եղել Դրամավարկային քաղաքականության երկրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին, այն է՝ կանխատեսվող հորիզոնում ոչ գնաճային ճնշումների ակնկալիքներ:
«Եվրամիության պարտքային հիմնախնդիրների սրման և համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի դանդաղման սպասումների շարունակման պայմաններում կանխատեսվող հորիզոնում կպահպանվի հիմնական հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը, թեև ցորենի միջազգային շուկայում դիտվել է գների որոշակի աճ՝ պայմանավորված ցորենի համաշխարհային բերքի ծավալների կրճատմամբ»,– նշված է հաղորդագրությունում:
Ըստ ԿԲ-ի՝ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը կլինի փոքր-ինչ գնաճային։ Ընդ որում՝ արդյունաբերության և ծառայությունների ոլորտների թողարկման ծավալների առավել արագ աճի տեմպերով պայմանավորված տնտեսական ավելի բարձր աճը կանդրադառնա համախառն պահանջարկի խթանման, ինչպես նաև մասնավոր սպառման առավել արագ տեմպերով աճի վրա՝ արտահայտվելով գնաճային դրսևորումներով: Բացի այդ՝ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գների վրա կանխատեսվող հորիզոնում գնահատվել է չեզոք:
«Հաշվի առնելով արտաքին և ՀՀ տնտեսությունների իրար փոխադարձ չեզոքացնող ազդեցությունները ներքին գների վրա, ինչպես նաև այն, որ հունիսին ևս շարունակվել են դրամի արժեզրկման միտումները, որը դրամավարկային պայմանների արդեն իսկ թուլացում է, խորհուրդը որոշեց ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխումից: Դա հիմնավորվում է նաև նրանով, որ 12-ամսյա գնաճի վերջին ամիսներին ձևավորված ցածր մակարդակն առավելապես պայմանավորված է եղել գյուղմթերքների գների անկման ընդգծված սեզոնայնությամբ, որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվում է գնաճի նպատակային ցուցանիշի սահմաններում»,– նշված է ԿԲ հաղորդագրությունում։
Պատճառ կգտնվի
ԿԲ-ն կարծես ամեն կերպ փորձում է հիմնավորել «թանկ» փողի քաղաքականությունը և տնտեսության զարգացման հարցում դիտորդի իր կարգավիճակը։ Եթե հունիսին վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու հիմնավորման մեջ նշվում էր, թե դրամի արժեզրկումը գների մակարդակի վրա կթողնի իր գնաճային ազդեցությունը, ապա հուլիսյան հիմնավորումն այլ ձևակերպում ունի՝ «տնտեսության զարգացումներ» և «գյուղմթերքի գների սեզոնայնություն»։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու ԿԲ-ի հունիսի և հուլիսի որոշումներն ըստ էության հակասում են մայիսի 18-ին հրապարակած «Գնաճի հաշվետվություն» պարբերականով տված ազդակներին։ Դրանում ԿԲ-ն չէր բացառում, որ եթե արտաքին և տնտեսության ներքին զարգացումները չբերեն գնաճային միջավայրի ընդլայնման, ապա ԿԲ գործողությունները կհանգեցնեն դրամավարկային պայմանների թուլացման, և առաջիկա ամիսներին գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) ստորին հատվածում: Հիմա երբ ըստ էության արտաքին և ներքին տնտեսություններից բացակայում են գնաճային ճնշումները, ԿԲ-ն փողը չէժանացնելու նոր պատճառներ է գտել։ ԿԲ-ի անհետևողականությունը և որոշումների ու ազդակների հակասությունը նվազեցնում է վստահությունը կարգավորիչի նկատմամբ։
Նշենք, որ 2012թ. հունիսին արձանագրվել է 1,3% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 0,7%՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքից (4±1,5%)ցածր մակարդակում: Նշենք, որ մայիսին 12-ամսյա գնաճը թիրախային ցուցանիշի ստորին մակարդակից շեղվել է 2-տոկոսային կետով, ապրիլին՝ 0,6-տոկոսային կետով, մարտին՝ 0,3-տոկոսային կետով։ Սա նշանակում է, որ ԿԲ-ն չի կատարում «Կենտրոնական բանկի մասին» օրենքով իր վրա դրած հիմնական գործառույթը՝ գների կայունության ապահովում։
Civilnet











