Հայաստանի իշխանությունները թեև լռում են Հայաստան մատակարարվող գազի գնի բարձրացման մասին, սակայն վիճակագրական տվյալներից երևում է, որ ռուսական գազն արդեն թանկացել է անցած տարվա երկրորդ կեսից։ Չնայած հավաստիացումներին, որ գազի գինն անփոփոխ է մնացել, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը 1000 խմ գազը գնել է $220-ով։
Պետեկամուտների կոմիտեի կողմից եռամսյակային կտրվածքով հրապարակվող «ՀՀ արտաքին առևտուր. երկիր-ապրանք» աղյուսակից երևում է, որ անցած տարի Ռուսաստանից ներկրված 1000 խմ գազի միջին մաքսային արժեքը կազմել է $198։ Սա այն դեպքում, երբ անցած տարի հուլիսին էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարում էր, որ գազի գինը չի փոխվել և չի փոխվելու մինչև 2012թ.ապրիլ: Այս տարվա փետրվարին էլ նա հայտարարել էր, թե գազի գինը չի փոխվել, և առաջվա պես 1000 խմ գազը Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է $180-ով։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ներկրված 1000 խմ գազի մաքսային արժեքը կազմել է $219,5։ «Օրակարգի» տեղեկություններով՝ ներկայում արդեն Հայաստանը գազը ձեռք է բերում $240-ով։
2011թ. երրորդ, չորորդ եռամսյակներում գազի մաքսային արժեքի փոփոխությունից, ինչպես նաև այս տարվա առաջին եռամսյակի մաքսային արժեքից երևում է, որ Հայաստանի համար վերանայվել է ոչ միայն գազի գինը, այլև գնագոյացման մեթոդաբանությունը։ Եթե նախորդ տարիներին «Գազպրոմը» Հայաստանի համար սահմանում էր գազի տարեկան գին, ապա ներկայում կարծես գինը սահմանվում է եռամսյակային կտրվածքով։
Ըստ «Գազպրոմէքսպորտ» և «ՀայՌուսգազարդ» ընկերությունների միջև 2008թ. հուլիսի 2-ին ստորագրված պայմանագրի՝ յուրաքանչյուր տարի կողմերը պատրաստում և ստորագրում են պայմանագրի լրացումը, որին և ամրագրվում է տվյալ տարվա գազի գինը։ Ըստ այդ պայմանագրի՝ գազի գնի հաշվարկման հիմքում ընդունվում է 9 ամիսների կտրվածքով եվրոպական երկրների գազի միջին գինը, նավթամթերքի գները, ինչպես նաև երկրի համար սահմանված ճշգրտման գործակիցը։
Նշենք, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը միակ երկիրն էր, որի համար գազի գինը սահմանվում էր տարվա կտրվածքով, մինչդեռ, օրինակ՝ Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի համար գազի գինը սահմանվում է եռամսյակային կտրվածքով։ Եռամսյակային գնագոյացման մեթոդը գնորդի համար մի շարք ռիսկեր է պարունակում, մասնավորապես՝ կախյալ է դարձնում համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներից։
Հայաստանը, ըստ էության, արդեն անցել է գազի գնի շուկայական գնագոյացմանը, ինչպես 2008թ. պայմանագրի ստորագրումից հետո պայմանավորվել էին «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը։
Civilnet











