Առնվազն մինչև 2013թ. զարգացած երկրներում գործազրկության մակարդակը կշարունակի բարձր մնալ: Ընդ որում՝ առավել խոցելի խավը կլինեն երիտասարդությունը և ցածր որակավորում ունեցող անձինք, քանի որ տնտեսությունները չափազանց դանդաղ են վերական գնվում: Այսպիսի եզրակացություն է պարունակում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցը:
ՏՀԶԿ կանխատեսումների համաձայն՝ կազմակերպության անդամ երկրներում գործազրկության նախաճգնաժամային մակարդակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի ստեղծել 14 մլն աշխատատեղ: Վերջին երկու տարում, ըստ ՏՀԶԿ-ի, աշխատատեղերի ստեղծումը հնարավոր է եղել ժամանակավոր պայմանագրերի ստորագրման շնորհիվ, քանի որ շատ ընկերություններ չեն ցանկացել հիմնական աշխատողներ ընդունել՝ պայմանավորված տնտեսական անկայուն իրադրությամբ:
Զեկույցի տվյալների համաձայն՝ սկսած 2011թ. վերջից գործազրկության մակարդակը զգալիորեն բարձրացել է Եվրամիության երկրներում, իսկ ԱՄՆ-ում այս ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ 8,25%: ԵՄ երկրներից գործազրկության ամենաբարձր մակարդակը Իսպանիայում է 24,6%, ինչպես նաև Էստոնիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Պորտուգալիայում և Սլովակիայում:
Ըստ ՏՀԶԿ-ի՝ զարգացող երկրներում, բացի Հարավաֆրիկյան Հանրապետությունից, աշխատանքի շուկայի ճգնաժամը հաղթահարվել է: Չնայած սրան՝ վերջին շրջանում այս երկրների տնտեսությունների աճի դադաղում է արձանագրվում, հատկապես՝ Բրազիլիայում, Չինաստանում և Հնդկաստանում:
ՏՀԶԿ երկրների շրջանում բարձրացել է երկարատև գործազրկության մակարդակը, երբ ամեն երրորդ գործազուրկը աշխատանք չի կարողանում աշխատանք գտնել 12 ամսվա ընթացքում: Եվրոպայում երկարատև գործազրկության մակարդակը 44% է, ընդ որում՝ ընդհանուր գործազրկության մեջ նրա մասնաբաժինն ավելացել է: ԱՄՆ-ում այս ցուցանիշը կազմել է 30%՝ նախաճգնաժամային 10%-ի համեմատ:
2011թ. ՏՀԶԿ երկրներում մարդկանց թիվը, որոնք աշխատանք չունեն ավելի քան 2 տարի, ավելացել է մինչև 7,8 մլն՝ 2007թ. 2,6 մլն-ի համեմատ: Մարդկանց այս խումբը առերսևում է աղքատության մեջ հայտնվելու և հասարակությունից մեկուսանալու ռիսկին: Հետևապես՝ ՏՀԶԿ-ն խորհուրդ է տալիս առավել մեծ ուշադրություն դարձնել այս խմբին:
Civilnet











