Ահմադ Ռեզա Մոթամեդիի ֆիլմերը որպես կանոն ջերմ ընդունելության են արժանանում։ Ռեժիսորը արևմտյան փիլիսոփայության և արվեստի փիլիսոփայության գիտությունների թեկնածու է, էսսեագիր, սցենարիստ: Մոթամեդիի աշխատանքները ներշնչված են Սարտրի, Քամյուի և Հայդեգերի էքզիստենցիալ գաղափարներով, ու միևնույն ժամանակ՝ չափազանց արդիական, նույնիսկ կենցաղային: «Ալցհայմերը» մի կնոջ մասին է, որը չցանկանալով հաշտվել ամուսնու մահվան հետ, քսան տարի շարունակ սպասում է նրան և վերջապես գտնում՝ հիշողությունը կորցրած մի մարդու կերպարում: Ֆիլմի ցուցադրությունից հետո Ահմադ Ռեզա Մոթամեդիի հետ ՍիվիլՆեթ-ը զրուցել է ֆիլմի և կինոյում ռեժիսորի որոնումների մասին:
- Ձեր ֆիլմը կոչվում է «Ալցհայմեր», թեև ֆիլմի հերոսն իրականում տառապում է հիշողության կորստից։ Մտածվա՞ծ է այդ անվանումը։
- «Ալցհայմերն» առնչվում է մոռացության հետ: Օգտագործելով հենց այդ բառը ես ցանկացել եմ մատնանշել ոչ թե հերոսի հիվանդությունը, այլ ուրիշներին մոռանալու հանգամանքը։ Այո, ֆիլմում հերոսը գլխին հարված է ստացել և կորցրել հիշողությունների մի մասը, սակայն «Ալցհայմերի» հիվանդությունից չի տառապում: Ալցհայմերի սինդրոմի ժամանակ մարդը հետզհետե կորցնում է իր հիշողությունը, իսկ վերջում՝ նաև մտածելու ունակությունը։ Ես դրանով ցանկացել եմ մեր օրերին այնքան բնորոշ մտահոգությանը անդրադառնալ. չնայած մեր ժամանակները ռացիոնալ են համարվում, այսօր մենք ճիշտ մտածողության պակաս ենք զգում:
- Ինչպե՞ս ընդունվեց ֆիլմն Իրանում։
- Իրանում ամենախոշոր «Ֆաջր» միջազգային կինոփառատոնում այն մրցանակի արժանացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Իսկ ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա Իրանում երկու տեսակի հանդիսատես կա։ Մի մասը դիտում է միայն հոլիվուդյան, կոմերցիոն կինո։ Սակայն կան և այնպիսի մարդիկ, որոնք գնահատում են հեղինակային, փիլիսոփայական կինոն։ Կարող եմ ասել, որ այդ զանգվածը տարեց տարի ավելանում է:
- Ինչո՞ւ է այսօր փառատոնային կինոն այդքան տարբեր։
- Իհարկե, չեմ կարող հերքել, որ նման անջատում կա: Ժակ Շիրակը ժամանակին ասել է, որ հարկավոր է փրկել եվրոպական կինոն ամերիկյան արտադրության ճնշումից, քանի որ այն կործանարար է:
Այսօր երկու տեսակի կինո կա՝ առաջինը հենվում է դրամատիզմի վրա, ինչպիսին օրինակ, հոլիվուդյան կինոարտադրությունն է։ Երկրորդի կենտրոնում կերպարն է, անհատականությունը: Բայց ինչպես Արիստոտելն է ասել ժամանակին՝ լավ ստեղծագործության մեջ պիտի հավասարակշռված լինեն և՛ դրամատուրգիան, և՛ կերպարները:
Շատ քիչ ռեժիսորներ կան, որոնք Ժան-Լյուք Գոդարի նման դիմանում են ճնշմանը և 50 տարի շարունակ պահում որակը: Ես հիմա մեծ դժվարությամբ եմ կարողանում ուսանողներիս համոզել, որ ժամանակ հատկացնեն Փարաջանովի կամ Տարկովսկիի ֆիլմերը նայելու համար։
- Ձեր ֆիլմում նկարահանվել են իրանական կինոյի ամենավառ աստղերը։ Ինչպես է հաջողվել ներգրավել նրանց փորձառական նման նախագծում։
- Իմ գրեթե բոլոր ֆիլմերում խաղում են ժամանակի լավագույն դերասանները: Ես աշխատում եմ, որ նկարահանող խումբը բաղկացած լինի ամենաբարձր մակարդակի մասնագետներից: Պատճառը հենց իմ ֆիլմերի փորձառական բնույթն է: Ես չեմ կարող ինձ թույլ տալ «փորձեր կատարել» նաև անձնակազմի հետ։ Ֆիլմի համարձակության համար բավական է միայն մի փորձառական միտք ունենալ, որը սակայն պիտի իրականացվի մասնագետների միջոցով:
- Իրանում կինոն արագընթաց զարգացում է ապրում և իրանցի ռեժիսորները կարծես գտել են աշխարհի հետ շփվելու լեզուն: Ինչպիսին է այդ լեզուն, ինչն է օգնում երկխոսությանը։
- Երկխոսության ունակությունը յուրաքանչյուրիս էության մեջ է: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ երկխոսությունն անհրաժեշտ է: Արվեստն առհասարակ երկխոսության լավագույն ձևերից է, իսկ կինոն այսօր ամենալավ տարբերակն է։ Իրանցի ռեժիսորները հասկացել են սա և կարողանում են խոսել աշխարհի հետ կերպարների միջոցով: Այսինքն, մեզ հաջողվում է գտնել այնպիսի կերպարներ, որոնք հետաքրքիր են արտաքին աշխարհին:
- «Ոսկե ծիրանին» ներկայացրած Ձեր ֆիլմում խոսվում է նաև Իրանում սոցիալական հարցերի, ներքին խնդիրների մասին: Ո՞ւմ համար են Ձեր ֆիլմերը։
- Բնականաբար, իմ առաջին հասցեատերը իրանցի հանդիսատեսն է։ Սակայն կան բաներ, որոնք համընդհանուր են: Այսօր թվում է, թե մարդիկ շփման բազմաթիվ միջոցներ ունեն, բայց միևնույն ժամանակ չեն կարողանում ինքնուրույն մտածել: Թվում է, թե մենք տրամաբանական ժամանակաշրջանում ենք ապրում, սակայն մարդիկ կորցրել են մտածելու ունակությունը:
Մենք կորցրել ենք մարդուն որոնելու և գտնելու զգայարանները: Մենք սխալ ենք միմյանց փնտրում: Զարգացնելով գիտությունը՝ մոռացել ենք անմիջական իմացության մասին: Մարդը ԴՆԹ-թեստով չի որոշվում, մենք պիտի վերագտնենք դեպի մարդը տանող ճանապարհը:
- Ո՞րն է այսօր ռեժիսորի խնդիրը, առաքելությունը։
- Երբ խնձորը պոկվեց և ընկավ ծառից, Նյուտոնը կարողացավ տեսնել ոչ թե խնձորը, այլ այն ուժը, որը նրան դեպի երկիր ձգեց։ Իմ կարծիքով՝ մեր առաքելությունն այն է, որ կարողանանք ցույց տալ չերևացողը։ Մենք պիտի օգնենք մարդկանց նյուտոնական հայացք ունենալ: Ֆիմի միջոցով ես ցույց եմ տալիս այն կապը, որ կա մեր մեջ՝ իմ և ձեր:
- «Ալցհայմերը» այլաբանական ֆիլմ է՝ անավարտ մտքեր, երկիմաստ իրավիճակներ և վերջապես բաց, անորոշ ավարտ: Գաղտնիքները չբացահայտելը յուրահատուկ հանդիսատես գտնելու Ձեր ձևն է։
- Այո, ֆիլմը շերտավոր է։ Սակայն ես համոզված եմ, որ յուրաքանչյուրիս մեջ են այդ շերտերը և ամեն ոք, մի փոքր ուժերը լարելով, կարող ներթափանցել ֆայդ շերտերի մեջ և գտնել իր պատասխանները:
Զրուցեց Մարիա Հովսեփյանը
Civilnet











