Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական գումարներ՝ Օքսֆորդի համալսարանին․ հետազոտական անաչառությունը՝ կասկածի առարկա

Ադրբեջանական գումարներ՝ Օքսֆորդի համալսարանին․ հետազոտական անաչառությունը՝ կասկածի առարկա

Timeshighereducation.com կայքում հրապարակվել է Դեյվիդ Մեթյուսի (David Matthews) հոդվածը, որն անդրադառնում է Օքսֆորդի համալսարանի կենտրոնին ադրբեջանական գումարների տրամադրմանը և շահերի հնարավոր բախմանը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Ադրբեջանի ավտորիտար ղեկավարի ընտանիքի անդամներից մեկը Օքսֆորդի համալսարանի՝ Ադրբեջանն ուսումնասիրող  հետազոտական կենտրոններից մեկի խորհրդի անդամ է, ինչը շահերի հնարավոր բախում է կրթության ոլորտում:

Հայ գիտնականների խումբը մտահոգություն է հայտնում, որ Օքսֆորդի Նիզամի Գյանջավի կենտրոնը, որը հիմնադրվել է 2018-ին` չբացահայտված աղբյուրից ստացված 10 միլիոն ֆունտ ստեռլինգի նվիրատվությամբ, կարող է անտեսել Ադրբեջանում հայկական ժառանգության ուսումնասիրությունը, որը, նրանց կարծիքով, այդ երկրի կառավարությունը փորձում է ջնջել։

Նվիրատվությունը միջնորդել է Նարգիզ Փաշաևան՝ քենին նախագահ Իլհամ Ալիևի, որը 2003-ից ի վեր ղեկավարում է Ադրբեջանը խոշտանգումների, քաղաքական հակառակորդներին բանտարկելու և կոռուպցիայի մեղադրանքների ներքո:

Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտոր, պրոֆեսոր Փաշաևան օքսֆորդյան կենտրոնի յոթ հոգանոց խորհրդի անդամ է, որը որոշում է, թե որ դիմորդները կստանան կրթաթոշակ Ադրբեջանն ու ընդհանրապես տարածաշրջանն ուսումնասիրելու համար:

«Մտահոգիչ է այն փաստը, որ Օքսֆորդի Նիզամի Գյանջավի կենտրոնը ստեղծվել է առեղծվածային ծագման մեծ նվիրատվության շնորհիվ՝ անհատի միջոցով, որն առավելագույն սերտ կապեր ունի Ադրբեջանի ղեկավարների հետ»,- ասում է ԱՄՆ-ում Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի ակադեմիական տնօրեն Մարկ Մամիկոնյանը։

Տասնամյակներ շարունակ գիտնականներն ու լրագրողները ահազանգել են Ադրբեջանի տարածքում հայկական խաչքարերի, պատմական հայկական գերեզմանների, եկեղեցիների ոչնչացման մասին:

«Մտահոգվելու հիմքեր կան այն հավանական ազդեցության շուրջ, թե ինչպես կփաթեթավորվի Հարավային Կովկասի անցյալի և ներկայի ուսումնասիրությունը, այսինքն` ինչ է ներառվելու, ինչը՝ ոչ, և որ ուժերն են ազդելու այդ առերևույթ ակադեմիական որոշումների վրա»,- ասում է Մարկ Մամիկոնյանը։

Կանխապնդումներ չկան, որ կենտրոնի գոյություն ունեցող հետազոտությունները քաղաքականապես կողմնակալ կամ թերի են:

Հիմնադրամը ներկայացված է որպես «Անգլո-ադրբեջանական ընկերակցության» նախագիծ, մի մարմին, որտեղ պրոֆեսոր Փաշաևան համանախագահ է, և որի նպատակն է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը: Չնայած կայքն այլևս գործունակ չէ, այն հովանավորների թվում նշում էր Լոնդոնում Ադրբեջանի դեսպանին։

Օքսֆորդի խոսնակներից մեկը նշում է, որ Օքսֆորդի նվիրատվությունների վերստուգիչ հանձնաժողովը «տեղեկացվել է այս նվիրատվության սկզբնաղբյուրի մասին, որը կառավարությունից չէ», բայց այլ տեղեկություններ աղբյուրի վերաբերյալ չի հավելում:

Ըստ ԱՄՆ-ի «Ժողովրդավարության ազգային հիմնադրամի» Կովկասյան ծրագրերի ավագ համակարգող Էլսպեթ Սաթերսի, որը նախազգուշացրել է արևմտյան համալսարաններին ինքնակամ նվիրատվությունների մասին, «միանգամայն ճիշտ է կասկածի տակ դնել, թե որտեղից են գալիս այդ միջոցները»:

Օքսֆորդի խոսնակը հավելում է. «Կենտրոնը պաշտոնապես կառուցված է համալսարանի ստանդարտ դրույթների համաձայն, որոնք երաշխավորում են ակադեմիական ազատությունը և հետազոտական անկախությունը: Կենտրոնի շրջանավարտների կրթաթոշակի և կրթաթոշակային ծրագրերի դիմումները դիտարկվում են միայն ակադեմիական չափանիշներով»:

Պրոֆեսոր Փաշաևան մեկնաբանության խնդրանքը թողել է անպատասխան։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English. 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում