Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի պատվավոր հյուրն է վրացի ռեժիսոր Էլդար Շենգելայան: Այսօր «Ռետրոսպեկտիվ» ծրագրի շրջանակում մեկնարկում է լեգենդար ռեժիսորի ֆիլմերի ցուցադրությունը: Առաջիկա օրերին երևանցիները հնարավորություն կունենան դիտելու հին վրացական կինոյի լավագույն ավանդույթներով ստեղծված «Սամանիշվիլու խորթ մայրը», «Խելառները», «Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն” և «Արտասովոր ցուցահանդես» ֆիլմերը:
Ցուցադրությունից առաջ ՍիվիլՆեթը զրուցել է Էլդար Շենգելայայի հետ:
-Այս տարի Ձեզ շնորհել են «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Դուք մեծ դեր եք խաղացել Փարաջանովի կինո վերադառնալու գործում, աջակցել նրա ազատմանը բանտից, կազմակերպել ցուցահանդես: Կպատմե՞ք Փարաջանովի հետ Ձեր ծանոթության մասին:
-Ես Փարաջանովի հետ ծանոթացել եմ նրա առաջին, եթե չեմ սխալվում, դիպլոմային «Անդրիեշ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Ֆիլմը հետաքրքիր էր, և կարծում եմ, որ այն կարծես նախաբան լիներ այն ֆիլմերի, որ պիտի հետագայում ստեղծեր: Այդ հանդիպումը հպանցիկ էր: Հետո նա մի քանի շատ անհաջող ֆիլմեր նկարեց, որոնք չէին արտահայտում նրա էությունը: Հետո Փարաջանովը նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները», որը իհարկե հիանալի ֆիլմ է: Ես հիշում եմ՝ հետևում էի, թե ինչպես են Փարաջանովը և Սերգեյ Գերասիմովը զբոսնում Կինոյի տան առջև և չնայած չէի լսում՝ ինչ են խոսում, հասկանում էի, որ Գերասիմովին շատ է դուր եկել ֆիլմը: Մեր ընկերությունը Փարաջանովի հետ սկսվեց երբ նրան «արտաքսեցին» իր հայրենիք` իր հոր և մոր տունը: Այդ պահից ի վեր մենք շատ մոտ էինք, հաճախ իրար հյուր էինք գնում, կինս` Նելլին, իր համար հատուկ ուտեստներ էր պատրաստում: Մինչև նրա մահը մենք ընկերություն էինք անում: Ես այսօր կրկին այցելեցի նրա թանգարանը Երևանում, նայեցի նրա կոլաժները… Կարծում եմ՝ նա մեծ վարպետ էր և նրա ավանդը կարևոր է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային արվեստի համար: Սերգեյ Փարաջանովի անունը մեծ անուն է, որը կմնա պատմության մեջ քանի դեռ մարդկությունը գոյություն ունի:
-Արդյոք գո՞հ եք այս տարի Երևանում ցուցադրվող Ձեր ֆիլմերի ընտրությունից և ունե՞ք սիրելի ֆիլմ:
-Իհարկե գոհ եմ: Բայց իմ ֆիլմերը կարծես իմ երեխաները լինեն: Իսկ երխաների մեջ լավն ու վատը չեն ընտրում: Բոլորն էլ սիրում եմ: Կարծում եմ՝ ֆիլմերի մասին կարծիք պիտի արտահայտեն հանդիսատեսն ու քննադատները: Իսկ ես քննադատությանը շատ լավ եմ վերաբերվում, քանի որ այն անհրաժեշտ է:
-Ինչո՞ւ դադարեցիք կինո նկարել:
-Այդպիսի ժամանակ էր, Հայաստանում էլ էր այդպես, ժողովուրդն էր պահանջում, որ մենք` մշակութային գործիչներս, մտնենք քաղաքականություն: Կարծում եմ՝ դա ճիշտ էր, քանի որ 90-ականներին անհնար էր կինո նկարել: Էլեկտրաէներգիա չկար, ինչպես կարելի էր այդ մթության մեջ մի բան անել: Չէ՞ որ սկզբից Էդիսոնը էլեկտարական լապը ստեղծեց, հետո նոր Լյումյեր եղբայրները ստեղծեցին կինոն: Բացի այդ, իմ երրորդ դուստրը` Ելենա Շենգելայան, զոհվեց ավտովթարի հետևանքով: Դրանից հետո ես առհասարակ ոչինչ չէի ուզում անել և քաղաքականությունից ևս հեռացա:
-Վերջերս մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Էլդար Շենգելայան վերադառնում է կինո: Դա այդպե՞ս է:
-Այո, ես ուզում եմ ֆիլմ նկարահանել, հիմա սցենար եմ որոնում, գրականություն կարդում: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ կգտնեմ թեման և կսկսեմ աշխատել սցենարիստների հետ: Իսկ հաջորդ տարի կսկսեմ նկարահանումները: Իհարկե, պետք է խումբ հավաքել, քանի որ ռեժիսորը կարծես դիրիժոր լինի․ ինձ լավ երաժիշտներ են հարկավոր գեղեցիկ գործ ստեղծելու համար: Միգուցե կատակերգություն նկարեմ:
-Դուք հին ու լավ վրացական կինոյի ներկայացուցիչներից եք: Արդյոք շարունակվո՞ւմ են հին ավանդույթները, այսօր Վրաստանում ստեղծվո՞ւմ է լավ կինո:
-Ցավոք, չեմ կարող ասել, որ ավանդույթները շարունակվում են: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող պիտի առաջին հերթին հենվի իր մշակույթի վրա: Ցանկալի է, որ եկող սերունդը լուրջ մտահոգվի այդ հարցով: Այդ դեպքում նրանք կկարողանան սեփական լավ կինո նկարել: Այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել հայկական, վրացական, ռուսական կինոյի մասին:
-Ի՞նչ տպավորություններ ունեք «Ոսկե ծիրանից»:
-Ամենալավ: Ես առաջին անգամ եմ մասնակցում փառատոնին և տեսնում եմ, ինչպես է այն կազմակերպված, ինչ ֆիլմեր են ներկայացնում: Թբիլիսիում մենք ունենք նման մի փառատոն, սակայն այն շատ է զիջում «Ոսկե ծիրանին»: Շնորհակալ եմ Ռոման Բալայանին, որը կազմակերպեց իմ այցն այս տարի:
Civilnet











