Գլխավոր Լրահոս

Պայթյունավտանգ գազ

Պայթյունավտանգ գազ

Երեկ ՍիվիլՆեթը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, գրել էր, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանին մատակարարվող գազը արդեն իսկ թանկացրել է 60 դոլարով, և ներկայում Հայաստանը 1000 խմ ռուսական գազի համար վճարում է 240 դոլար: Հայաստանի բարդ տնտեսական իրավիճակում գազի թանկացումը լրջագույն խնդիր է, և տրամաբանական կլիներ, եթե կառավարությունը հանդես գար հայտարարությամբ՝ հերքելով կամ հաստատելով լուրը: Tert.am-ի հարցմանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում երեկ պատասխանել են, թե չեն մեկնաբանում գազի թանկացման մասին լուրը և որ «ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են»:

Ուշագրավն այն է, որ գազի գնի շուրջ պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունների կողմից ամբողջապես դիտարկվում են ընտրությունների համատեքստում: Նոր գնի մասին փորձ է արվում չհայտարարել առնվազն մինչև փետրվարի նախագահական ընտրությունները:

Բնական է, որ ծանր տնտեսական իրավիճակում գտնվող երկրի համար, որտեղ պաշտոնապես աղքատ է բնակչության ավելի քան 35 տոկոսը, գազի թանկացման մասին լուրը կարող է լուրջ հասարակական դժգոհության ալիք բարձրացնել և ավելի բարդացնել իշխանության վերարտադրությունը:

Եթե Հայաստանը գազի թանկացման համար իսկապես վճարում է «ՀայՌուսգազարդում» իր 20 տոկոս բաժնեմասի 10 տոկոսը ռուսներին փոխանցելով՝ առանց հանրությանն իրազեկելու, դա հավասարազոր է կառավարության կողմից սեփական լիազորությունների չարաշահմանը: Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը և նրա քաղաքացին է այդ 20 տոկոսի տերը, որը պարտավոր է իմանալ՝ ինչ է կատարվում իր ակտիվների հետ:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ճիշտ է նկատում, որ այդ գործարքը գաղտնի պահելով՝ կառավարությունն աղավաղում է ներքին շուկայում գազի գնագոյացման մեխանիզմը: «Այսինքն՝ այս գաղտնիության արդյունքում հավասարապես սուբսիդավորվում են և՛ սոցիալապես խոցելի խավերը, և՛ սոցիալապես ապահովները, և՛ բիզնեսը, որ գազի օգտագործումից շահույթ է ստանում: Կառավարությունն առնվազն պետք է այս գործարքը արագ հրապարակայնացնի և գազը վաճառի արդեն նոր գներով՝ սուբսիդավորելով միայն խոցելի խավերին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Իրականում՝ վերջնական սպառողի համար էական չէ, թե ինքանով է գազը գնվում, էական է, թե ինչքանով է ինքը գնում պետությունից: Սակայն այդ երկրորդ հանգամանքն էլ մեծապես կախված է առաջինից:

Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարությունը ծանր լուրը առողջ կերպով մատուցելու փոխարեն զբաղված է որոշակի անձերի շահերը սպասարկելով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում