Գլխավոր Լրահոս

Բնակարանների ու հողերի վաճառքը Երևանում նվազում է, գները՝ իջնում

Բնակարանների ու հողերի վաճառքը Երևանում նվազում է, գները՝ իջնում

Հայաստանում անշարժ գույքի շուկայում գործարքները այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 91 157, ինչը վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, միևնույն ժամանակ, Երևանում բնակարանների ու հողերի վաճառքի ծավալները նվազել են։ Իսկ ընդհանուր գործարքները միայն 2020-ի առաջին կիսամյակի համեմատ աճել են մոտ 20 000-ով։ 

Ամենաշատ գործարքներն իրականացվել են Երևանում ու Արարատի մարզում, ամենանվազը՝ Վայոց ձորում։ Անշարժ գույքի տեսակներից այս կիսամյակում ամենաշատը եղել են հողի գործարքները, ապա՝ բնակարանների ու բնակելի տների հետ կապված գործարքները։ Դրանք, ի դեպ, Երևանում ամենաշատն իրականացվել են Արաբկիրում, Կենտրոնում, Քանաքեռ-Զեյթունում, Շենգավիթում։ 

Միայն առքուվաճառքի գործարքներն այս տարվա առաջին կիսամյակում կազմել են մոտ 25 000։ Այս տվյալը 5 000-ով ավել է 2020 թվականի և 2 200-ով՝ 2019-ի առաջին կիսամյակի առքուվաճառքի գործարքների համեմատ։ 

Բնակարանների առքուվաճառքի գործարքնեը Երևանում մի փոքր նվազել են անցյալ տարվա երկրորդ կիսամյակի համեմատ՝ 4 745-ից դառնալով 4 592, առանձնատների գործարքները նույն ժամանակահատվածի համար նվազել են 2-ով, իսկ հողի առքուվաճառքի գործարքները նվազել են 164-ով։ 

Ընդհանուր գործարքների 7,7 տոկոսն իրականացվել է օտարերկրացիների կողմից։ Օրինակ, Երևանում այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով օտարերկրյա քաղաքացիների կողմից գնվել է 365 գույք, 2020-ի նույն ժամանակահատվածում այս թիվը 354 էր, ամբողջ հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված գույքի թվերը 2020-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել են՝ 664-ից հասնելով 605-ի։ Գնորդները հիմնականում եղել են Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իրանից ու եվրոպական պետություններից։ Նրանք ամենաշատը գնել են բնակարան, բնակելի տուն ու հող։ 

Հողերի գործարքները Երևանում ևս նվազել են՝ մոտ 20 տոկոսով։ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ հողերի առքուվաճառքի ամենաշատ գործարքներն իրականացվել են Մալաթիա-Սեբաստիայում, ամենացածրը՝ Նորք-Մարաշում։ Առքուվաճառքի ընդհանոր գործարքների հողերի մակերեսը կազմել է 68,34 հեկտար, որոնց մեծ մասը բնակելի կառուցապատման, գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ հողեր են։ Երևանում վաճառված հողերի 9,2 տոկոսը պետական կամ համայնքային հողեր են եղել:

Ի՞նչ արժեն բնակարանները Երևանում 

Կադաստրի կոմիտեն ներկայացրել է նաև Երևանում բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները՝ քառակուսի մետրի հաշվով։ Ըստ դրա՝ Կենտրոնում միջինացված այն կազմել է 611 000 դրամ՝ անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազելով 8,2 տոկոսով։ Արաբկիրում բնակարանի քառակուսի մետրի միջին գինը կազմել է 440 000 դրամ, որը 4,7 տոկոսով պակաս է անցյալ տարվա գնից, Քանաքեռ-Զեյթունում էլ գինը նվազել է 6,1 տոկոսով, Էրեբունիում՝ 4 տոկոսով. «Գնային փոփոխությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2021 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի հաշվարկով շուկայական միջին գները 2020-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել են 5,1 տոկոսով, իսկ երկրորդ կիսամյակի համեմատ՝ 0,8 տոկոսով»,- անշարժ գույքի վերլուծությունում նշել են կադաստրի կոմիտեից։

Մարզերում ևս բնակարանների քառակուսի մետրի գինը նվազել է։ 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում