Համաշխարհային շուկայում ցորենի գների վերջին տատանումներն առայժմ չեն ազդել Հայաստանի ներքին շուկայի վրա, թեև որոշակի ռիսկեր պարունակում են։ Հայաստան ցորեն ներկրող «Մանանա Գրեյն» (շուկայում մասնաբաժինը՝ 34,4%) ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանն ասում է, որ առայժմ հնարավոր է եղել զսպել համաշխարհային շուկայում գների բարձրացման ճնշումները։ Նա, սակայն, չի բացառել ներքին շուկայում գների փոփոխության հնարավորությունը դոլարի նկատմամբ ազգային արժույթի արժեզրկման ու արտաքին բացասական միտումների պահպանման պայմաններում։
Հայաստանը ցորենի տարեկան մոտ 730 հազ. տոննա համախառն պահանջարկի 60-70%-ը բավարարվում է ներկրումների հաշվին։ Ցորենի ինքնաբավության ցածր մակարդակը երկիրը պահում է կախյալ վիճակում, իսկ համաշխարհային շուկայում ցանկացած բացասական զարգացում անխուսափելիորեն ազդում է ներքին շուկայի վրա։
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում համաշխարհային շուկայում ցորենի գների բարձրացումը պայմանավորված է եղել հիմնականում բացասական սպասումներով։ Այսպես՝ եթե այս տարվա հունիսի 15-ին Լոնդոնի բորսայում 1 տոննա ցորենի գինը կազմում էր $192, ապա երեկ նոյեմբերի ֆյուչերսների գինը կազմում էր $230։ Ռուսաստանում, որտեղից ներկրվում է ցորենի մոտ 70%-ը, երեկ 1 տոննա երրորդ կարգի ցորենն արժեր միջինը $229։
Գյուղատնտեսական տարվա սկզբին, երբ շուկաներում սկսվում է նոր բերքի վաճառքը, որպես կանոն արձանագրվում է գների նվազում։ Այս տարի, սակայն, նման դինամիկա դեռևս չի նկատվում։
Նշենք, որ համաշխարհային շուկայում լարվածությունը պայմանավորված է ԱՄՆ-ում երաշտով, ինչպես նաև Ռուսաստանում, հատկապես հարավային շրջաններում, բերքի կանխատեսումների նվազեցումով։
Այսպես՝ հացահատիկի միջազգային խորհրդի (International grains council) հունիսյան կանխատեսման մեջ ցորենի համաշխարհային արտադրության ծավալները մայիսյան կանխատեսման համեմատ նվազել են 6 մլն տոննայով՝ մինչև 665 մլն։ Եթե տարվա սկզբին Ռուսաստանում ակնկալվում էր հացահատիկի 94 մլն տոննա բերք, ապա ցուցանիշն այժմ նվազել է մինչև 85 մլն տոննա։ Այդուհանդերձ, Ռուսաստանում լուրջ մտավախություններ չկան, քանի որ երկրի ներքին սպառումը կազմում է տարեկան 72 մլն տոննա, բացի այդ՝ առկա են 18 մլն տոննայի պաշարներ։
«Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը «Օրակարգին» նշեց, որ Հայաստանում ցորենի արտադրության ծավալները մեծ չեն, պահանջարկի հիմնական մասը բավարարվում է ներկրումների հաշվին։ Նա դժվարացավ կանխատեսել ներքին շուկայում գների հետագա վարքագիծը, քանի որ այն կախված է հիմնական մատակարար երկրներում տեղի ունեցող զարգացումներից և ակնկալվող բերքի ծավալներից։ Ըստ նրա, չնայած վերջին շրջանում դրամի արժեզրկման և համաշխարհային շուկայում գների աճի, ներքին շուկայում ցորենի գների փոփոխություն չի եղել։ Այդուհանդերձ, երկու այս միտումների պահպանման դեպքում նման հնարավորությունը բացառել պետք չէ։ «Մենք արդեն ներկրել են թանկ ցորենի որոշակի խմբաքանակ, բայց ավելի էժան ցորենի պաշարների առկայությունը թույլ է տվել անփոփոխ թողնել գինը»,– ասաց Նիկողոսյանը՝ հավելելով, թե ցորենի ինքնարժեքի վրա լուրջ ազդեցություն է թողնում փոխարժեքը։ Ըստ նրա՝ Հայաստան ցորենը ներկրվում է հիմնականում Ռուսաստանից, որոշ քանակությամբ՝ Ղազախստանից, որտեղ նոր բերքը կլինի սեպտեմբերին։
Նշենք, որ Հայաստան տարեկան ներկրվում է 350 հազ. տոննա ցորեն, թեև հացահատիկի ընդհանուր ցանքատարածքների (158 հազ. հա) 50%-ը զբաղեցված է ցորենով։
Civilnet











