Գլխավոր Լրահոս

Ստեփանակերտ. քաղաք ոչ բոլորի համար

Ստեփանակերտը կոնտրաստների քաղաք է: Արցախի ներդրումային հիմնադրամի շենքի կողքին մի կիսաքանդ բնակելի շենք է: Դեռ ստույգ հայտնի չէ, թե երբ կգործի Արցախի օդանավակայանը, բայց արդեն վաճառում են ավիատոմսեր, որի մասին տեղեկացնում են հատուկ գովազդային վահանակները: Արցախի խորհրդարանի շենքը, որտեղ սովորաբար ոչինչ տեղի չի ունենում, նման է հայաստանցի օլիգարխի կառուցած եկեղեցու, իսկ կառավարության նոր շենքը՝ այդ նույն օլիգարխի դղյակի: Պարզ երևում է, որ այս քաղաքում ապրում են համեստ ախորժակով մարդիկ:

Հայտնի է, որ Արցախում սպասվում են նախագահի ընտրություններ: Նախընտրական մթնոլորտ Ստեփանակերտում չկա, արդյունքները հայտնի են բոլորին՝ բացի ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանից: Քաղաքում ասում են, որ նա առաջադրվել է, որ պարտվելուց հետո շնորհավորի Բակո Սահակյանին և օրինակ ծառայի Հայաստանի Հանրապետության համար: Ստեփանակերտի Մարտունի փողոցում կարելի է կարդալ հետևյալ կարգախոսը. «Արցախցիներ, մեր ակտիվությամբ ամրապնդենք ժողովրդավարության հաստատումը»:

Ոչ ոք չի թաքցնում, որ Արցախում ընդդիմադիր մամուլ չկա: Համալսարանի ուսանող Արթուր Հայրապետյանն ասում է. «Ընդդիմադիր լինելու կարիք չկա, դրա համար էլ ընդդիմադիր թերթեր չկան»: Կառավարության աշխատակից Նարինե Գալստյանը հակադարձում է. «Բայց մենք ունենք մարդու իրավունքների պաշտպան»: Փոխարենը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջին հինգ տարիների իր աշխատանքի արդյունք է ներկայացնում լրատվամիջոցների ազատությունը: Բավական է ասել, որ հայկական երկրորդ հանրապետությունում կա միայն մեկ հեռուստաընկերություն, որը եթեր է մտնում 4 ժամով:

Քաղաքում նախընտրական պաստառներ չկան: Քաղաքից դուրս չես էլ ենթադրի, որ համապետական ընտրություններ են սպասվում: Այնպիսի տպավորություն է, որ դրանք ոչ թե սպասվում են, այլ արդեն ավարտվել են: Ստեփանակերտցիները, եթե անկեղծ լինենք, մեծ մասամբ երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, լրագրողներին չեն սիրում: Պատրաստ են հաճույքով զրուցել: Թեման փակում են, երբ իմանում են, որ լրագրող ես: Հաճույքով խոսում են ծերերը և քաղաքի հյուրերը: Ծերերը. «Մեր նախագահը լավ մարդ է»: Հյուրերը. «Սիրուն քաղաք է: Ում հարցնում ենք էսինչ տեղը ոնց գնանք, ասում է՝ դուզ գնա»:

Գիշերային Ստեփանակերտը հետաքրքիր երևույթ է: Գրեթե ամբողջ երիտասարդությունը զբոսնում է քաղաքի հրապարակում, որը գտնվում է երկրի նախագահի նստավայրի դիմաց: Հրապարակի անցուդարձը մեր մայրաքաղաքի՝ Երևանի անցուդարձի մակետն է: Նախագահի նստավայրից բացի՝ նույն հրապարակում է Ազգային ժողովը, Արցախբանկը, կառավարության շենքի մի հատվածը և «Արմենիա» հյուրանոցը: Հենց «Արմենիա» հյուրանոցի դիմաց գործող սրճարանում էլ կարելի է հանդիպել քաղաքի ոսկե երիտասարդությանը, օլիգարխներին, բարձրաստիճան հյուրերին, զինվորականությանը և քաղաքի ամենաշքեղ ավտոմեքենաները:

Շարքային ստեփանակերտցին զբոսանքի ժամին ձգտում է շատ մոտ չգալ հյուրանոցին և չտեսնել, թե ովքեր են նստած այնտեղ: Թվում է, թե նրանք չեն ուզում տեսնել, թե ինչպիսի կյանքից են զրկված: Իսկ տեսնելու բան կա, մասնավորապես, թե ինչքան ազատ է զգում իրեն զինվորականությունն այս քաղաքում, և ինչքան խեղճ են մյուսները զինվորականներին տեսնելիս: Ստեփանակերտը բոլոր արցախցիների մայրաքաղաքն է, սակայն ինչ-որ բան բոլոր արցախցիներին այս քաղաքում դարձնում է փոքրամասնություն: Առայժմ չեմ կարող ասել, թե հատկապես ինչը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում