Գլխավոր Լրահոս

Վարդան Ղուկասյանի կարապի երգը

Վարդան Ղուկասյանի կարապի երգը

Գյումրիում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել սեպտմբերին սպասվող տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ: Ամենայն հավանականությամբ՝ հանրապետության երկրորդ քաղաքում պայքարն ընթանալու է Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների թեկնածուների միջև: Սակայն երկու կողմից էլ քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուների անունները դեռ հստակ չեն:

Հանրապետականների՝ թեկնածուի առումով չկողմնորոշվելը թերևս պայմանավորված է մայիսի 6-ի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակով: Գործող քաղաքապետ, ՀՀԿ Շիրակի մարզխորհրդի նախագահ Վարդան Ղուկասյանը, ըստ էության, ՀՀԿ-ի համար տապալեց խորհրդարանական ընտրությունները Գյումրիում: Ըստ մամուլում հրապարակված լուրերի՝ օգտակար գործողության գործակցի անկում գրանցած Վարդան Ղուկասյանը անընդունելի և անհանդուրժելի է դառել Սերժ Սարգսյանի համար: Գյումրիի ներկայիս ղեկավարը իր վարքագծով էականորեն չի տարբերվում, ասենք՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից, սակայն ի տարբերություն Վարդան Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետը մայիսի 6-ի ընտրություններին ՀՀԿ-ի համար ֆեոդալական մեթոդներով տպավորիչ արդյունքներ է ապահովել:

Այժմ իշխանությունը ակնարկում է Վարդան Ղուկասյանին Գյումրիի քաղաքապետի պաշտոնից զրկելու մասին: ՀՀԿ Շիրակի մարզխորհրդի նախագահը ՀՀԿ առաջնորդի աչքից ընկել է ոչ թե կրիմինալ պահվածքի համար, այլ այն պատճառով, որ չի նպաստել ՀՀԿ-ի օգտին շատ ձայներ բերելուն: Հակառակ դեպքում հրաժարականի հրամայական կլիներ նաև Սուրիկ Խաչատրյանի և պետական ապարատում հանգրվանած բազմաթիվ նմանատիպ գործիչների համար:

Հավաստի տեղեկություններ կան, որ վերջերս Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանի աշխատակիցներին ասել է, որ պետք է «իրենց գլխի ճարը տեսնեն», քանի որ ինքը քաղաքապետի ընտրություններին չի առաջդրվելու:

Իրավիճակը ՀՀԿ-ի համար բարդ է այնքանով, որ քաղաքապետի հարմար թեկնածու Գյումրիում գրեթե չունի: Նոնսենս է, երբ իշխող կուսակցությունը երկրորդ քաղաքում կադրային դիֆիցիտի առաջ է կանգնած: Հնարավոր է՝ Ղուկասյանին փոխարինող չգտնելու դեպքում ՀՀԿ-ի ընտրությունը կրկին կանգ առնի գործող քաղաքապետի վրա, սակայն այդ հուսահատ քայլը ևս չի երաշխավորի նրա հաղթանակը քաղաքապետի ընտրություններում: Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդույնքները ցույց տվեցին, որ Գյումրիում ՀՀԿ-ն՝ իր կարկառուն ներկայացուցիչներով, մեղմ ասած ընդունված չէ:

Այս համատեքստում բավական բարձր է ԱԺ ընտրություններում Գյումրիում տպավորիչ արդյունքներ գրանցած ԲՀԿ-ի թեկնածուի հաղթելու հնարավորությունը: ԲՀԿ-ի համար ևս դժվար է թեկնածուի ընտրությունը, սակայն ի տարբերություն ՀՀԿ-ի, հաղթելու հնրավորություն ունեցող ԲՀԿ-ի թեկանծուները երեքն են՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը և Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: Դատելով այն հանգամանքից, որ վերջին շրջանում Վարդևան Գրիգորյանը որոշակի քաղաքական ակտիվություն է ցուցաբերում, հնարավոր է՝ ԲՀԿ-ի ընտրությունը կանգնի հենց նրա վրա: Վերջինս գյումրեցիների շրջանում ընկալելի թեկնածու է և հստակ այլընտրանք է դիտվում Վարդան Ղուկասյանին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում