Գլխավոր Լրահոս

Արցախի նոր ՀԷԿ-ն ու էներգետիկ անբավարարությունը

Արցախի նոր ՀԷԿ-ն ու էներգետիկ անբավարարությունը

Արցախում 17,6 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կկառուցվի՝ 25 մլն դոլար արժողությամբ:  «Գետավան-1» ՀԷԿ-ը կառուցվելու է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում: Նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով: Այդ մասին Մարտակերտ կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 

«Այն առաջին փուլում իրականացնելու է Արցախի ներդրումային հիմնադրամը, իսկ որոշ ժամանակ անց դառնալու է բաց բաժնետիրական, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան դառնալ բաժնետեր, փայատեր: Ինչո՞ւ ենք դա անում: Որովհետև եթե մինչև 2022 թվականի նոյեմբերը չկարողանանք մենք էլեկտրաէներգիա արտադրող աղբյուր ունենալ, 2022 թվականի ձմեռը կունենանք հովհարային անջատումներ: Որովհետև այս հզորությունները, այն գիծը, որ ունենք Բերձորով եկող՝ բավարար չէ ձմեռը ամբողջությամբ հոսանք մատակարարելու համար»,- նույն հանդիպմանը ասել է Արայիկ Հարությունյանը: 

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրի արդյունքում մի շարք ՀԷԿ-եր հայտնվել էին Ադրբեջանի տարածքում. 36 հէկերից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

17,6 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-ը թերևս ամենահզորը կլինի Արցախի՝ երբևիցե գործող փոքր ՀԷԿ-երից (Արցախի ամենախոշոր ՀԷԿ-ը «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 50 Մվտ հզորությամբ գործող «Սարսանգն» է): Նախկինում Արցախում ամենահզոր փոքր ՀԷԿ-ը Շահումյանի շրջանում 2019 թվականի դեկտեմբերից գործող «Էլիտ հիդրո»-ն էր:

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կայքի համաձայն՝ ներկայում Արցախում գործում է 7 ՀԷԿ, և Թարթառ գետի վրա կառուցվում է 11,562 Մվտ հզորությամբ մեկ ՀԷԿ («Ջի Էներջի» ՍՊԸ-ին պատկանող «Թարթառ 2» ՀԷԿ-ը): Ինչպես նաև «Արցախ ՀԷԿ» ընկերությունը Հաթերքում պիտի 1,089 Մվտ հզորությամբ արևային կայան կառուցեր: Սակայն, հաշվի առնելով «Արցախ ՀԷԿ» ընկերության փետրվարի 9-ի գրությունը՝ հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել կառուցվող «Հաթերք Սոլար» անվամբ արևային կայանը: 

Ներկայում գործող 7 ՀԷԿ-երից երկուսը գտնվում է Քաշաթաղի շրջանում՝ Լաչինի միջանցքում:  Դրանցից մեկը Աղավնո գետի վրա («Սյունիք-3»), մյուսը՝ Հակարի («Լուսին»): Քաշաթաղ Արցախի ամենահէկաշատ շրջանն էր, իսկ Աղավնոն՝ ամենահէկաշատ գետը: Քաշաթաղի շրջանում էր գտնվում Արցախի 31 գործող ՀԷԿ-ից 16-ը, և կառուցվում է ևս 9-ը: Աղավնոյի վրա գործում էր 9 ՀԷԿ, ևս երկուսը կառուցվում էր։ Վերջին տարիներին հէկաշինությունը զարգանում էր նաև Շահումյանի (Քարվաճառի) շրջանում. 7-ը գործում էր, 7-ն էլ կառուցվում էր: Այս երկու շրջանները հայտնի են հարուստ ջրային պաշարներով: 

Մարտակերտի Գետավան համայնքից բացի, Արայիկ Հարությունյանը խոսել է մեկ այլ՝ ավելի ծախսատար ու խոշոր ՀԷԿ-ի մասին, որը պլանավորված, բայց ժամանակավորապես հետաձգված նախագիծ է: Այն պետք է գործի Սարսանգ-Մատաղիս հատվածում՝ 25 Մվտ հզորությամբ և 40-45 մլն դոլար ներդրումային ծավալով: 

Հիշեցնենք, որ 2018 թվականից էներգետիկ առումով Արցախը ինքնաբավ էր դարձել, իսկ տարեցտարի աճող ավելցուկը արտահանվում էր Հայաստան. 2018-ին արտահանվել է 17,2 մլն կվտ/ժ, 2019-ին՝ 85,7 մլն կվտ/ժ, 2020-ին՝ 186,4 մլն կվտ/ժ:

Արցախը էլեկտրաէաներգիա արտահանող երկրից վերածվել է ներմուծողի: Իսկ ի՞նչ ծավալի էլեկտրաէներգիա է ներկրել Արցախը  պատերազմից հետո: Այդ պատասխանն ստանալու համար ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին:

Հայկ Ղազարյան

https://civilnet.am/news/605513/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af-%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81%d5%9d-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af-%d5%a1%d5%b2%d6%84%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում