Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը կարծում է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը «դինամիկ, համաչափ աճի փուլում է». այդ մասին նա ասել է ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում։
«Եթե երկու շաբաթ առաջ կամ ավելի շուտ մենք խոսում էինք, որ դրական թեստերի, ընդհանուր թեստերի մեջ տեսակարար կշիռը դրականների 2,9% էր կազմում, այս պահի դրությամբ արդեն կտրուկ աճ ունենք, մոտ 4%-ի ենք հասել։ Այսպիսով՝ Հայաստանը մտնում է կորոնավիրուսի 4-րդ ալիքի մեջ, նոր դեպքերի թիվը կտրուկ կշատանա, կշատանան նաև հոսպիտալացումները, մահվան դեպքերը, մի խոսքով՝ արդեն կառերեսվենք այնպիսի իրավիճակի, երբ մենք ունեցել են առաջին, երկրորդ, երրորդ ալիքների ժամանակ»,- ասաց տիկին Սահակյանը։
Այս իրավիճակին զուգընթաց մեր երկրում սկսվել է կորոնավիրուսի ավելի արագ տարածվող «Դելտա» տեսակի շրջանառությունը։
«Այն արագ է տարածվում, ուստի ավելի շատ մարդիկ կհիվանդանան, առողջապահական առաջնային համակարգի վրա ծանրաբեռնվածությունը մեծ կլինի։ Բացի այդ, «հնդկական» շտամը կամ «Դելտա»-ն բավականին տարածվում է երիտասարդների ու դեռահասների շրջանում։ Մեր հարևան Վրաստանի փորձը դիտարկենք․ այնտեղ բավական տարածված է հենց դեռահասների, երիտասարդների շրջանում, որոնք «Ալֆա» կամ «Բրիտանական» շտամի ժամանակ չէին վարակվել։ Մենք պարբերաբար խոսում ենք, որ ավելի շատ խոցելի խմբերը տարեցներն են, մինչդեռ «Դելտայի» առանձնահատկությունն այն է, որ ավելի շատ խոցում է հենց այդ դեռահասների ու երիտասարդների տարիքային խումբը։ Վրաստանի օրինակով մենք դրանում համոզվել ենք։ Ասեմ, որ մեզ մոտ էլ մենք ունենք նաև դեռահաս, երիտասարդական տարիքում հիվանդացության աճ»։
Սահակյանը նաև անդրադարձավ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված մի նախագծի, ըստ որի՝ սպասարկման ոլորտի աշխատողները պետք է կա՛մ պատվաստվեն, կա՛մ էլ 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստ հանձնեն։
«Կա այդպիսի նախաձեռնություն։ Մենք տեսնում ենք, որ համատարած անվտանգության կանոնները չեն պահպանովում, դա վերահսկելը բավականին դժվար է, պետք է ինչ-որ միջոցառում անի երկիրը։ Հիմնական շեշտադրումը 14-օրյա կտրվածքով նմուշառումն է, որպեսզի գործատուն հստակ պատկեր ունենա, որ իր մոտ աշխատակիցները վարակված չեն և վարակը ներս չեն բերում, որովհետև փակ կազմակերպություն է վերջին հաշվով։ Կապ չունի, որ անձը վարակվել է, որովհետև կրկնավարակներ արձանագրել ենք 1 000-ից ավելի դեպքերով»,- նշեց մեր զրուցակիցը։
Գայանե Սահակյանի հետ քննարկվել է նաև այն կարծրատիպն, ըստ որի, ծխող մարդկանց դեպքում վարակվելու հավանականությունը քիչ է։
«Նմանաբնույթ առասպելներ կան նաև տաք հեղուկների կիրառման, ալկոհոլ պարունակող խմիչքների առումով։ Դրանք լուրջ գիտական հետազոտությունների արդյունքում պետք է ապացուցվեն, դրանք առ այսօր առասպելների, միֆերի ձևով են տարածվում և բնակչության մեջ լայնատարած կիրառում ունեն։ Ես բնակչությանը կոչ եմ անում՝ նման միֆերին չհետևել, որովեհտև հետևանքները կարող են շատ ավելի վատ լինել. մարդիկ մտածեն, որ «այ ես ծխում եմ, ինձ մոտ ծանր ընթացք չի լինի», ուշ դիմեն բժշկի օգնությանը, արդյունքում՝ շատ ծանր ելք լինի։ Ի դեպ, ասեմ՝ նման դեպքեր շատ-շատ կան։ Նույն միֆերի շարքում կարող ենք դասել նաև անտիբիոտիկների՝ հակամանրէային դեղամիջոցների կիրառումը, որ հենց սկզբից վարակվեցին, միանգամից սկսում են բազմաթիվ հակամանրէային դեղորայքներ ստանալ և դրանով իրավիճակը վատացնում են ու գործնականում հիվանդին փրկելը անհնար է դառնում։ Շատ-շատ դեպքեր ենք ունեցել, երբ մարդիկ տուժել են այդ միֆերից»,- նշեց Սահակյանը։
Գևորգ Թոսունյան
Civilnet











