Առաջիկա 4 տարում եվրոգոտու երկրներում գործազուրկների թիվը ներկայիս 17,4 մլն-ից կավելանա մինչև 22 մլն, եթե արժութային միության անդամ երկրների իշխանությունները չփոխեն իրենց տնտեսական քաղաքականությունը: Այս մասին ասված էԱշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում, հաղորդում է Reuters-ը:
ԱՄԿ-ի փորձագետները նշում են, որ Եվրոպայի իշխանությունները պետք է անհապաղ միջոցառումներ ձեռնարկեն տնտեսական աճի ապահովման և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Կազմակերպությունում նշում են, որ բյուջետային ծախսերի կրճատումը չի հանգեցնի բյուջեների դեֆիցիտի նվազմանը, մինչդեռ դրա բացասական ազդեցությունը զբաղվածության վրա արդեն զգալի է:
Ներկայում եվրոգոտում գործազրկության մակարդակը 11% է, ընդ որում գործազուրկների 44%-ը աշխատանք չի կարողանում գտնել արդեն 1 տարուց ավելի: Գործազրկության ամենաբարձր մակարդակը Իսպանիայում է՝ 24,6% է և Հունաստանում՝ 21,9%: Առավել բարենպաստ իրադրություն է Ավստրիայում՝ 4,1%, ինչպես նաև Հոլանդիայում՝ 5,1% և Լյուքսեմբուրգում՝ 5,4%:
Տարիքային խմբերի տեսանկյունից գործազրկության ամենաբարձր մակարդակը երիտասարդների շրջանում է՝ 22%:
Երիտասարդների շրջանում գործազրկության ամենաբարձր մակարդակը Իսպանիայում և Հունաստանում է՝50%, Պորտուգալիայում և Իտալիայում այն կազմում է 30%:

Թեմա
Civilnet










