Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում, որը զբաղվում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով, վերջին քննարկումը տեղի է ունեցել 2021-ի ապրիլին։ Այդ մասին, ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից։
Ըստ աղբյուրի՝ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները դադարեցվել էին սահմանային լարվածության պատճառով և ներկայում չեն շարունակվում։
«Ինչ վերաբերում է աշխատանքները վերսկսելուն, ապա հայտնում ենք, որ նշված հարթակում աշխատանքները շարունակելու հարցը կքքնարկվի կառավարության ձևավորումից անմիջապես հետո և ամենայն հավանականությամբ աշխատանքները կվերսկվեն»,- նշվում է պատասխանում։
Մինչ այդ, փոխվարչապետի աշխատակազմից ՍիվիլՆեթին տեղեկացրել էին, թե տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակում հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը։
Եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին հուլիսին անդրադարձել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հույս հայտնելով, որ «առաջիկայում խումբը կկարողանա վերսկսել իր նիստերը»։ Նա մասնավորապես ասել է. «Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը մի քանի փուլ է անցկացրել՝ նախանշելով տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների շարք: Հույս ունենք, որ առաջիկայում խումբը կկարողանա վերսկսել իր նիստերը։ Դա թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, ինչը լիովին համապատասխանում է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ ողջ Հարավային Կովկասի շահերին»
Եռակողմ հանձնաժողովը ստեղծվել է հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա։ Հայտարարությունը սահմանում էր, որ «Աշխատանքային խումբը մինչև 2021-ի մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց»: Այս կետով սահմանված ժամկետը, սակայն, խախտվել է։
Գևորգ Թոսունյան
Civilnet











