Գլխավոր Լրահոս

ԳինԷ՝ Սիրիահայերի և տեղացի կանանց գինեպատումներ․ Սարգիս Յազդջեան

ԳինԷ՝ Սիրիահայերի և տեղացի կանանց գինեպատումներ․ Սարգիս Յազդջեան

Գինու ինկուբացիոն նախագիծը կայուն տնտեսական զարգացման և զբաղվածության խթանման ոլորտում իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) և «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  (PSD TVET) ծրագրերի միջև հաջողված համագործակցության արդյունք է: Ծրագրերն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ/GIZ) կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ (BMZ):

Նախագծի նպատակը Սիրիայից տեղահանված անձանց ու տեղացի կանանց համար ձեռնարկատիրական գործունեության նոր հնարավորությունների ստեղծումն է գինեգործության ոլորտում։ Նախագծի արդյունքում գինու շուկա են մուտք գործել սիրիահայ և տեղացի կին վեց սկսնակ գինեգործներ, որոնցից ստորև ներկայացվում է Սարգիս Յազդջեանի պատմությունը: 

«Մարդ միշտ պետք է հույսով ապրի, տարիքը կապ չունի։ Եթե ծրագրում ես մի բան անել ու հավատում ես, որ հաջողելու է, ուրեմն կհաջողի, ես դրան հավատում եմ»։  

59-ամյա Սարգիս Յազդջեանը ծնունդով Սիրիայից է։ 1980-ականներին էլեկտրիկ-ինժեների կրթություն է ստացել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և վերադարձել է Հալեպ, որտեղ մինչև 2012 թվականը պլաստիկի վերամշակման գործարան էր աշխատեցնում։ Սակայն վրա հասած պատերազմը Սարգիսին ստիպեց թողնել կյանքը Սիրիայում և ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան։ Այստեղ Սարգիսը ստիպված եղավ կյանքը սկսել նոր հունից և նոր հմտություններ ձեռք բերել։ 

«Երբ Հայաստան եկանք, նախնական շրջանում չորս ընկերով Արարատի մարզում վեց հեկտար հողատարածք վերցրինք հողագործությամբ զբաղվելու համար։ Առաջին տարին բանջարեղեն տնկեցինք, սակայն երկրորդ տարին որոշեցինք տեխնիկական խաղող աճեցնել, որը կօգտագործվի կոնյակի, օղու համար»,- հիշում է Սարգիսը։

Ժամանակի ընթացքում չորս ընկերներից երեքը լքել են Հայաստանը, և Սարգիսը ստիպված է եղել վաճառել հողատարածքը՝ մտածելով, որ այդ աշխատանքն իրենը չէ։ Սակայն նախորդ տարի, տեղեկանալով GIZ-ի կողմից կազմակերպվող գինեգործության արագացված դասընթացների մասին, Սարգիսը որոշել է վերադառնալ դեպի հողը ու կրկին փորձել։  

«Որոշեցի ինձ փորձել գինեգործության մեջ երկու պատճառով. նախ՝ գինի շատ եմ սիրում, բոլոր խմիչքներից դա եմ նախընտրում, ու հատկապես, երբ պարզեցի, թե մեր հայկական գինին ինչ հին պատմություն ունի, դա ավելի շահագրգռեց։ Հետո, երբ առիթ ընծայվեց այգի ունենալ ու աշխատել խաղողի հետ, հասկացա, որ շատ է դուրս գալիս, ու դա ինձ ներշնչեց այս գործով զբաղվել»,- նշում է Սարգիսը։

Սարգիսի խոսքով՝ երբեք ուշ չէ սովորել ու նոր գիտելիքներ, հմտություններ ստանալ։ Գինեգործության դասընթացները հատկապես իրենց ձևաչափով շատ տեղեկատվական և ուսուցանող էին։  

«Ես միշտ փորձում եմ ժամանակի հետ շարժվել ու նոր գիտելիքներ ստանալ ու սովորել։ Թեև երիտասարդ դասախոսներ էին, սակայն շատ տեղեկացված, փորձառու տղերք էին, ու ինձ համար շատ հաճելի էր։ Հատկապես գինեգործարաններ այցելությունը շատ օգուտ էր գիտելիքի առումով»,- պատմում է Սարգիսը։ 

Սարգիսը ստացած գիտելիքները հնարավորություն է ստացել կիրառելու երկրորդ փուլում՝ արտադրելով սեփական գինին։ Այն սպիտակ չոր գինի է՝ մշակված կանգուն խաղողի տեսակից։

«Շատ հաջող, թեթև, համեղ գինի է։ Ի տարբերություն կարմիրի, սպիտակ գինին երկար չպետք է պահել՝ վեց ամսից մեկ տարի է, պետք է շուտ-շուտ սպառել։ Հաճելի գինի է ստացվել, ես շատ եմ տպավորված»,- հպարտությամբ պատմում է Սարգիսը:

Սարգիսը որոշել է իր արտադրած առաջին գինին նվիրել կնոջը, և այն կոչել է նրա անունով՝ «Լուսնակ»։ Պիտակին էլ դեղին, վառ, շողշողացող կլոր լուսին է։ 

«Քանի որ ամբողջական լուսինը՝ լիալուսինը, նաև լուսնակ է կոչվում, ցանկացա, որ պիտակի վրա հենց խոշոր լիալուսին լինի, որը նաև համապատասխանում է անվանը»,- բացատրում է Սարգիսը։

Առաջին խմբաքանակը, որը 500 շիշ է, շուտով կհայտնվի շուկայում։ Գինեգործը պատրաստվում է դրա վաճառքից ստացված եկամուտով նոր խմբաքանակ պատվիրել՝ արդեն 800 շիշ։ Նշում է՝ նպատակն է, որ ամեն տարի 300-400 շշով ավելացնի խմբաքանակը։ «Եթե այս գինին սիրվի, հաստատվի, կփորձեմ նաև կարմիր գինի արտադրել»,- նշում է Սարգիսը։ 

Սակայն նպատակներն այսքանով չեն ավարտվում։ Սարգիսը ցանկանում է նոր հողատարածք ձեռք բերել, խաղող աճեցնել ու գինի արտադրել։ 

«Երբ ընկերներով այգի ունեինք, ամեն տարի խնդիր էր լինում խաղողն իրացնելու հետ կապված՝ կա՛մ գործարանները չէին ընդունում, կա՛մ այլ խնդիրներ էին ծագում։ Ու ես միշտ մտածում էի, որ մարդ ինչ արտադրում է, դա պետք է մշակի ու վաճառի, որպեսզի ուրիշից կախյալ չլինի»,- ասում է Սարգիսը։ Նա այսօր շարունակում է տների վերանորոգմամբ զբաղվել, մինչև դանդաղ քայլերով կկարողանա իր տեղը գտնել գինու ոլորտում ու շուկայում։  «Երբ գործը նոր ես սկսում, երեխու նման է՝ մինչև մեծացնես, աճեցնես... Ուզում եմ դանդաղ քայլերով զարգացնել բիզնեսս, քանի որ Հայաստանը փոքր շուկա է, պետք է համբերությամբ զինվենք ու առաջ գնանք։ Ես հույս չունեմ, որ առաջիկա երկու տարում իմ տեղը կունենամ շուկայում, սակայն հինգ տարում արդեն որոշակի հաջողությունների պետք է հասնեմ»,- ասում է Սարգիսը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում