Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ոլորտում խնդիրները կարծես նահանջում են։ Ոլորտի ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը կտրուկ նվազել է ընթացիկ տարվա հինգ ամսվա կտրվածքով։ Եթե հունվար-ապրիլին հավաքագրված յուրաքանչյուր 100-ից ապահովագրական ընկերությունները հատուցման են ուղղել 77,7-ը, ապա հինգ ամիսների կտրվածքով՝ արդեն 69,3-ը։
Ընթացիկ տարվա հունվար-մայիսին ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է մոտ 350 հազ.։ Միայն մայիսին կնքվել է մոտ 8 հազ. ԱՊՊԱ պայմանագիր՝ 76,2 հազ. միջին սակագնով։ Հաշվի առնելով մեկ տարի ժամկետով ԱՊՊԱ պայմանագրերի սակագները՝ ստացվում է, որ մայիսին մի կողմից ԱՊՊԱ դաշտ են եկել մինչև այդ պայմանագրեր չունեցող թանկարժեք ավտոմեքենաները, մյուս կողմից՝ մեկ տարի ժամկետով պայմանագրեր են կնքվել նախկինում կարճաժամկետ ԱՊՊԱ պայմանագրեր ունեցող ավտոմեքենաների համար։
Նշենք, որ անձնական օգտագործման ավտոմեքենաների ԱՊՊԱ պայմանագրի ամենաբարձր սակագինը 71 հազ. է (231 ձիաուժ շարժիչի հզորությամբ ավտոմեքենաների համար) և 81 հազ. (ծառայողական նպատակով օգտագործվող)՝ կցորդով ավտոմեքենաների համար։
Ուշագրավ է, որ թեև ԱՊՊԱ ոլորտում մայիսին կարճաժամկետ պայմանագրերի զգալի մի մասը փոխարինվել է երկարաժամկետներով, ապահովագրական ընկերությունների պորտֆելում այդուհանդերձ դեռ զգալի ծավալ ունեն կարճաժամկետ պայմանագրերը։ Դրա մասին է վկայում այն, որ մայիսի վերջին պայմանագրի միջին սակագինը 27,4 հազ. է կազմել։ Հիշեցնենք՝ ԱՊՊԱ ոլորտում մեկ տարի ժամկետով պայմանագրի նվազագույն սակագինը 25 հազ. է (ավտոմեքենայի շարժիչի հզորությունը՝ մինչև 80 ձիաուժ, սեփականատիրոջ տարիքը՝ 23-ից բարձր, վարորդական ստաժը՝ 3 տարուց ավելի)։
Հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը մայիսին կազմել է մոտ 3,6 հազ., ինչն ապրիլի ցուցանիշը գերազանցում է 1,1 հազ-ով կամ 31%-ով։ Հատուցման դիմումների ավելացմանը զուգահեռ աճել է նաև հատուցման միջին գումարը։ Եթե ընթացիկ տարվա չորս ամիսներին այն կազմում էր 203 հազ., ապա մայիսին՝ արդեն 220 հազ.։
Չնայած մայիսին հատուցման թե՛ դիմումների քանակի և թե՛ միջին գումարի աճին՝ ապահովագրական ընկերությունների խնդիրները կարծես սկսել են նահանջել։ Այսպես՝ եթե անցած տարվա երկրորդ կեսից ոլորտի վնասաբերությունն անշեղորեն աճում էր՝ այս ապրիլին հասնելով արդեն 78%-ի (ճիշտ այնքան, որքան դրված է սակագների հաշվարկման հիմքում), ապա ընթացիկ տարվա հինգ ամիսների կտրվածքով վնասաբերությունը կազմել է 69,3%։ Ըստ էության մեկ ամսվա ընթացքում ապահովագրական ընկերությունները կարողացել են ապահովել զուտ վնասաբերության նահանջ՝ 8,7-տոկոսային կետով։
Վնասաբերության նահանջը պայմանավորված է նրանով, որ 2012թ. առաջին հինգ ամիսներին ապահովագրական ընկերությունների վաստակած ԱՊՊԱ ապահովագրավճարները կազմել են մոտ 5,4 մլրդ: Ցուցանիշի աճը պայմանավորված է Չվաստակած ապահովագրավճարների պահուստի (ՉԱՊ) կտրուկ նվազումով, ինչն էլ կապված է կարճաժամկետ պայմանագրերի ժամկետի ավարտի հետ։
Եթե հաշվի առնենք, որ ապահովագրական ընկերությունների պորտֆելում կարճաժամկետ պայմանագրերը շարունակում են զգալի մասնաբաժին ունենալ, ապա առաջիկա ամիսներին ևս ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակի նվազել։
Ավելացնենք, որ Ավտոապահովագրողների բյուրոն, ներկայացնելով հունվար-մայիսի ԱՊՊԱ ոլորտի վիճակագրությունն ու որոշակի վերլուծություն, չի նշել ոլորտի զուտ վնասաբերության մակարդակը, այնինչ ապրիլի վիճակագրական տվյալների և վերլուծական հրապարակման մեջ նշված էր թե՛ չորս, թե՛ երեք ամիսների վնասաբերության մակարդակը։

Civilnet










