Բրիտանական HSBC բանկը մտադիր է հուլիսի 17-ին ԱՄՆ սենատի լսումների ընթացքում ընդունել իր մեղքը և ներողություն խնդրել փողերի լվացման հարցում ոչ բավարար վերահսկողության և հակազդեցության համար, հաղորդում է բրիտանական Financial Times-ը:
Հնարավոր է` HSBC-ն տուգանք վճարի ահաբեկչական և հանցավոր այլ գործունեության ֆինանսավորմանը չխոչընդոտելու համար: Մի շարք փորձագետների կանխատեսմամբ՝ տուգանքը կարող է կազմել մինչև $1,1 մլրդ:
«2004-2010թթ. հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականցման կանխմանն ու հակազդեցությանն ուղղված մեր միջոցառումները պետք է ավելի հուսալի և արդյունավետ լինեին: Սակայն մեզ չի հաջողվել վեր հանել անընդունելի վարքագծի դեպքերը և կանխել դրանք», -ասված է բանկի գլխավոր տնօրեն Սթյուարտ Գուլիվերի՝ բանկի աշխատակիցներին ուղղված հաղորդագրության մեջ:
Գուլիվերի կարծիքով՝ ճիշտ է, որ բանկը պատասխանատվության է ենթարկվել: Նա ակնկալում է նաև, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ իշխանությունները HSBC-ի նկատմամբ լրացուցիչ քայլեր կձեռնարկեն:
Ըստ Գուլիվերի՝ այս տարի բանկը համապատասխանության ստուգումների համար ծախսերն ավելացրել է մինչև $400 մլն՝ 2010թ. $200 մլն-ի համեմատ՝ միջազգային գործարքների կատարումը դյուրացնելու նպատակով:
Նշենք, որ իռլանդական ING բանկը համանման գործըթնացում արդեն համաձայնել է $619 մլն տուգանք վճարել՝ իր նկատմամբ տարվող հետաքննությունը դադարեցնելու նպատակով: Բանկը մեղադրվում է իրանական և կուբայական ընկերությունների կողմից ԱՄՆ-ում իրականացրած ֆինանսական գործարքներում աջակցելու մեջ:
Civilnet











