Գլխավոր Լրահոս

Թուրք ռեժիսոր Ալփերը Երևանում «կբացի» Թուրքիայի փակ դռները

Թուրք ռեժիսոր Ալփերը Երևանում «կբացի» Թուրքիայի փակ դռները

Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի հայկական արմատներ ունեցող թուրք ռեժիսոր Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» լիամետրաժ ֆիլմը, որը մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի խաղարկային մրցույթին:

««Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը Թուրքիայի՝ մոռանալու ունակության և փակ դռների մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալփերը՝ ներկայացնելով նոր ֆիլմը։ Ռեժիսորը Թուրքիան համեմատեց բազմասենյակ բնակարանի հետ, որում տարբեր ժողովուրդներ են բնակվում` մշակութային տարբեր հիմքերով: «Օսմանյան Թուրքիայի ժամանակ այս փաստը մշտապես ստվերվել է, և երբ սենյակներից մեկում խնդիր էր առաջանում, այն պարզապես կողպում էին: Տարիների ընթացքում երկիրը լցվել է նման փակ սենյակներով, որոնց ներսում շարունակում են կրքեր եռալ և խնդիրներ զարգանալ»,- հավելեց Ալփերը:

Ֆիլմը Սումրու անունով քուրդ երիտասարդի մասին է, որն իր մագիստրոսական թեզն է պաշտպանում անատոլիական եղերերգերի մասին։ Նա մի քանի ամսով ուղևորվում է Հարավարևմտյան Թուրքիա՝ Դիարբեքիրում բախվելով սեփական անցյալի մղձավանջին: Ալփերի խոսքով՝ սա իր մյուս ֆիլմերի շարունակությունն է, քանի որ դրանց հիմքում թեման մեկն է․ նա մշտապես «աչքի առաջ է պահում» անցած հարյուր տարիները և փորձում խոսել այս տարիներին չբարձրաձայնված բոլոր խնդիրների մասին: «Սենյակների դռներն այլևս անհնար է փակ պահել: 15 տարի առաջ Թուրքիայում նման ֆիլմ չէի կարող նկարել․ այժմ մենք սկսում ենք խոսել»,- ասաց թուրք ռեժիսորը։

Չնայած նրան, որ ամբողջ աշխարհում այս ժանրի ֆիլմերը զանգվածային հանդիսատես չեն ունենում, Թուրքիայում Ալփերի նախորդ` «Աշուն» ֆիլմի 150 հազ. օրինակ էր վաճառվել: Այն ցուցադրվել էր հեռուստատեսությամբ: Նման հաջողությունը դրդել է ռեժիսորին նոր` «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմում ավելի համարձակ լինել, ինչն անհետևանք չի մնացել․ ֆիլմը չի թուլատրվել ցուցադրել հեռուստատեսությամբ, սական հազարավոր մարդիկ դիտել են այն կինոթատրոններում և կաբելային հեռուստաալիքներով:

«Խնդիրն այն է, որ իմ ֆիլմերում մշտապես քաղաքական աստառ են տեսնում Թուրքիայում: Բայց ես գեղարվեստական գործ եմ ստեղծում և ցանկանում եմ, որ այն լիարժեք լինի և գնահատվի համապատասխան սկզբունքով»,- ամփոփեց Ալփերը:

Նշենք, որ կարճամետրաժ խաղարկային և վավերագրական մի շարք ֆիլմերի հեղինակ Ալփերի առաջին լիամետրաժ աշխատանքը` համշենահայ երիտասարդի մասին «Աշուն» ֆիլմը, մրցանակներ է շահել Լոկառնոյի, Թբիլիսիի, Սոֆիայի, Անկարայի միջազգային կինոփառատոններում, իսկ Երևանի «Ոսկե ծիրան»-ում՝ երեք տարի առաջ արժանացել Ժյուրիի հատուկ և FIPRESCI մրցանակներին:

«Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը Երևանում կցուցադրվի նաև վաղը՝ Սիրահարների այգում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում