«Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Շյոլերի «Նախարար» ֆիլմը, որն այս մրցույթի ամենատիտղոսակիր ֆիլմերից մեկն է: Անցյալ տարի այն Կաննի փառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի շրջանակում արժանացել է կինոքննադատների «Ֆիպրեսի» և Ֆրանսիայի կինոակադեմիայի մի քանի «Սեզար» մրցանակների: Շյոլերն այն քիչ ռեժիսորներից է, որոնց հաջողվել է սոցիալական խնդրահարույց թեմաների վրա հիմնվելով խոր և միաժամանակ դիտարժան կինո ստեղծել: Ֆիլմի երևանյան ցուցադրության օրը ՍիվիլՆեթ-ը զրուցել է ռեժիսորի հետ:
-Ինչու՞ ընտրեցիք հենց քաղաքական թեման. Ձեր առաջին ֆիլմը՝ «Վերսալը», մելոդրամա էր:
-Իրականում այս ֆիլմի գաղափարն ավելի վաղ է հղացել, քան առաջինինը: «Վերսալը» ծնվեց այն բանից հետո, երբ ես փորձեցի «Նախարարի» սցենարը գրել և ձախողեցի: «Նախարարը» ինձ համար մարտահրավեր է, քանի որ շատ դժվար է խոսել իշխանությունների ներքին կյանքի մասին: Ֆիլմի սցենարը մտացածին է, ինձ համար կարևորը քաղաքական գործչի կյանքի ուրախությունների և տխրությունների, նրա պատասխանատվության մասին խոսելն էր: Ֆիլմը ոչ թե քաղաքականության, այլ փոխհարաբերությունների մասին է, որոնք ամենուր նույնն են: Մշտապես մեկն ավելի մեծ պատասխանատվություն է կրում, քան մյուսները:
-Ֆիլմում Դուք խուսափել եք դատել…
-Այո, որովհետև եթե դատում ես, հայտնվում ես սխալ իրավիճակում: Հերոսներին քննադատելով՝ հակադրվում ես նրանց: Մինչդեռ շատ կարևոր է մտերմանալ նրանց հետ. դուք պետք է համախոհներ լինեք, այլապես պատմությունը չի ստացվի:
-Մամուլում Ձեզ ֆրանսիական կինոյի ծագող աստղ են անվանում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Իսկապե՞ս այդպես են գրում… Դա ինձ չի մտահոգում, քանի որ մեկ օրվա բան է. վաղը ինձ կմոռանան: Իհարկե, շնորհակալ եմ. հաճելի է, երբ քեզ գնահատում են, սակայն ես գիտեմ, որ դա սովորաբար երկար չի տևում, այդպես չէ՞:
-Ի՞նչ կարիք կա ֆիլմն այլ փառատոնների ուղարկել, երբ այն արդեն գրավել է Կաննը, արժանացել Ֆրանսիայի կինոակադեմիայի «Սեզար» մրցանակի:
-Ես շատ ոգևորված եմ, որ կարողացա գալ Երևան, քանի որ աշխարհի այս մասն անծանոթ է ինձ: Բացի այդ, միշտ հետաքրքիր է կարծիքներ լսել ֆիլմի մասին, ծանոթանալ այլ տեսակետների: Օրինակ՝ այսօր լրագրողների հետ հանդիպումը շատ հետաքրքիր անցավ ինձ համար:
-Ձեր ֆիլմը թրիլեր է. այնտեղ կան դինամիկ հատվածներ, որոնք ամենաշատ են գրավում հանդիսատեսին: Միաժամանակ՝ այն հավանել են հեղինակավոր փառատոնների ժյուրիները: Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը:
- Չգիտեմ՝ միգուցե պատճառն այն է, որ այս ֆիլմում կինոյի հանդեպ իմ ամբողջ սերն եմ դրել: Ես կարծում եմ, որ կինոն պիտի էմոցիոնալ, դիտարժան, վառ լինի: Պիտի հնարքներ լինեն, գեղեցիկ տեսարաններ, վայրեր: Եթե ինձ խորհուրդ են տալիս ֆիլմ դիտել, այն պիտի լավը լինի բոլոր առումներով, այդ թվում՝ նաև պատկերի: Այսօր այնքան ֆիլմեր են ստեղծվում, որ ընտրությունն ահռելի մեծ է. ֆիլմը պիտի գրավի առաջին իսկ տեսարանից և լարված պահի մինչև վերջ:
-Այսօր ընդունված է հատուկ էլիտար կինո ստեղծել, որը ցուցադրվում է միայն փառատոններում և իրականում քիչ է հետաքրքրում հանդիսատեսին: Փաստորեն Դուք աշխատում եք մարդկանց, այլ ոչ փառատոնների համար:
- Միանշանակ: Սակայն փառատոները ևս կարևոր են, քանի որ դրանք նոր հանդիսատես գտնելու և ֆիլմի աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորություն են տալիս:
-Դուք երկար տարիներ սցենարիստ եք եղել: Ինչպե՞ս ստացվեց, որ ռեժիսորությամբ սկսեցիք զբաղվել:
-Պարզապես մի ծանոթ պրոդյուսեր ասաց ինձ. «Լավ, սցենարն ունես, ինչո՞ւ ինքդ չես նկարում, առա′ջ անցիր»: Այդպես ես նկարեցի իմ առաջին ֆիլմը հեռուստատեսության համար: Այնպես որ պատճառն ընդամենը ճիշտ պահին ճիշտ մարդու հանդիպելն էր:
- Դուք Ձեր ֆիլմերի համար հատուկ ուսումնասիրություններ կատարո՞ւմ եք:
-Սովորաբար՝ այո: Նախքան «Վերսալի» նկարահանումները շուրջ մեկ տարի ես այցելում էի անվճար ճաշարան՝ ծանոթանալու անօթևան մարդկանց կյանքին: «Նախարարի» համար ուսումնասիրությունները շատ բարդ էին, քանի որ քաղաքական գործիչների ներքին կյանքը շատ փակ է, դժվար հասանելի: Ես փորձել եմ պետական կառույցներում աշխատող իմ ծանոթներից տեղեկություններ ստանալ, ի մի բերել դրանք և ընդհանուր պատկերացում կազմել:
- Ֆիլմի համար ինչու՞ ընտրեցիք հենց տրանսպորտի նախարարի կերպարը:
-Սա բառախաղ է` ֆրանսերենում «տրանսպորտ» բառը նաև «զգացմունքային» է նշանակում: Ավելին՝ այն այլաբանություն է. զգացմունքներն են դրդում առաջ շարժվել:
-Ի՞նչ նոր նախագծեր ունեք:
-Սկսել եմ նոր ֆիլմի սցենար գրել: Այն ֆրանսիական հեղափոխության մասին է և «Վերսալի» ու «Նախարարի» հետ միասին եռապատման վերջին մասը կկազմի՝ նվիրված իշխանությունների և քաղաքացիների փոխհարաբերություններին:
Civilnet











