Գլխավոր Լրահոս

ԳինԷ՝ Սիրիահայերի և տեղացի կանանց գինեպատումներ. Սիրանուշ Ալթունյան

ԳինԷ՝ Սիրիահայերի և տեղացի կանանց գինեպատումներ. Սիրանուշ Ալթունյան

Գինու ինկուբացիոն նախագիծը կայուն տնտեսական զարգացման և զբաղվածության խթանման ոլորտում իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) և «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  (PSD TVET) ծրագրերի միջև հաջողված համագործակցության արդյունք է: Ծրագրերն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ/GIZ) կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ (BMZ):

Նախագծի նպատակը Սիրիայից տեղահանված անձանց ու տեղացի կանանց համար ձեռնարկատիրական գործունեության նոր հնարավորությունների ստեղծումն է գինեգործության ոլորտում։ Նախագծի արդյունքում գինու շուկա են մուտք գործել սիրիահայ և տեղացի կին վեց սկսնակ գինեգործներ, որոնցից ստորև ներկայացվում է Սիրանուշ Ալթունյանի պատմությունը: 

«Գինու ինկուբացիոն նախագիծը նոր շունչ բերեց իմ կյանք՝ կրկին սովորելու, արարելու հնարավորություն, նոր մարդկային շփումներ ու նոր ընկերներ»։ 

Սիրանուշ Ալթունյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի վարիչն է։ Թեև մանկուց երազել է բժիշկ դառնալ, սակայն իրականացրել է մեկ այլ երազանք` դարձել է սննդամթերքի փորձագետ։ Վերջին մեկ տարում էլ գնում է իր նոր երազանքի հետևից։

«Գինու նկատմամբ իմ սիրո մեջ մեծ ներդրում ունի Զարուհի Մուրադյանը (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն - խմբ.)։ 2009-ին, երբ ծանոթացա նրա հետ, հասկացա, որ կանայք էլ կարող են ալկոհոլային խմիչք սիրել, արտադրել և իրենց ներդրումն ունենալ այդ ոլորտում»,- պատմում է Սիրանուշը։  

GIZ-ի կողմից կազմակերպվող գինեգործության արագացված դասընթացների մասին հայտարարությունը տեսնելուց հետո որոշել է դիմել։ Թեև ամուսնացած է, ունի երկու չափահաս երեխա և զբաղվածությունը շատ մեծ է, սակայն ընտանիքի անդամների աջակցությամբ Սիրանուշը որոշել է իրեն փորձել նաև այս ոլորտում։ Ասում է՝ դիմում էր, սակայն ոչ լիահույս, որ կընտրվեր որպես ծրագրի մասնակից։ 

«Քանի որ մասնագիտությամբ գինեգործ չեմ, մտածում էի, որ գուցե չընդունեն, բայց հարցազրույցի ընթացքում, կարծես թե, համոզվեցին, որ մոտիվացիաս շատ է, ցանկությունս մեծ է սովորելու, ստեղծելու»,- նշում է Սիրանուշը:  

Սիրանուշը, համալսարանում դասավանդելով Սննդամթերքի փորձաքննություն-անվտանգություն առարկան, գինեգործության տեսական հմտություններին տիրապետում էր։ Տանն անգամ փոքր քանակությամբ գինի է պատրաստել, սակայն դասընթացն իր համար գինեգործության մեջ նոր հորիզոններ է բացահայտել։  

«Այս նախագծի շրջանակում շատ մեծ հնավորություն ստացա գինեգործության ոլորտին ավելի խորը ծանոթանալու։ Բանիմաց մասնագետների հետ շփվելով, ծանոթանալով՝ մեծ բացահայտումներ արեցի այդ ոլորտում, ինչը մեծ ձեռքբերում էր իմ կյանքում և իմ աշխատանքի մեջ։ Եթե անգամ չանցնեի ծրագրի երկրորդ՝ բուն ինկուբացիայի փուլ, միայն դասընթացն անցնեի, նույնպես մեծ ուրախություն կլիներ ինձ համար, քանի որ ձեռք եմ բերել այնպիսի գիտելիքներ, որոնք կիրառում եմ այս պահին լսարանում։ Դա ինձ շատ է օգնում, որովհետև մինչ այդ միշտ գրականությունով եմ այդ ամենն ուսումնասիրել, բայց արդեն գինեգործների հետ գործնական շփումների արդյունքում նոր հմտություններ ավելացան»,- նշում է նա։ 

Դասընթացների փուլը բարձր առաջադիմությամբ հաղթահարելուց հետո Սիրանուշը հնարավորություն է ստացել ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել իր սեփական գինին արտադրելու և բիզնես սկսելու համար։   

«Երբևէ չէի պատկերացնի, որ այսքան քայլեր կանեմ այս ոլորտում, որովհետև ինկուբացիոն ծրագիրն անակնկալ էր։ Շատ մեծ աշխատանք տարվեց կազմակերպության կողմից, որպեսզի մենք մտնենք այս ոլորտ ու սկսենք մեր բիզնեսը։ Շատ հարցեր կան, ու ես ամեն հարցի հետ բախվելիս մտածում եմ՝ գիտության մարդը, կարծես, բիզնեսի հետ այդքան էլ հեշտ չի հաշտվում, բայց մեր կողքին շատ լավ, պատրաստակամ մասնագետներ կան, որոնք աջակցում են մեզ»,- նշում է Սիրանուշը։ 

Թեև ցանկությունը մեծ էր կարմիր չոր գինի արտադրելու, սակայն վիճակահանության արդյունքում Սիրանուշին բաժին է ընկել սպիտակ չոր գինին։ Այն կանգուն խաղողից է և հնեցված է տակառում։

Գինին շուկայում կհայտնվի «Ալթունյան գինիներ» ապրանքանիշով։

«Որոշեցի գինին կոչել իմ ընտանիքի ազգանունով, քանի որ ցանկություն ունենք հետագայում գործունեությունն ընդլայնել, արտադրական ծավալները մեծացնել։ Նպատակ ունենք նաև սեփական այգիներ ստեղծել»,- նշում է Սիրանուշը։ Թեև ընտանիքում որևէ մեկը չի զբաղվել գինեգործությամբ, Սիրանուշը շատ է ցանկանում անել առաջին քայլը և սկսել իրենց փոքրիկ բիզնեսը։

Գինու պիտակը զուսպ է՝ դասական ոճի մեջ, առանց լրացուցիչ տարրերի, բացառությամբ հայկական մանրանկարչությունից ընտրված թռչունների պատկերի, որն էլ խորհրդանշում է մաքրություն և պարզություն։ 

Ինչպես Սիրանուշը, այնպես էլ ընտանիքի անդամները ներկայում մեծ ոգևորությամբ սպասում են գինիների առաջին խմբաքանակի շուկա դուրս գալուն։ Գինու ինկուբացիոն ծրագրի շրջանակում արտադրված 500 շիշ գինու վաճառքի հասույթը պատրաստվում են ծառայեցնել նոր խմբաքանակի արտադրմանը և բիզնեսի հետագա ընդլայնմանը։ 

«Մենք ցանկանում ենք հումքը մեր ձեռքերով մշակել, քանի որ երբ դաշտից է սկսվում քո աշխատանքը, քո հսկողությունը, դու դրա լիարժեք պատասխանատուն ես լինում։ Եթե աշխատանքը սիրով ես կատարում, արդյունքը գոհացուցիչ է լինում թե՛ սպառողի, թե՛ արտադրողի համար։ Իսկ գինեգործության նկատմամբ իմ սերը գնալով մեծանում է»,- եզրափակում է Սիրանուշը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում