Հայաստանում գնաճի հաշվարկման մեթոդոլոգիան կներդաշնակեցվի Եվրամիության ստանդարտների հետ։ Արդեն 2014-ին ծրագրվում է հաշվարկել Հարմոնիզացված սպառողական գների ինդեքս, որի մեթոդաբանությունը տարբերվում է ներկայում հաշվարկվող ազգային Սպառողական գների ինդեքսից։
ԵՄ-ի «Թվինինգ» ծրագրի շրջանակում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) և մասնագետների համար կազմակերպված սեմինարին, որը նվիրված էր Հայաստանում Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի (ՀՍԳԻ) ներդրմանը, ԱՎԾ-ի գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողներին ասաց, որ ՀՍԳԻ-ին հաշվարկվում է ԵՄ երկրներում. այն խարսխված է ընդհանուր մեթոդաբանության ու սահմանումների միասնական փաթեթի վրա։
Ի տարբերություն սպառողական գների ինդեքսների՝ ՀՍԳԻ-ում չեն ներառվում բնակարանի սեփականատիրոջ համար պայմանական հաշվարկվող վարձավճարները, կյանքի ապահովագրությունը, բժշկական ապահովագրությունը և այլն։
ՍիվիլՆեթի հարցին, թե հաշվի առնելով մեթոդաբանության և կառուցվածքի որոշակի տարբերությունները՝ ՀՍԳԻ-ի և Սպառողական գների ինդեքսի միջև ինչպիսի շեղում կլինի, Մարտիրոսյանն ասաց, թե շեղում պետք է որ չլինի՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը, որոնք հաշվարկում են երկու ինդեքսներն էլ։ «Շեղումները լինում են միայն կազմ-կառուցվածքի փոփոխությամբ պայմանավորված։ Գնային տեղեկատվությունը հիմնականում նույն է»,- նշեց Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ 2013-ից նախատեսվում է սկսել տվյալների հավաքագրման փոփոխությունները, ՀՍԳԻ-ի հրապարակումը պետք է ակնկալել արդեն 2014-ից։ Հարցին՝ թե այդ ժամանակ էլ է հրապարակվելու երկու ինդեքս, Մարտիրոսյանը նշեց, որ դեռևս վաղ է խոսել այդ մասին «Ապագան ցույց կտա, ամեն ինչ կախված կլինի անհրաժեշտությունից»,- նշեց նա։
Նշենք, որ ներկայում Հայաստանում Սպառողական գների ինդեքսը (գնաճը) ըստ մեթոդաբանության հաշվարկվում է հիմք ընդունելով 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով գների փոփոխությունը։
Civilnet











