Գլխավոր Լրահոս

Գծատերերը գերշահույթով են աշխատում

Գծատերերը գերշահույթով են աշխատում

Հայաստանում միջքաղաքային և ներքաղաքային հասարակական տրանսպորտը գերշահույթներով է աշխատում: Կոպիտ հաշվարկներով՝ երթուղիների գծատերերը վեց անգամ ավելի շատ գումար են ստանում, քան վճարում են պետբյուջե։

Երևան-Չարենցավան և Երևան-Աբովյան գիծը սպասարկող «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրենը հայտարարել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից կազմակերպվող անվճար ավտոբուսային երթուղիների հետևանքով արդեն 800 հազ. դոլարի վնաս են կրել։ Ներկացվող թիվը, իհարկե, ուռճացված է և պահի թելադրանքով է: Բայցևայնպես, որ գծատերերը իրականում գերշահույթներ են ստանում,  ցույց են տալիս անգամ կոպիտ հաշվարկները։

«Հաստատագրված վճարի մասին» ՀՀ օրենքով ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը մեկ նստատեղի համար 2000 դրամ է՝ բազմապատկած համապատասխան գործակցով (ըստ տրանսպորտային միջոցի շահագործման աշխարհագրության): Օրինակ՝ Երևան-Աբովյան ավտոբուսային երթուղում շահագործվող մեկ ավտոբուսի (նստաղերի քանակը 22) համար երթուղին սպասարկող ընկերությունը ամսական պետբյուջե է վճարում 52,8 հազ. դրամ կամ օրական կտրվածքով՝ 1760 դրամ։ Աբովյան-Երևան երթուղում մեկ ուղևորի տեղափոխման սակագինը 200 դրամ է, ինչը նշանակում է, որ ընկերությունը օրական տեղափոխելով ընդամենը ինը ուղևոր, կարող է վճարել իր հարկերը։

Եթե հաշվի առնենք, որ օրական միջինը մեկ ավտոբուսը կատարում է վեց երթ և յուրաքանչյուր երթով տեղափոխում է նստատեղով նախատեսված ուղևորների քանակը՝ 22 (ինչը իդեալական տարբերակ է, քանի որ, ինչպես ցույց է տալիս կյանքը, բոլոր ավտոբուսներն աշխատում են ծանրաբեռնված և կանգնած ուղևորներ էլ են տեղափոխում), ապա օրական կտրվածքով մեկ ավտոբուսը ապահովում է առնվազն 26,5 հազ. դրամ հասույթ։ Ստացվում է, որ երթուղու գծատերը մեկ ավտոբուսից ստացված եկամտի ընդամենը մոտ 7%-ն է վճարում պետբյուջե։ Եթե հաշվի առնենք վառելիքի ծախսը, հարկերը, սպասարկման այլ ծախսերը, ապա ամենահամեստ հաշվարկներով մեկ ավտոբուսը գծատիրոջն օրական ապահովում է 10-15 հազ. դրամ շահույթ: Ամենահամեստ հաշվարկներով ստացվում է, որ մեկ երթուղուց ամսական կտրվածով գծատերը ստանում է 3-6 մլն դրամ (կախված ավտոբուսների քանակից), իսկ պետբյուջե է վճարում 0,5-ից մինչև 1մլն դրամի հարկ:

Այս կոպիտ հաշվարկներից երևում է, որ ավտոբուսային երթուղիներից պետբյուջեն 6 անգամ քիչ գումար է ստանում, քան գծատերերը: Սա այն դեպքում, երբ բոլոր հաշվարկներում հիմք է ընդունվել, որ ավտոբուսը կանգնած ուղևոր չի տեղափոխում։ Ստացվում է, որ գծատերերի համար հարկային բեռը բավական փոքր է, և գերշահույթների հաշվին նրանք բոլոր հնարավորություններն ունեն կա՛մ ավելացնել ավտոբուսների քանակը, կա՛մ բարձրացնել սպասարկման որակը, կա՛մ էլ վերանայել ուղեվարձերը։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում