Վասիլիյ Սիգարևը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ժամանել է իր կնոջ, դերասանուհի Յանա Տրոյանովայի հետ, որը նաև նրա նոր ֆիլմի գլխավոր դերակատարն է: Այսօր զույգը հանդես եկավ մամուլի ասուլիսով և ներկայացրեց փառատոնի միջազգային խաղարկային մրցույթին մասնակցող «Ապրել» ֆիլմը:
Ֆիլմի միջոցով ռեժիսորը ցանկանում է ասել, որ կյանքն ավելին է, քան սպիտակուցային մարմինների գոյության եղանակ․ մարդն ընդունակ է զգալ, տառապել, սիրել և ապրել՝ ի հեճուկս ճակատագրի, նույնիսկ ամենաթանկը` իր սիրած մարդկանց կորցնելու գնով: Ֆիլմի հերոսների ճակատագիրը արագորեն և դաժանաբար խլում է նրանց սիրելիներին` վերացնելով անգամ կենդանի մնալու ցանկությունը: Ֆիլմի հերոսները չեն հանձնվում. նրանք ընդդիմանալով ոտքի են կանգնում, պատերազմ հայտարարում ճակատագրին` մաքառելով մարդու տոկունության սահմանագծին և դրանից անդին: Նրանք հասնում են սեփական հաղթանակներին:
Սիգարևի կարծիքով՝ իր հանդիասատեսը երկու տեսակի է բաժանվում` նրանք, որոնց ապրելու ցանկությունը ֆիլմը դիտելուց հետո կտրուկ մեծանում է, և նրանք, որոնց կենսական կամքն անկում է ապրում: «Ամեն դեպքում, այն թույլ նյարդերով մարդկանց համար չէ»,- շեշտեց ռեժիսորը:
Սիգարևը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է: Ինչպես նշեց Յանա Տրոյանովան, չնայած ֆիլմում չկան անմիջական անդրադարձներ իրենց անձնական հարաբերություններին, այդուհանդերձ իր և ֆիլմում իր զույգի սյուժետային գծի վրա մեծապես ազդել են իրենց իրական կյանքի վեճերը:
Վասիլի Սիգարևն ապրում է Եկատերինբուրգում: Նա դրամատուրգ է, սցենարիստ և ռեժիսոր: Ուսանել է Նիժնի Տագիլի մանկավարժական, ապա Եկատերինբուրգի թատերական ինստիտուտների դրամայի բաժնում: 2002թ․ նրա պիեսներից մեկն արժանացել է Evening Standard թատերական մրցանակին: 2009թ․ նկարահանել է իր առաջին՝ «Հոլը» լիամետրաժ ֆիլմը, որը բազմաթիվ մրցանակներ է ստացել միջազգային կինոփառատոներում:
Հանդիպման ավարտին Սիգարևն ու Տրոյանսկայան ասացին, որ այժմ նոր ֆիլմ են նկարահանում, որը կլինի կոմեդիա՝ բնականաբար համեմված սիգարևյան սև հումորով:
Civilnet











