Գլխավոր Լրահոս

Տրոհո՞ւմ, պառակտո՞ւմ, թե՞ զտում

Տրոհո՞ւմ, պառակտո՞ւմ, թե՞ զտում

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը և Անդրանիկ Քոչարյանը լքել են ՀԱԿ-ը: Իրենց քայլը նրանք հիմնավորել են, որ համաձայն չեն ՀԱԿ-ի վարած քաղաքականության հետ, որի առանցքն է կազմում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը: Լևոն Տեր-Պետորսյանի գլխավորած քաղաքական ուժը լքելու այս հիմնավորումը վերջին շրջանում խիստ արդիական է: Այս հիմնավորմամբ նույնիսկ կուսակցություններ են դուրս եկել ՀԱԿ-ի կազմից:

Եթե ՀԱԿ-ը լքողները որպես արդարացում բերում են այն հանգամանքը, որ Կոնգրեսը շեղվել է Համաժողովրդական շարժման ձևակերպած նպատակներից՝ «ավազակապետության կազմաքանդումից և իշխանափոխության իրականացումից», ապա տրամաբանորեն նրանք պետք է շարունակեն սահմանադրական կարգի հաստատմանն ուղղված գործընթացը: Ընդ որում՝ նրանցից շատերը, օրինակ՝ Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, ընդգծում են, որ մնալու են «փողոցում» և «փողոցի» միջոցով են հասնելու իրենց նպատակների իրագործմանը:

«Փողոց» ասվածը ենթադրում է հանրային դժգոհության ալիքի գեներացում և կոնսոլիդացում, որը հրապարակային ակցիաներով պետք է միտված լինի իշխանություններին ինչ-ինչ քայլերի պարտադրելու: Այստեղ է, որ նշված գործիչների խոսքի և գործի միջև լուրջ հակասություն կա: Կոնգրեսից հեռացողները կամ նրա ներսում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության գործնական կիրառումից դժգոհողները մինչ այժմ չեն նկատվում հանրային դժգոհության ալիքի ֆոնին: Իսկ այս ընթացքում հանրային լուրջ դժգոհության դրսևորումների պակաս կարծես չի զգացվում:

Ավելին, վերջիններս պայքարի սլաքը նրբորեն ուղղում են ոչ թե իրենց  պատկերացրած սահմանադրական կարգի հաստատմանը խանգարող ՀՀԿ-ի և նրա առաջնորդի ուղղությամբ, այլ շարունակական կրակահերթի տակ են պահում ՀՀԿ-ի նախկին գործընկերոջը՝ ԲՀԿ-ին: Նման մարտավարությունը հասկանալի և ընդունելի կլիներ, եթե այդ գործիչներն ու ուժերը պատասխանեին հետևյալ հարցին. «Արդյոք ԲՀԿ-ի ոչնչացումը կամ հաճախորդացումը կթուլացնի՞ ՀՀԿ-ի մենաշնորը և արդյոք կօգնի՞ Հայաստանում իրական սահմանադրական կարգի հաստատմանը»:

ՀԱԿ-ի տիրույթից դուրս այլընտրանքային ընդդիմադիր ուժը պետք է առնվազն վստահություն և հավատ ներշնչի ընդվզող քաղաքացիների շրջանում: Սակայն այդ ընդվզող քաղաքացիները, օրինակ՝ Վահե Ավետյանի սպանության գործով բողոքի ակցիաների ժամանակ, չեն նկատում, ասենք՝ նույն Արամ Սարգսյանին, որը հայտարարում է, թե իր հենարանը փողոցն է:

Վահե Ավետյանի սպանությունը դատապարտելու համար Արամ Սարգսյանն ու Անդրանիկ Քոչարյանը փողոց դուրս չեն գալիս, քանի որ Ռուբեն Հայրապետյանի ընկերներն են: Իսկ եթե մինչև նախագահական ընտրություները նրանք ընկերանան նաև Սերժ Սարգսյանի հետ, ապա կարելի՞ է ասել, որ սահուն կերպով կմոռանան սահմանադրական կարգի հաստատման մասին:

Արդյոք այս գործիչների՝ ՀԱԿ-ից դուրս գալը կարելի՞ է դիտարկել որպես Կոնգրեսի պառակտում: Պառակտում թերևս կլիներ այն դեպքում, եթե ընդդիմադիր ուժը լքողները արդեն իսկ ձևավորած լինեին ընդդիմադիր ուժային կենտրոն՝ օգտագործելով ՀԱԿ-ի հասարակական վստահության պաշարը: Սակայն առայժմ «Ազատ դեմոկրատների», «Հանարապետություն» կուսակցության կամ Դավիթ Շահնարազարյանի ու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ որևէ ընդդիմադիր ուժային կենտրոն չի երևում: 

ՀԱԿ-ից հեռացողների այս գործընթացը դժվար է նաև տրոհում անվանել, քանի որ տրոհված մասնիկները տրամաբանորեն պետք է ինքնակազմակերպման ուժով ազնիվ ընդդիմադիր պայքար սկսեին: Սակայն ո՛չ պայքարն է նկատվում, ո՛չ էլ ազնվությունը: Գործընթացը ավելի շուտ կարելի է ինքնամաքրում կամ զտում համարել, որը կօգնի ՀԱԿ-ին առավել միատարր գաղափարական կառույց դառնալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում