«Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնին մասնակցում է թուրք ռեժիսոր Էնիս Ռիզան, որը փառատոնի ամենահին ընկերներից է: Այս տարի «Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթին նա ներկայացրել է «Վերամշակելով կյանքը. աղբի մեջ Դոստոևսկի գտա» ֆիլմը:
Ֆիլմը փողոցային երեխայի` մուրացկան Օքթայի մասին է: Նա փող ու աղբ է հավաքում փողոցներում, թերթ վաճառում, փողոցի շների հետ նրանց բույնը կիսում: Օքթայի կյանքը Ստամբուլում փոխվում է ուսանողների հետ ունեցած պատահական հանդիպումների և այն փչացված գրքերի շնորհիվ, որոնք նա գտնում է աղբարկղերում: Նա կարդում է այդ գրքերը և սկսում դրանք հավաքել` արդեն իր իսկ համար: Այժմ Օքթայը օգտագործված բազմաբնույթ գրքերի խանութ ունի: Այս երիտասարդի` ոչնչից մարդ դառնալու պատմությունը հույսի և ըմբռնման փարոս է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են այն լսել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Էնիս Ռիզան ասաց, որ մուրացկան երեխաների կյանքը թուրքական վավերագրական կինոյում ամենահաճախ արծարծվող թեմաներից է: Ֆիլմի հերոսին նկարահանող խումբը վեց տարի շարունակ հետևել է, որպեսզի նկարահանի նրա կյանքի բեկումնային հատվածը, որը և «Վերամշակելով կյանքը. աղբի մեջ Դոստոևսկի գտա» ֆիլմի հիմքն է դարձել:
«Հերոսին պատահական ենք գտել՝ մեկ այլ վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ օրը այլ մուրացկանների շարքում նկատել էինք մի տղայի, որն առանձնանում էր մնացածից, հետաքրքիր հայացք ուներ: Որոշեցինք, որ հենց նրա մասին պետք է առանձին ֆիլմ նկարել»,- ասաց ռեժիսորը՝ հավելելով, որ տղայի հաջողությունը աղբում Դոստոևսկու գիրքը գտնելն էր, իրենը՝ նրան գտելը:
Էնիս Ռիզան սոցիոլոգիա և բանասիրություն է ուսանել Անկարայի «Հաչեթեփե» համալսարանում: 1969-ից սկսել է աշխատել վավերագրական և կարճամետրաժ կինոյի ասպարեզում: Միաժամանակ՝ զբաղվում է լուսանկարչությամբ։ Ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: 70-ականներից անընդմեջ վավերագրական ֆիլմեր է նկարահանում: 1987թ․ հիմնել է VTR Film Directing-Research & Production կինոընկերությունը: 1996թ․ մասնակցել է Թուրքիայի Վավերագրողների ընկերակցության ստեղծմանը, վարչության խոսնակն ու նախագահն է: Նաև սոցիալական, մշակութային և գեղարվեստական գործերի և վավերագրական ֆիլմերի Babil ընկերակցության համահիմնադիրներից է: Այժմ վավերագրական կինո է դասավանդում Մարմարայի համալսարանում։
Civilnet











