Ամենասպասված Մեռելոցը
Առաջին անգամ, երբ լսեցի Մեռելոցի մասին, փորձեցի տեղը բերել, թե ինչ մեռելներ ունեմ ես։ Արցախյան շարժման օրերն էին։ 16-18 տարեկան տղա էի, և ինձ վերաբերող մահեր չէի տեսել։ Սումգայիթյան ողբերգությունը ինձ չմերձեցրեց զոհերին, թեպետ ես ապրում էի ադրբեջանցիներով բնակեցված գյուղում։ Ես վստահ էի, որ իմ հողի վրա ադրբեջանցիներն այդպիսի ռիսկի չեն գնա։ Եվ, իսկապես, ռիսկի չգնացին, բայց ինձ հրաժեշտ տվեցին արցունքն աչքերին։ Ես նրանց հետ կիթ էի արել, նրանց հետ մաքրել էի ֆերմաները, խաղացել էի նրանց երեխաների հետ և, մի խոսքով, մեր մեջ հետին մտքեր չկային։
Ազատամարտի օրերին, երբ հասկացա, որ յուրաքանչյուր զոհ աղքատացնում է այս երկիրը, դադարեցրի «անձնական մեռելների» փնտրտուքը։ Ես արդեն ուսանող էի ու մայրաքաղաքում նստած զգում էի, որ սահմանին տեղի ունեցող մահը իմ մահվան ձևերից մեկն է։ Երբ հարազատի ես կորցնում, նրա մահը աղքատացնում է քեզ։ Երբ ես կորցրի իմ կնոջ քեռիներին, ուզում էի տարվա բոլոր օրերը լինեին մեռելոցներ։ Որովհետև առաջինին լավ չգիտեի, ու ինձ թվում էր, թե հանուն նրա օրերի մեջ խոկալը նրան մերձ լինելու լավագույն ուղին է, իսկ երկրորդին շատ լավ գիտեի, և պարզապես սիրում էի այդ մարդուն։ Ու թվում էր, որ եթե որևէ շարժում անեմ, կսասանեմ այդ մարդու հիշատակը։
Ի՞նչ է Մեռելոցը։ Եկեղեցու համար այն 5 Տաղավար տոներին հաջորդող օրն է, երբ ապրողները հիշում են հանգուցյալներին։ Խորհրդային ժամանակներում Մեռելոցը ինքնագործունեության ոլորտից էր, պետությունը եկեղեցու հետ ընդհանուր ոչինչ չուներ և չէր ուզում ունենալ։ Մեռելոցը եկեղեցունն էր, որովհետև եկեղեցու գաղափարախոսության հիմքը Հարությամբ շարունակված Հիսուսի մահն էր։ ԽՍՀՄ-ը չէր հավատում Հարությանը, որովհետև որևէ եկեղեցու չէր ընդունում։
Հայաստանի կառավարությունը, որի կորիզը հանրապետականներն են, ընդունում է մեր եկեղեցուն։ Ընտրություններից առաջ հանրապետականները գնացին աննախադեպ քայլի՝ նախընտրական կարգախոսում հիմնարար տեղ հատկացրին քրիստոնեական երկու կարևոր ընկալումներին՝ հավատին և փոփոխությանը՝ «Հավատանք, որ փոխենք»։ Հավատալ Հանրապետականին, որպեսզի փոխվենք։ Դե եթե Հանրապետականը հավատի ենթակա կուսակցություն է, ուրեմն պիտի հաշտվի այն մտքի հետ, որ այն օրը, երբ կուսակցությունը հեռանա իշխանությունից, հաջորդ օրը կլինի մեր Մեռելոցը. ամենասպասված Մեռելոցը բազում փորձություններ տեսած հետխորհրդային հայաստանցու համար։
Հավանաբար ոչ ոք չի կարող մատնանշել որևէ ապրող հանրապետականի, որի մեջ կճանաչի իրական հավատացյալին։ Սակայն հանրապետականներից ջերմեռանդ ոչ ոք չգտնվեց Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ իր բարեհաճության ծավալների մեջ։ Այնքան ջերմեռանդ, որ թվում է, թե ունեն կուսակցությանն առընթեր արքեպիսկոպոսը։ Սակայն սա մի քիչ այլ թեմա է։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մեզ տվեց Մեռելոցի «տոնականությունը»։ Հիմա մենք գիտենք՝ Մեռելոցները, որոնք ընկնում են երկուշաբթի օրերին, ոչ աշխատանքային օր են։ Վարչապետը Տաղավար 5 տոների հաջորդ օրը հայտարարել է Մեռելոցի օր։ Դրանք 5 օր են՝ ոչ ավել, ոչ պակաս։ Եվ տարվա մեջ ոչ մի դեպքում մեկով ավել կամ պակաս լինել չեն կարող։ Բայց ահա ամեն մեռելոցին մենք շփոթվում ենք՝ երբ ենք աշխատելու և երբ ենք հանգստանալու։ Այսինքն, կառավարությունը սկսում է աշխատանքային օրեր ձևել մի աշխատանքային շաբաթը դարձնելով 3 կամ 4 օր, մյուսը՝ 6 օր։ Բարեբախտաբար, անփոփոխ են շաբաթվա օրերը, դրանք 7-ն են, այլապես Հանրապետականի կարգախոսը կարող էր ըստ նպատակահարմարության մի շաբաթը դարձնել 3 օր, մյուս շաբաթը՝ 14 օր։ Չաշխատող մարդու համար անկասկած Մեռելոցը կամ որևէ ոչ աշխատանքային օր ենթադրող տոն օր որևէ ստրեսի չի հանգեցնում։ Աշխատող մարդը կորցնում է շաբաթվա ընկալումը։ Ահա թե որն է խնդիրը։ Աշխատող մարդը չգիտի, թե հատկապես ինչի վրա կենտրոնացնի իր ուշադրությունը, ինչպես բաժանի շաբաթը, ոչ աշխատանքային օրն ինչպես կանդրադառնա իր աշխատավարձի վրա, եթե նա վարձավճարային աշխատող է։ Եվ ամենակարևորը՝ մենք այսօր ունենք արդեն մեր մեռելները, բայց մեր Մեռելոցը դեռևս չունենք, որովհետև ինչ-որ կարևոր արժեք ենք կորցրել։
Խնդրում եմ, վերադարձրե՛ք մեր Մեռելոցը։
Թեմա
Մհեր Արշակյան










