Գլխավոր Լրահոս

Ուռուտցիները շարունակում են պայքարել հանքի դեմ․ տապալվեց երրորդ լսումը

Ուռուտցիները շարունակում են պայքարել հանքի դեմ․ տապալվեց երրորդ լսումը

Սեպտեմբերի 24-ին երրորդ անգամ չկայացավ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի հանրային լսումը։ Ընկերությունը համառում է Ուռուտի հանքային դաշտում լեռնահետախուզական աշխատանքներ իրականացնելու հարցում, ուռուտցիները դիմադրում են այդ աշխատանքների դեմ: 

Ուռուտի հանքի մասին

Ուռուտը մտնում է Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի մեջ: Գտնվում է Ստեփանավանից  6-7 կմ  հեռավորության վրա՝ Ուռուտ գետի ափին: Գյուղն ունի 1 400 գլուխ անասուն, 880 հա վարելահող, որից  գյուղացիները մշակում են 200 հա-ն: Ուռուտցիները ցանկանում են զբաղվել գյուղատնտեսական խաղաղ աշխատանքով և արդեն տևական ժամանակ է դիմադրում են հանքի լեռնահետախուզական աշխատանքների «Ջին Հոլդինգ  Լիմիթիդ»-ի հայտի դեմ: Ուռուտցիները մատնանշում են Արմանիսի բազմամետաղային հանքի շահագործման հետևանքով իրենց շրջակա միջավայրին պատճառած վնասի հետևանքները: 

Հանքավայրը ընդգրկում է Ուռուտ, Սվերդլով, Մեդովկա, Սարչապետ գյուղերի տարածքները, սակայն «Ջին Հոլդինգ  Լիմիթիդ»-ը հանրային լսումների հայտ է ներկայցրել Ուռուտի վարչական  տեղամասի՝ գյուղից 20 կմ հեռավորության վրա գտնվող «Քոռ յալ» կոչվող հանդամասի տարածքի լեռնահետախուզական աշխատանքերի համար: 

Ուռուտի հանքային տեղամասի երկրաբանահետախուզական աշխատանքերի համար 2021-ին հայտ ներկայացրած երկու ընկերություններից «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն  կառավարության պետական ռեգիստրում գրանցվել է 2021-ի փետրվարի 8-ին, «Նեյչրլ ռիսուրսիզ»-ը` 2021-ի  փետրվարի 10-ին: «Նեյչրլ ռիսուրսիզ»-ը ավելի վաղ է հանքի  2021-2024թ.-ի լեռնահետախուզական աշխատանքների հանրային լսումների հայտ  ներկայացրել և 2021-ի ապրիլի 14 –ին Ուռուտի վարչական ղեկավարի նստավայրում անց է կացրել հանրային լսումներ, որոնք նախագահել է վարչական ղեկավար Սերգո  Ջուլհակյանը: Վերջինս հայտարարել է, թե հանքը պետք է շահագործվի փակ եղանակով: 

Ըստ 2021-ի ապրիլի 14-ի արձանագրության՝ ուռուտցիները համաձայնություն են տվել «Նեյչրլ ռիսուրսիզ» ՍՊԸ-ին հանքի հետազոտման աշխատանքներ սկսելու համար: Մեկ ամիս հետո՝ 2021թ. մայիսի 15-ին, Ուռուտի հանքի լեռնահետախուզական աշխատանքերի հետազոտման հանրային լսումների հայտ է ներկայացրել «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն, սակայն լսումները երրորդ անգամ չեն կայանում ՝ գյուղացիների դեմ լինելու պատճառով: 

Սեպտեմբերի 24-ին լսումները երրորդ անգամ չկայացան

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12-ին, վարչական ղեկավարի նստավայի մոտ հավաքված մոտ 300 ուռուտցիներ պահանջում էին «Ջին Հոլդինգ  Լիմիթիդ»-ի ներկայացուցիչներից  հեռանալ գյուղից։ Գյուղացիներին  աջակցում էին Երևանից ժամանած  բնապահպանները: 

«Ես երեխա եմ ունեցել, որ ապրի, չեմ բերել, որ իր գյուղում թունավորեն: Ի՞նչ եք ուզում մեր գյուղից: Ուզում են իրենք հարստանան, ժողովուրդն էլ օրը մի անգամ  դեղ խմի»,- ասում  էր Աննա Անդրեասյանը: Անհատ ձեռներեց Անահիտ Մանուկյանը Ուռուտում  զբաղվում է պանրի արտադրությամբ: Նա հանքի հետազոտման դեմ անզիջում պայքար է մղում:

Սեպտեմբերի 24-ին «Ջին Հոլդինգ  Լիմիթիդ»-ի ներկայացուցիչ Անուշավան  Ուլուխանյանը փորձեց հավաքվածների մեջ համախոհների ցուցակ կազմել: Դա հանդիպեց հավաքվածների կոշտ դիմադրությանը: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա հայտնեց, որ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի բաժնետեր է նաև ինքը: 

Օրվա վերջում գյուղացիներին աջակցելու համար Ուռուտ ժամանած բնապահպանները Լոռի Բերդի համայնքապետարանում հանդիպեցին համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Վերջինիս կարծիքով՝ հանրային երրորդ լսման չկայացած լինելու մասին արձանագրության հետ պետք է ներկայացնել լսումներին դեմ գյուղացիների ցանկը, ինչին առարկեցին բնապահպանները: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բնապահպանների ու լրագրողների հեռանալուց հետո «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Անուշավան Ոլուխանյանը Ուռուտում ստորագրություններ է հավաքել՝ հանքավայրի  լեռնահետախուզական աշխատանքների հանրային նոր լսումների համար:  

https://civilnet.am/news/607349/%D5%AC%D5%B8%D5%BC%D5%AB%E2%80%A4-%D5%B8%D6%82%D5%BC%D5%B8%D6%82%D5%BF%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B9%D6%84%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D5%A9%D5%A5%D5%B2%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB-%D6%87-%D5%B7%D5%B6%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%B6-%D5%A7/

Ուռուտի շրջակա միջավայրում քրոմի սահմանային պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ալավերդու «Համայնքերի համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ուռուտցիներին ներկայացրեց  Չեխիայի «Արնիկա»  կազմակերպության՝ ամիսներ առաջ Արմանիսում և Ուրասարում վերցրած փորձանմուշների հետազուտությունների արդյունքները: Արմանիս և Ուրասար բնակավայրերի շրջակա միջավայրում քրոմի սահմանային պարունակությունը գերազանցել է ավելի քան 10 անգամ` միջինը կազմելով 69,2 միկրոգրամ/կգ: Դուլգարյանը նշեց, որ թույլատրելի  սահմանները գերազանցում են նաև արսենի, կադմիումի, մոլիբդենի և այլ ծանր մետաղների պարունակությունը: 

Դեռ 2019թ. Չեխիայի շրջակա միջավայրի փորձագետ, բժիշկ Միրոսլավ Շուտան ալավերդցիներին բացատրում էր, որ կադմիումը ախտահանում է մարդու իմունային համակարգը, շագանակագեղձը և ոսկորները, ազդում է նաև արյան ճնշման վրա, իսկ քրոմի որոշ միացություններ քաղցկեղածին են: 

Լարիսա Փարեմուզյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում