Վրաստանում ընտրատեղամասերի 99 տոկոս ձայների հաշվարկի արդյունքով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջատարն է շաբաթ օրը երկրում անցկացված տեղական ընտրություններում։ Կուսակցությունը 47 տոկոս համամասնական ձայն է ստացել ամբողջ երկրում:
Սա նրանց վեր է դնում խորհրդանշական 43 տոկոս շեմից։ «Վրացական երազանքը» ապրիլին ստորագրած, իսկ հետո մերժած համաձայնագրով խոստացել էր հաջորդ տարի խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե այս ընտրություններում չստանար ընտրողների ձայների 43 տոկոսը: Չնայած համաձայնագրից «Վրացական երազանքի» հրաժարվելուն՝ ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները հանրաքվե էին նոր ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ:
«Միասնական ազգային շարժումը» 31 տոկոսով երկրորդն է, որին հաջորդում է նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 8 տոկոսով:

Շաբաթ օրը տեղական ինքնակառավարման մարմինների (սակրեբուլո) և 73 մունիցիպալիտետների ու ամբողջ երկրի հինգ ինքնակառավարվող քաղաքների քաղաքապետերի ընտրություններում ընտրական տեղամասերը փակվել են ժամը 20: 00-ին:
Չնայած «Վրացական երազանքը» կարծես մեծ հաղթանակ է տանում ամբողջ երկրի կտրվածքով՝ այն խնդիրներ ունի խոշոր բնակավայրերում: Ինքնակառավարվող բոլոր հինգ քաղաքներում երկրորդ փուլ է լինելու «Միացյալ ազգային շարժման» և «Վրացական երազանքի» միջև:
Քութայիսում և Բաթումում «Միացյալ ազգային շարժման» քաղաքապետի թեկնածուներ Խաթիա Դեկանոիձեն և Գեորգի Կիրտաձեն փոքր առավելություն են պահպանում: «Վրացական երազանքը» առաջատարն է Փոթիում և Ռուսթավիում։
Մայրաքաղաք Թբիլիսիում գործող քաղաքապետ Կախա Կալաձեն՝ «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարը, 45/34 տոկոս հարաբերակցությամբ առաջ է «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայից:

«Իհարկե, մեզ համար հատկապես ցավալի է, որ Թբիլիսիում երկրորդ փուլ է պահանջվելու, բայց ակնհայտորեն մենք չենք կասկածում, որ Կախա Կալաձեն վերջնական հաղթանակ կտանի այս ընտրություններում»,- կիրակի հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Վրացական երազանքը», հավանաբար, մտադիր է լիակատար հաղթանակ տանել 44 համայնքներում (մունիցիպալիտետներում) քաղաքապետի ընտրություններում, իսկ մնացած 15-ում երկրորդ փուլ է լինելու:
Թեև «Վրացական երազանքի» թեկնածուները դրանց մեծ մասում առաջատար են, «Միացյալ ազգային շարժումը» առաջին տեղն է գրավել Զուգդիդիում, որտեղ կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի հայրը՝ Անզոր Մելիան, «Վրացական երազանքի» իր մրցակցից առաջ է 47/41տոկոս հարաբերակցությամբ, իսկ Ծալենջիխում «Միացյալ ազգային շարժման» թեկնածուն 41 տոկոս քվե է ստացել՝ ընդդեմ մրցակցի 37 տոկոսի:
Քվեարկությունից առաջ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դրամատիկ վերադարձն ու ձերբակալությունը փոքր ինչ մթագնեցին ընտրությունները։ Սաակաշվիլին Վրաստանում իշխանությունը չարաշահելու մեղադրանքով հեռակա կարգով դատապարտվել է մի քանի հոդվածներով։
Այս ընտրությունները տեղի են ունենում Վրաստանում մի շարք սկանդալներից հետո, որոնք վնաս են հասցրել իշխող կուսակցությանը և երկրի հարաբերությունները Արևմուտքի ու աշխարհի հետ տարել վերջին տարիների ընթացքում ամենացածր կետին:

Շաբաթ օրն ավելի վաղ ելույթ ունենալով Հարավային Վրաստանի Մառնեուլի քաղաքում՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հայտարարել է, որ Ամերիկան ուշադիր հետևում է քվեարկությանը:
«Ես շատ հարցումներ էի ստանում [...] Վաշինգտոնում իմ գործընկերներից, այդ թվում Պետքարտուղարությունից, Սպիտակ տնից, Կոնգրեսից․ նրանք նույնպես ուշադիր հետևում են»,- ասել է նա:
Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 52 տոկոս՝ նախորդ՝ 2017-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների 46 տոկոսի համեմատ։ 2020-ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասնակցությունը կազմել էր 56 տոկոս։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ 52 միջազգային առաքելություններից ներկա է եղել 1024 գրանցված դիտորդ, ընդ որում ամենաշատ ներկայացուցչությունը եղել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից:
Հաղորդումներ խախտումների մասին
Քվեարկության ընթացքում գրանցվել են մի շարք խախտումներ։
ԵԱՀԿ/Եվրոպայի խորհրդի/ԵՄ դիտորդների առաքելությունը կիրակի հայտարարել է, որ թեև ընտրությունները մրցակցային էին և ընդհանուր առմամբ լավ կառավարելի, քվեարկությունը «մթագնել են լայնորեն տարածված և հետևողական մեղադրանքները ահաբեկման, ընտրակաշառքի, թեկնածուների և ընտրողների վրա ճնշման և անհավասար խաղադաշտի մասին»:
Դա, նրանց կարծիքով, անհանգստություն է առաջացրել «ընտրողների՝ իրենց ձայնը առանց վրեժխնդրության վախի» տալու ունակության առումով, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ Վրաստանի» տեղական դիտորդական խումբը կիրակի հայտարարել է, որ նախընտրական իրադրությունը և ընտրությունների օրը «ցույց են տվել, որ կառավարությունը դեռևս չի բավարարում բարձր մակարդակի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքը»:
Առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան քվեարկել է «Վրացական երազանք» կուսակցության լոգոտիպով և 41» ընտրական համարով պաշտպանիչ դիմակով: ԿԸՀ մամուլի քարտուղար Նատիա Իոսելիանին ավելի ուշ հաստատել է, որ դա Ընտրական օրենսգրքի խախտում է, որն արգելում է քարոզչությունը ընտրությունների օրը:
Խնդիր էին նաև կուսակցական ակտիվիստները, հատկապես իշխող կուսակցությունից, որոնք կուտակվում էին ընտրատեղամասերի մոտ և գրանցում ընտրողների անունները։ Դա տեղի էր ունենում, չնայած ընտրողներին ահաբեկելը կանխելուն ուղղված նոր կանոններին, որոնք ընտրատեղամասից 100 մետր շառավղով արգելում են մարդկանց հավաքվելը:
«Միջազգային հանրություն՝ հանուն արդար ընտրությունների» (ISFED) կազմակերպությունը հաղորդել է ընտրատեղամասերի 20 տոկոսի դեպքում 100 մետր շառավղով «կասկածելի կուտակումների» մասին, ինչպես նաև մարդկանց մասին, որոնք ընտրողներին ուղեկցել են դուրս ընտրատեղամասերի 13 տոկոսի դեպքում:
«Վրացական երազանքի» մի քանի ակտիվիստներ նույնպես հարձակվել են լրագրողների վրա, երբ նրանց մեղադրել են նման պահվածքի մեջ, այդ թվում Բաթումիում, որտեղ իշխող կուսակցության անդամը, ըստ հաղորդումների, գողացել է «Պիրվելի» հեռուստաալիքի նկարահանող խմբի հեռարձակման համար նախատեսված սարքավորումները:
Բացի լրագրողների վրա հարձակումներից, տեղի են ունեցել բռնության մի քանի առանձին դեպքեր։ Դրանց թվում է Մառնեուլիի մերձակա գյուղում տեղի ունեցած միջադեպը, որտեղ Լեյբորիստական կուսակցության անդամը դանակահարվել է, ենթադրաբար՝ «Վրացական երազանքի» անդամի կողմից:
Մի քանի հաղորդում է ստացվել նաև ընտրակաշառքի և կարուսելի քվեարկության մասին, երբ որոշ ընտրատեղամասեր մարդկանց խմբեր են տեղափոխվել բազմակի քվեարկության համար:
Ընտրատեղամասերի փակումից հետո Edison Research-ի գործադիր նախագահ Ռոբ Ֆարբմանը «Ֆորմուլա» հեռուստաալիքին հայտնել է, որ օրվա ընթացքում էքզիթ-փոլերի անցկացման ժամանակ իրենք բախվել են խոչընդոտների ընտրական մարմինների կողմից, որոշ դեպքերում՝ կուսակցության անդամների կողմից:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ Վրաստանը» ամենալուրջ խախտումների թվում նշել է Մառնեուլիի մունիցիպալիտետի 13-րդ ընտրատեղամասում կարուսելի հնարավոր քվեարկության, Դուշեթի մունիցիպալիտետի 1-ին ընտրատեղամասում ընտրակաշառքի դեպքի, դիտորդների աշխատանքը խոչընդոտելու կամ նրանց ճնշելու հինգ դեպքի և ընտրատեղամասերում քվեարկության գաղտնիության խախտման չորս դեպքի մասին:
Կիրակի Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրում ընտրախախտումների փաստով հարուցվել է 16 քրեական գործ:
Հոդվածը թարգմանված է OC MEDIA կայքից
Civilnet











