Գլխավոր Լրահոս

Արդյոք ինտրիգ կա՞ խաղաղապահ առաքելության կադրային փոփոխությունում

Արդյոք ինտրիգ կա՞ խաղաղապահ առաքելության կադրային փոփոխությունում

Գեղամ Բաղդասարյան

Ամենօրյա հագեցած լրահոսում կարծես թե երկրորդ պլան մղվեց սեպտեմբերի վերջի կադրային փոփոխությունը Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարությունում։

Հիշեցնեմ՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունեց գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Մուրադովը ներկայացրեց խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Անաշկինին:

Այս տեղեկատվության մեջ, թվում է, ինտրիգի նշույլ անգամ չկա, կարծեք թե սպասվող ու սովորական կադրային փոփոխություն է, կանոնակարգված ռոտացիա։ Բայց կա մի «բայց». Միխայիլ Կոսոբոկովը նշված պաշտոնում մնացել է ընդամենը… երկու շաբաթից քիչ ավել։

Ինչո՞ւ փոխեցին Կոսոբոկովին։ Եվ ինչո՞ւ նշանակեցին հենց Անաշկինին։

Տրամաբանորեն երկու հիմնական վարկած կարող է լինել։

Առաջինն այն է, որ ռուսաստանյան կողմը հաշվի է առել Կոսոբոկովի նշանակման բացասական արձագանքներն Ադրբեջանում և նոր նշանակմամբ փորձել է լիցքաթափել ավելորդ լարվածությունը։ Կոսոբոկովի նշանակումը, իրոք, դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում։ Ադրբեջանական մամուլում ի ցույց են դրել հետևյալ հանգամանքները՝ գեներալը մինչ այդ զբաղեցրել է Աբխազիայում տեղակայված 7-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնը, ապա եղել է ՌԴ Զինված ուժերի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալը։ Եթե նշենք, որ նշյալ համազորային բանակն է ներգրավված Հարավային Օսիայի պաշտպանության ամրապնդման գործում, ապա կարելի է հասկանալ, թե ադրբեջանական կողմի մոտ ինչպիսի կասկածներ են առաջացել նման նշանակման ենթադրյալ հեռանկարների ու ենթատեքստի շուրջ։

Ուշագրավ է, որ Կոսոբոկովն իր վճռական դիրքորոշմամբ անմիջապես գործի անցավ Արցախում։ Մաճկալաշեն գյուղի մոտ ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձն իսկույնևեթ կանխվեց, ադրբեջանցիները ստիպված եղան վերադառնալ ելման դիրքեր։ Դրանից կարճ ժամանակ անց նրան փոխարինեցին։

Վերոնշյալ տրամաբանության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահը շատ զգուշորեն, բայց, այնուամենայնիվ, «տակառներ էր գլորում» խաղաղապահ առաքելության ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով առաքելության գործունեությունը՝ նա, միևնույն ժամանակ, ասում էր, որ դեռ հարցեր կան։ Խոսքը հիմնականում օտարերկրյա քաղաքացիների այցելությունների մասին է․ Բաքուն պահանջում է, որ դրանք լինեն միայն իր թույլտվությամբ։

Հենց այս ամենը նկատի ունենալով՝ թվում է, որ կադրային նշյալ փոփոխությունը տեղավորվում է վերոնշյալ իրողությունների շրջանակում։ Բայց այստեղ կա ավելի մեծ «բայց», որն էլ ի չիք է դարձնում վերոնշյալ տրամաբանությունը։ Բանն այն է, որ խաղաղապահ առաքելության նորանշանակ հրամանատարն ադրբեջանական կողմի անհանգստությունների ու մտահոգություների համար ավելի «հարմար» կենսագրություն ունի, և ինչպես արցախցի գործընկերս է ասում՝ «ավելի կրուտոյ է»։ Նա մասնակցել է չեչենական առաջին և երկրորդ պատերազմներին ու խմբավորման հրամանատար է եղել Ցխինվալի համար մղվող մարտերում, նաև գլխավորել է օդադեսանտային գումարտակը Բոսնիայում և Հերցեգովինայում։ Անաշկինը ՌԴ հերոս է և այդ կոչումը ստացել է 2008-ին՝ Հարավային Օսիայում և Վրաստանում մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար՝ որպես օդադեսանտային գնդի հրամանատար:

Ուրեմն, նույնքան էլ հիմք կա մտածելու, որ ռուսաստանյան կողմը, մեղմ ասած, հաշվի չի առել ադրբեջանական դժգոհությունները և հասկացնել է տվել, որ ադրբեջանական կողմի համար խոհեմ կլիներ չջղաձգվել նոր նշանակումների կապակցությամբ, քանի որ դա հակառակ էֆեկտն է տալիս։ Այս վարկածի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ Բաքուն, դատելով ադրբեջանական մամուլից, Անաշկինի նշանակումը կարծես թե ավելի «ըմբռնումով» ընդունեց։

Բայց արդյոք այս վարկածը միանշանակ վստահարժա՞ն է։ Դժվար է ասել։ Ինքս, համենայն դեպս, սպասում էի Պուտին - Էրդողան հանդիպմանը սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում, ակնկալելով, որ դրանից հետո նաև այս հարցում փոքրիշատե բավարար հիմք կլինի ենթադրությունների ու եզրակացությունների համար։ Բայց այս հանդիպումից հետո էլ միանշանակություն չեղավ։

Ռուս-թուրքական համագործակցությունը փորձագետները որակում են որպես մրցակցային համագործակցություն։ Իսկ սա նշանակում է, որ կողմերն առանձին «դոսյեներ» են պահում՝ թե՛ համագործակցության և թե՛ մրցակցության համար, հիմքեր ստեղծելով թե՛ մեկի և թե՛ մյուսի համար։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններն էլ ածանցյալ են այդ համագործակցային մրցակցությունից։ Ըստ այդմ էլ, Արցախում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հրամանատարի փոփոխությունը Ռուսաստանը դրել է համապատասխան «դոսյե»-ում։ Առաքելությունից իր զգուշավոր դժգոհությունն էլ Ադրբեջանն է դրել իր, կներեք՝ Թուրքիայի համապատասխան «դոսյե»-ում։ Մրցակցային համագործակցությունը բարդ ու ամենակարևորը՝ շարունակական գործընթաց է։

Բայց կա նաև երրորդ վարկածը։ Չի բացառվում, որ նոր նշանակումն անմիջական առնչություն չունի մեր հակամարտության և դրա կարգավորման հետ։ Հնարավոր է՝ այն բխում է կադրային-աստիճանակարգային տրամաբանությունից և անհրաժեշտ էր Կոսոբոկովի պաշտոնեական առաջխաղացման համար։

Բայց չի բացառվում նաև, որ այս երեք վարկածներն իրենց հերթին են մրցակցային համագործակցության մեջ։ Այնպես որ, ինտրիգ և՛ կա, և՛ չկա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում