Գլխավոր Լրահոս

Արժանապատիվ մարդն այսօր փակուղում է հայտնվել. Սերգեյ Լոզնիցա

Արժանապատիվ մարդն այսօր փակուղում է հայտնվել. Սերգեյ Լոզնիցա

9-րդ «Ոսկե ծիրան»-ի հյուրերի թվում էր հայտնի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան, որը երկու տարի առաջ գրավեց կինոաշխարհն իր ստեղծած առաջին իսկ ֆիլմով: 2010թ․ Լոզնիցայի «Իմ երջանկություն»-ը մասնակցեց Կաննի փառատոնի հիմնական մրցույթին, իսկ «Ոսկե ծիրան»-ին արժանացավ երկրորդ մրցանակի: Ռեժիսորի հաջորդ` «Մշուշում» դրաման Կաննում ստացավ «Ֆիպրեսի» մրցանակը: Այս տարի «Մշուշում»-ը մասնակցեց «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթին և հաղթող ճանաչվեց: ՍիվիլՆեթ-ը Սերգեյ Լոզնիցայի հետ զրուցել է խաղարկային և վավերագրական կինոյի առանձնահատկությունների, ինչպես նաև մարդկային արժանապատվության մասին:  

-Դուք տիտղոսակիր դոկումենտալիստ եք: Ձեր վավերագրական ֆիլմերը մի շարք պատվավոր մրցանակների են արժանացել: Ինչպե՞ս պատահեց, որ անցաք խաղարկային կինոյի:

-Կողքից նայելիս թվում է, թե ինչ որ բան պատահել է, բայց իրականում ես ավարտել եմ խաղարկային կինոյի բաժինը` Նանա Ջորջաձեի և Իրակլի Կվիրիկաձեի արվեստանոցում: Այնպես է ստացվել, որ խաղարկային կինո նկարելու հնարավորություն ինձ վերջերս է ընձեռվել: Եվ դա զարմանալի չէ՝ ո՞վ պիտի լուրջ գումարներ վստահեր անծանոթ, անհայտ մեկին:

-Ինչո՞վ է տարբերվում վավերագրական կինոյի աշխատանքը խաղարկայինից, անցումը դժվար չէ՞ր:  

-Որոշակի առումով տարբեր է: Կինոլեզվի տեսնակյունից որևէ տարբերություն չկա՝ խաղարկային կինո ես նկարում, թե վավերագրական: Իսկ նյութի, նկարահանման ընթացքի տեսանկյունից՝ տարբերություն, իհարկե, կա: Վավերագրական կինոյում մի շարք խնդիրներ կան, այդ թվում էթիկական․ ես ամեն բան չեմ կարող ցույց տալ վավերագրական ֆիլմում, սահմանափակումներ կան: Ֆորմալ իմաստով ևս մեծ է տարբերությունը` վավերագրական ֆիլմում ինձ հետ աշխատում է երկու-երեք մարդ, իսկ խաղարկային կինոյում նկարահանման խումբը ավելի քան 70 հոգուց է բաղկացած:

-Ի՞նչպես է անցնում Ձեր վերաորակավորումը, հարմա՞ր եք Ձեզ զգում խաղարկային կինոյի ռեժիսորի դերում:

-Գիտեք, երբ առաջին անգամ մեքենայի ղեկին նստեցի, ինձ կարծես տանը զգացի, կարծես ամբողջ կյանքս մեքենա եմ վարել: Նույնը տեղի ունեցավ նաև այս դեպքում` սկեսեցի նկարել ու հասկացա, որ դրա համար եմ ծնվել: Իրականում երկու ժանրում էլ ինձ շատ ազատ եմ զգում:

-Հնարավո՞ր է՝ բոլոր այն հաջողություններից հետո, որ Ձեր երկու խաղարկային ֆիլմերն ունեցան, դադարեք վավերագրական կինո ստեղծել:

-Ի դեպ՝ վերջերս եմ ավարտել վավերագարկան մի ֆիլմ՝ «Սուրբ Անտոնիոյի հրաշքը», որն ամբողջությամբ ես եմ պատրաստել` և´ ռեժիսորն էի, և´ օպերատորը, և´ մոնտաժողը: Այն 40-րոպեանոց ֆիլմ է։ Պորտուգալիայում, որտեղ այն նկարել եմ, գոյություն ունի տոն, որի ընթացքում Տեր հայրն օրհնում է սկզբում մարդկանց, հետո կենդանիներին` կովերին, այծերին և այլն: Մեծ, գեղեցիկ, գունեղ տոն է: Մի քանի օր առաջ Պորտուգալիայում կայացավ ֆիլմի պրեմիերան, հենց այնտեղից էլ եկա Երևան: 

-Կարծիք կա, որ կինոն քարոզչության լավագույն գործիքներից է: Համաձա՞յն եք այդ մտքի հետ:

-Բացարձակ համաձայն չեմ: Մարդիկ են քարոզչությամբ զբաղվում, ոչ թե արվեստը: Հարցն այն է, թե ինչու եք ֆիլմը ստեղծում: Քարոզչությունը սկսվում է, երբ հատուկ նպատակներ եք հետապնդում, որոնք արվեստի համատեքստից դուրս են: Օրինակ, երբ ցույց եք տալիս, որ մեր ռազմիկները հայտնի են ամբողջ աշխարհում: Այսինքն, երբ փորձում եք ձեզ հայտնի միտքը հենց այդ կերպ փոխանցել հանդիսատեսին: Երբ ես սկսում եմ աշխատել ֆիլմի վրա, ես անհայտ ճանապարհ եմ ընկնում...

-Հաշվի առնելով համաշխարհային գրական հարուստ ժառանգությունը՝ ռեժիսորի և սցենարիստի ընտրության հնարավորությունը գրեթե անսահմանափակ է․ ինչո՞վ է Ձեզ գրավել Վասիլի Բիկովի պատմվածքը:

-Նրանով, ինչ այնտեղ կա: Նա նկարագրում է իրավիճակ, որում մարդը հասարակության մասնիկ լինելու պատճառով փակուղում է հայտնվում:  Նրա՝ փակուղում հայտնվելու գլխավոր պատճառն էլ այն է, որ նա արժանապատիվ մարդ է: Ստացվում է, որ նա, իբրև արժանապատիվ մարդ չի կարող ապրել կամ կարող է, բայց արդեն որպես արժանապատվությունը կորցրած մարդ: Ի՞նչ եք կարծում՝ խնդիրն ակտուալ չէ՞:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է առանձնանում «Ոսկե ծիրանը»։ 

-Նրանով, որ այն Երևանում է: Այստեղ արև է, տաք: Ես չէի կարող այստեղ չգալ, միշտ մեծ հաճույքով եմ գալիս, որովհետև այստեղ մարդկային ջերմություն կա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում