Հոկտեմբերի 10-ին կայացել են Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունները Ասկերանի շրջանի Ծաղկաշատ, Խաչմաչ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր համայքներում։
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել են նախնական արդյունքները։ Բոլոր համայքներում էլ հաղթում են պաշտոնակատարները։ Չորս համայքներից միայն երկուսում են անցկացվել մրցակցային ընտրություններ, մյուս երկու համայնքում գրանցվել են մեկական թեկնածուներ։
Ասկերանի Ծաղկաշատ համայնքում երկու անկուսակցական թեկնածուներից ամենաշատ ձայները ստացել է անկուսակցական Սուրեն Սարգսյանը։ Ասկերանի շրջանի մյուս` Խաչմաչ համայնքում երկու գրանցված թեկնածունեից ամենաշատ քվեները ստացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Մխիթար Ղահրիյանը։ Նոր Ղազանչի համայնքում գրանցված միակ թեկնածու՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Ռուսլան Առուստամյանը 68 ձայն է ստացել։ Հերհեր համայնքի ղեկավարի համար գրանցված միակ թեկնածու, անկուսակցական Արման Առստամյանը 139 քվե է ստացել։
Փաստորեն այն չորս համայքներում կուսակցական ղեկավարները ավելացել են. նախորդ ընտրությունների արդյուքնով չորս համայնքից միայն Խաչմաչի գյուղապետն է եղել «Ազատ Հայրենիքից»:
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ տարբեր պատճառներով են այդ համայնքներում ընտրություններ անցկացվում․ «Օրինակ, համայնքներից մեկում ղեկավարը իր դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից։ Պաշտոնակատարներ էին նշանակվել այդ համայնքներում։ Որոշման մեջ գրված է, թե որ դեպքում են հերթական ընտրություններ կազմակերպվում։ Այս ըտնրությունները տարբերվում են և՛ հերթական ընտրություններից, և՛ արտահերթ ընտրություններից»։
Օգոստոսի 12-ին նախագահի հաստատմամբ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունների օր են նշանակել 2021 թվականի հոկտեմբերի 10-ը:
Ըստ Արցախի Ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի՝ հանրապետության նախագահի հրամանագրով ռազմական դրության ժամանակ ընտրություններ չանցկացնելու հիմքը վերանալուց ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական դրության պատճառով տեղի չունեցած՝ տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ:
Չորս համայնքներից մեկում՝ Ծաղկաշատում, համայնքի ղեկավարից բացի ընտրել են նաև համայնքի ավագանուն։
Տեղեկացնենք, որ Հերհեր համայնքի ղեկավար զինվորական թոշակառու, կոչումով մայոր Էռնեստ Բաղիշյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ինչպես մեզ հաղորդեցին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ մնացած բոլոր համայնքի ղեկավարները հրաժարական են տվել տարբեր պատճառներով․ օրինակ, Մարտակերտի Նոր Ղազանչի համայնքի նախկին ղեկավարը առողջական խնդիրներ ուներ։ Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների վերջին հերթական ընտրությունները տեղի են ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։
Ընտրական գործընթացները հսկել է «Ականատես» դիտորդական առաքելությունը երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։ Այն արձանագրել է, որ դիտորդական առաքելության կազմակերպումն ու ընթացքը եղել են սահուն, առանց խոչընդոտների։ Դիտորդներն արժանացել են բարյացակամ վերաբերմունքի ինչպես ընտրական հանձնաժողովների, այնպես էլ՝ այլ դերակատարների կողմից։ Ընտրական գործընթացները հիմնականում համապատասխանել են ԱՀ ընտրական օրենսգրքի նորմերին և միջազգային ստանդարտներին։ Դիտարկված մի քանի աննշան խախտումները հիմնականում պայմանավորված են եղել տեղամասային հանձնաժողովների անդամների՝ ընտրական օրենսդրությանը ոչ լիարժեք տիրապետմամբ։
Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ
Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի
Civilnet











