Գլխավոր Լրահոս

Ադրբեջան. ո՞ւր է մեկնել կրկեսը

Ադրբեջան. ո՞ւր է մեկնել կրկեսը

Куда уехал цирк? Ժամանակին այսպիսի մի երգ կար շատ տարածված։ Այն հիշեցի՝ ադրբեջանական քաղաքական գործիչներից մեկի կլոունադայի մասին կարդալով։ «Կլոուն» ես չեմ պիտակել նրան, այսպես են նրան անվանում Ադրբեջանի իրական, ոչ կեղծ ընդդիմադիր շրջանակներում։

Օրերս արցախցի լրագրող Կիմ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր մի գրառմամբ տեղեկացրեց, որ Ադրբեջանի իբր թե ընդդիմադիր գործիչ Հաֆիզ Հաջիևը ցանկություն է հայտնել առաջադրվելու Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում: Լրագրողի փոխանցմամբ՝ կարևոր հատկանիշը, որ նրան մղում է Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին…հայերենի իմացությունն է: «Ուշագրավ է,- նշում է Գաբրիելյանը,- որ այս կարիերիստ մաշադին քաջատեղյակ է, որ Ստեփանակերտը հայկական քաղաք է, և Արցախի Հանրապետությունում պաշտոնավարելու համար հայերենի իմացությունն ի թիվս այլ պահանջների` պարտադիր է»:

Գործընկերոջս ասածին հավելեմ, որ կլոունը նաև այսպես է ներկայացրել իր մտադրությունը՝ «Նախագահի աշխատակազմի ղեկավար Ադալաթ Վալիևի հետ մենք քննարկեցինք իմ ՝ Խանքենդիի քաղաքապետ լինելու հարցը, և ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն»:

Մեր ոչ այնքան իրազեկ ընթերցողներին ներկայացնեմ նշյալ սուբյեկտին։ Սովորական աֆերիստ է, որը տնտեսական հանցագործությունների համար ձերբակալվել է, 1996-1999 թվականներն անցկացրել բանտում և ապա ազատվել՝ իշխանությունների հետ համագործակցելու պայմանով։ Ի դեպ, դատապարտվել է հայտնի խռովարար Սուրեթ Հուսեյնովի տված ցուցմունքների հիման վրա։

Հաջիևը ֆեյք ընդդիմադիր, իրականում իշխանամետ ու իշխանության կողմից քանիցս օգտագործված «Մուասիր Մուսավաթ» («Ժամանակակից Մուսավաթ») կուսակցության նախագահն է և մի քանի անգամ մասնակցել է այս երկրի նախագահական ընտրություններին։ Սակայն նա առավել հայտնի է ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթում հայկական արմատների որոնման և դրա մասին սենսացիոն հայտարարություններով։ Ըստ կլոունի՝ Ադրբեջանի իշխանավորների մոտ կեսը հայեր են։ Սույն սուբյեկտը նաև հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում Ադրբեջանի մայրաքաղաքը կտեղափոխի Ստեփանակերտ։ Հետաքրքիրն այն է, որ Հաջիևը ծնվել է Հայաստանում՝ Վարդենիսի շրջանի Զոդ գյուղում՝ 1956-ին։ 

2013-ի նախագահական ընտրություններում նա ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիին մեղադրել է հայերի հետ ազգակցական կապեր ունենալու մեջ՝ իբր վերջինիս փեսան հայ է։ Ու կոչ է արել «ոչնչացնել հայի աներոջը»։ Հասանլին էլ հիշեցրել է, թե ինչպես էր «կլոունը» 1996-ին պնդում, թե Հեյդար Ալիևի մայրը հայ է, իրականում ինչի համար էլ նրան ձերբակալել են։ 

2018-ին նախագահի «ընդդիմադիր» թեկնածու կլոունը ընտրություններում քվեարկել է Իլհամ Ալիևի օգտին։ Այս առիթով իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում սրամիտ գրառում էր արել. «Հաֆիզ Հաջիևը գնացել է քվեարկության ու ձայնը տվել Իլհամ Ալիևին։ Դե ինքն է էդպես ասում։ Եթե պարզվի, որ Հաֆիզը մի ձայն է ստացել այս ընտրություններում, ապա կամ Իլհամ Ալիևն է փոխադարձաբար նրա օգտին քվեարկել, կամ Հաֆիզը խաբել է լրագրողներին՝ ասելով, թե ձայնը տվել է Իլհամին»։ Այսինքն՝ որ ընդամենը մի քվե է լինելու մեր սուբյեկտի օգտին։ Տոնոյանն, իհարկե, ծաղրել է։ Իրականում Հաջիևը 2013-ին հավաքել է քվեների 0,65 %-ը իսկ 2018-ին՝ 1,51%-ը։ Կլոունադայի սիրահարներ այնտեղ դեռ կան։

Ի դեպ, 2018-ին Հաջիևի մայրը քվեարկել է ոչ թե սեփական որդու, այլ Ալիևի օգտին։ Ինքը՝ Հաջիևը, այսպես է մեկնաբանել դա. «Հաշվի առնելով մորս տարիքը (նա 85 տարեկան է), քվեատուփը տարել են տուն, և մայրս ձայնը տվել է ոչ թե որդուն, այլ Իլհամին, քանի որ տարբերություն չի դնում իր որդիների միջև»։ Մի խոսքով, թունդ ընդդիմադիր է Հաֆիզը։

Մի «քաջագործություն» էլ ունի այս սուբյեկտը։ 2013-ին նա տեղեկացրել է, որ իր ղեկավարած կուսակցության ժողովը որոշել է «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի ականջը կտրողին պարգեւատրել 10 հազար մանաթով: «Նրանք, ովքեր ազատություն են տալիս Հաֆիզ Հաջիեւների նմաններին, խորտակում են ադրբեջանական ժողովրդի բարոյականությունը»,- այդ առիթով հայտարարել է Այլիսլին։

Վերջում կրկին անդրադառնամ արցախցի լրագրողի գրառմանը։ Կիմ Գաբրիելյանը կատակով առաջարկել է. «Ի դեպ, ես տանելի ձևով ադրբեջաներեն գիտեմ և նույն այս սկզբունքով կարող եմ առաջադրվել Բաքվի քաղաքապետի պաշտոնում: Բարեբախտաբար, թե դժբախտաբար` մերձկասպյան այդ տերության օրենսդրությամբ Բաքվի քաղաքապետի պաշտոնն ընտրովի չէ, նրան նշանակում է երկրի մանրասուլթան նախագահը: Այս հարցում հաստատ երկուսիս բախտը չբերեց: Ես բնավ հավես չունեմ սպասելու Բաքվում ժողովրդավարության անհնարին հաղթանակին, իսկ Հաջիևն էլ Արցախի Հանրապետության օրենսդրությունը յուրացնելու բարդ խնդիր ունի: Քվի՛թ»:

Բայց, այնուամենայնիվ, ու՞ր է մեկնել կրկեսը։ «Куда ушли слоны, в какие города?» Փղերը՝ չգիտեմ, բայց մի ոչխար հաստատ մոլորվել է ճամփից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում